Լրահոս
Օրվա լրահոսը

Այս անգամ լուրջ են դիտելու

Փետրվար 28,2007 00:00

Վստահ է ԱԺԿ նախագահ, ԱԺ պատգամավոր Շավարշ Քոչարյանը

– Արդեն հայտնի է, որ ԱԺ նախագահը հրավերներ է ուղարկել եւ Եվրոպայի Խորհրդարանական վեհաժողովին, եւ ԵԱՀԿ-ին, եւ միջազգային այլ դիտորդների՝ մասնակցելու Հայաստանում տեղի ունենալիք խորհրդարանական ընտրություններին: Ձեր կարծիքով, ի՞նչ կտա դիտորդների մասնակցությունն այս անգամ:

– Նախ արձանագրեմ մի պարզ եւ հայտնի ճշմարտություն, որ երբեք դիտորդները չէ, որ պետք է ապահովեն մեր երկրում արդար ընտրությունները: Իհարկե, եւ միջազգային կառույցների, եւ եվրոպական դիտորդական առաքելությունների զսպող դերն ակնհայտ է: Բայց դա ընդամենը զսպող է, հիմնականը պետք է ներսից գա: Վերջերս հրավիրված լինելով Եվրոպայի Խորհուրդ՝ հանդիպումներ եմ ունեցել բոլոր ազդեցիկ դեմքերի հետ: Պետք է ասեմ, որ Հայաստանի ընտրությունների հանդեպ շատ մեծ ուշադրություն կա, եւ պատահական չէ, որ բանաձեւում արձանագրված է, որ Հայաստանը, դառնալով Եվրոպայի Խորհրդի անդամ, առ այսօր չի կարողացել հաղթահարել արդար ընտրությունների շեմը, եւ որ եւս մեկ՝ հին ավանդույթով ընտրությունները կառաջացնեն շատ լուրջ խնդիրներ Հայաստանի համար: Ես կարող եմ առնվազն մեկ փաստ բերել որպես ապացույց, որ մեր ընտրությունների հանդեպ այս անգամ ուշադրությունն աննախադեպ մեծ է: Բացառիկ դեպք է, երբ Եվրոպայի Խորհուրդը, որը չունի համապատասխան ֆինանսական ռեսուրսներ, հնարավորություններ, որոնք ունի ԵԱՀԿ-ն, դիտորդական առաքելություն ուղարկի մեկ ամիս առաջ:

– Իսկ ի՞նչ հետեւանքներ կունենան, միշտ էլ դիտորդներ եղել են, եւ միշտ եղել է այն՝ ինչ եղել է:

– Այդպես մի ասեք, անհաջող հետեւանքներն այս անգամ շատ ավելի լուրջ կարող են լինել: Դա վերաբերում է նախ «Եվրամիության հարեւանության» ծրագրին, որի նկատմամբ իշխանությունները շատ ուշադիր են: Հաջորդը «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագիրն է: Վաշինգթոնից բազմիցս հնչել է, որ եթե Հայաստանում այս ընտրությունները չբավարարեն միջազգային չափանիշներին, ապա վտանգված է այդ ծրագրով գումարների տրամադրումը: Հաջորդը, որը կարծում եմ չափազանց վտանգավոր է Հայաստանի համար՝ տարածաշրջանային մեկուսացումն է, եւ դա վերաբերում է բոլոր ձեւերին՝ հաղորդակցություն, տնտեսական եւ ներքաղաքական մեկուսացում: Այդ մեկուսացումից ելքը էապես կախված է մեր ընդհանուր ինտեգրումից: Եթե մենք չկարողանանք նորմալ ընտրություն անցկացնել, դա կնշանակի մեկուսացում նաեւ եվրոպական կառույցների կողմից: Իսկ դա ուղղակի մահացու կլինի:

– Հնարավո՞ր է, որ այդ բոլոր վտանգները հաշվի են առնում նաեւ իշխանությունները, քանի որ գաղտնիք չէ, որ ազատ եւ արդար ընտրությունների մասին այսօր իշխանական ճամբարում ավելի շատ են խոսում:

– Իշխանությունները միշտ էլ այդ կարգի հայտարարություններ արել են, եւ թե ինչ է եղել՝ մենք գիտենք, ուղղակի խնդիրն այն է, որ, այնուամենայնիվ, պետք չի հալած յուղի տեղ ընդունել այդ հայտարարությունները, բայց եւ պետք չի թերագնահատել այն գործոնները, նաեւ արտաքին, որոնք պարտադրում են, որ Հայաստանը գնա արդար ընտրությունների: Այսօր արդեն բոլորի համար ակնհայտ է, որ նախագահը երրորդ ժամկետի չի գնալու:

– Ինչի՞ց է ակնհայտ:

– Շատ պարզ պատճառով, որովհետեւ Հայաստանը չունի այն ազատության աստիճանը, որ իրեն թույլ տա այդպիսի քայլ: Ամբողջ Միջին Ասիան է այդ ճանապարհով գնացել, նաեւ՝ Լուկաշենկոն, իսկ Հայաստանի համար այդ ճանապարհը հակացուցված է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել