Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրատեսիլյան ընկալումը սաղմնային վիճակում է»

Ապրիլ 30,2007 00:00

Եվրատեսիլագետ Մուրզիկի կարծիքով, ի տարբերություն եվրոպական երկրների, Հայաստանում դեռ շատ ջրեր պիտի հոսեն:

Ավելի քան կեսդարյա պատմություն ունեցող «Եվրատեսիլ» մրցույթի առիթով վաղուց գործում են տարբեր ակումբներ, որտեղ մրցույթներն իրարից բաժանող մեկ տարի ժամանակահատվածի ընթացքում լինում են կանխատեսումներ, վերլուծություններ: Նույնիսկ ասպարեզ են եկել նեղ մասնագետներ, որոնց անվանում են եվրատեսիլագետներ:

«Առավոտը» պարզեց, որ մեզանում նման մասնագետ առայժմ մեկն է՝ գործիքավորող, երգահան Արա Թորոսյանը (Մուրզիկը):

– Հայաստանում «Եվրատեսիլի» մասին խոսվում է ԶԼՄ-ներում եւ Հ1-ի հրավիրած ասուլիսներում: Ժամանակը չէ՞ այլ երկրների օրինակով մեզ մոտ էլ բացվեն համապատասխան ակումբներ, արվեն կանխատեսումներ եւ այլն:

– Այս մրցույթը մեզ մոտ դեռ սաղմնային վիճակում է: Օրինակ, անցյալ տարի մրցույթ՝ որպես այդպիսին, չհայտարարվեց եւ երկարատեւ բանավեճերից հետո Անդրեի հայտնվելը լավագույն տասնյակում, համաձայնեք, հաղթանակ էր մեր երկրի համար: Ես՝ որպես երաժիշտ, գործիքավորող, կարող եմ վստահորեն հավաստիացնել, որ Հունաստանի, Իսպանիայի, Թուրքիայի եւ այլ երկրների երգերի գործիքավորումը նույն կառուցվածքն ունեին, ինչ որ Արմեն Մարտիրոսյանի եւ Քաթրին Բեքյանի «Առանց քո սիրո» երգը: Սա նշանակում է, որ Անդրեի երգի շուրջ ընթացող տարբեր խոսակցություններն անհիմն էին: Տեսնո՞ւմ եք, որ այս տարի անմակարդակ բանավեճեր չկան, Հայկոյի երգի մասին խոսում են մասնագետները եւ ոչ թե պատգամավորները, որոնց մեծամասնությունը Անդրեի երգը թուրքական էր որակում, սակայն իրենց ավտոմեքենաներում թուրքական երաժշտություն էր լսում:

– Շոու-բիզնեսի շատ ներկայացուցիչներ մտածում են՝ եթե երգը աշխույժ է, ապա շահեկան է, եթե դանդաղ՝ ուրեմն ոչ շահեկան: Ի՞նչ կարծիքի եք Հայկոյի լիրիկական երգի մասին:

– Հելսինկի է մեկնում մի երգիչ, որն արդեն տարիներ շարունակ ունի իր հաստատուն ոճը, անհատականությունը: «Եվրատեսիլի» մրցույթներին ժամանակին հաղթել են ե՛ւ աշխույժ երգերը, ե՛ւ, օրինակ՝ բալլադները: Հայկոն էլ «բալլադային» երգիչ է: Երգչի եւ երգի ընտրությունը միանշանակ ճիշտ է: Այնպես որ, մեկնելու ենք Հելսինկի` փափագով, որ կհայտնվենք առաջին հորիզոնականներում:

– Ասում են՝ «Եվրատեսիլը» 1956թ. հիմնած 7 երկրները՝ Շվեյցարիան, Նիդեռլանդները, Բելգիան, Գերմանիան, Ֆրանսիան, Լյուքսեմբուրգը եւ Իտալիան իրենց ազդեցությունն են ունենում մրցույթի արդյունքների վրա: Անգամ օտարերկրյա մամուլում, այն բանից հետո, երբ «բենզալցակայանների դուստրը»՝ ինչպես անվանում են Ալսուին, գրավեց երկրորդ տեղը, գրվեց, որ Ռուսաստանը երբեք առաջինը չի լինի:

– Ուզում եք ասել, որ Ալսուի մեծահարուստ հայրը կարող էր գնե՞լ SMS-ներ: Միանշանակ չեմ կարող ասել՝ նման բան կատարվո՞ւմ է, թե՞ ոչ: Մի բան է հաստատ՝ «Եվրատեսիլը» քաղաքականացված միջոցառում է: Ես էլ ինձ համար կանխատեսում եմ արել՝ այո, ռուսները երբեք առաջինը չեն լինի պարզ պատճառով՝ Ռուսաստանը միշտ էլ Եվրոպան խառնող երկիր է հանդիսացել: Կազմակերպիչները վերջինիս «մոտ են թողնում»՝ ոչ առաջինը լինելու պայմանով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել