Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱՐՄԵՆՏԵԼԻ» ԿԱԶՄԱԿԵՐՊԱԾ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԸ

Ապրիլ 30,2007 00:00

\"\"Երեւանի Գլխավոր պողոտայում տեղակայված «Մալիբու» սրճարանի շրջակայքում գտնվող պուրակը երեկ լի էր «ԱրմենՏել» ընկերության աշխատակիցներով: Այսպիսով, ընկերությունը մեկնարկեց Երեւանում եւ հանրապետության մարզերում իր նախաձեռնությամբ րականացվող մաքրման եւ բարեկարգման աշխատանքները:

«ԱրմենՏելի աշխատակազմն իր պարտքը համարեց մասնակցել վերջերս մեկնարկած «Մաքուր կենտրոն» ակցիային, քանի որ մենք գրասենյակներ ու մասնաշենքեր ունենք Երեւանի յուրաքանչյուր համայնքում եւ Հայաստանի բոլոր մարզերում»,- ասաց «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի տնօրեն Հասմիկ Չութիլյանը: Ընկերության ադմինիստրատիվ, կոմերցիոն, տեխնիկական բաժինների շուրջ 50 աշխատակիցներ երեկ ժրաջանորեն մաքրեցին պուրակը՝ տարածքը աղբահանեցին, լվացին: «ԱրմենՏելի» աշխատակիցները, որոնց շարքում էին նաեւ ընկերության կարգավորման գծով տնօրեն Հայկ Սպարամազյանն ու մարքեթինգի գծով տնօրեն Արմեն Սիմոնյանը, շաբաթօրյակին մասնակցում էին համապատասխան համազգեստով եւ աշխատանքային տրամադրությամբ: Նրանք ոգեւորությամբ նշեցին, որ նախ պատրաստվում են մաքրել տարածքը, իսկ հետո կմտածեն կառուցապատման աշխատանքների մասին: «ԱրմենՏել» ընկերության հասարակայնության հետ կապերի տնօրեն Հ. Չութիլյանն էլ բացատրեց, թե իրենք ինչու են հենց այս պուրակն ընտրել. «Քանի որ մեր գրասենյակների շրջակայքը աշխատակիցներս մշտապես մաքուր են պահում, այդ պատճառով էլ ցանկացանք բարեկարգել քաղաքի այլ հատված եւս: Իսկ համայնքում մեզ առաջարկեցին այդպիսի աշխատանքներ իրականացնել այս պուրակում»: Երեւանի Գլխավոր պողոտայում տեղակայված այս պուրակի բարեկարգման համար անհրաժեշտ ջրցան մեքենաները, բեռնատարը, հատուկ տեխնիկան վարձվել են «ԱրմենՏելի» միջոցներով: Ընկերության աշխատակիցների համար բարեկարգման այս աշխատանքը ոչ թե պարտականություն է, այլ մի բարի գործ, որը հնարավորություն է տալիս իրենց իսկական քաղաքացի զգալ: «Մենք՝ քաղաքացիներս, այսօր հոգ չենք տանում մեր քաղաքի մասին: Համոզված եմ, որ հենց այսպիսի ակցիաների միջոցով պիտի ցույց տանք մեր հոգատար վերաբերմունքը մեր սիրելի քաղաքի ու երկրի հանդեպ: Այժմ, իսկապես, ինձ քաղաքացի եմ զգում: Մեր աշխատակիցներն էլ մեծ խանդավառությամբ համաձայնեցին գալ եւ մասնակցել այս հանրօգուտ գործին»,- նշեց Հ. Չութիլյանը: «ԱրմենՏել» ընկերությունը քաղաքը բարեկարգելու աշխատանքներ իրականացրել է նաեւ նախորդ տարիներին: Օրինակ՝ անցյալ տարի աշխատակազմը մաքրման եւ ծառատնկման աշխատանքներ է կազմակերպել Հաղթանակի զբոսայգում: Ընկերությունը շատ այլ սոցիալական ծրագրեր էլ է իրականացրել, որոնց մասին աշխատակիցները համեստորեն չցանկացան բարձրաձայնել: «Չմոռանանք, որ այս երկրում յուրաքանչյուրս ունի նաեւ սոցիալական պարտավորություններ: Իսկ այս աշխատանքը կատարելը մենք այդ պարտավորություններից մեկն ենք համարում»,- վստահեցրեց Հ. Չութիլյանը:

Այսօր մեկնարկող հանրապետական շաբաթօրյակին էլ են մասնակցելու «ԱրմենՏելի» աշխատակիցները: «ԱրմենՏել» ընկերության՝ ամբողջ հանրապետության տարածքով մեկ սփռված շուրջ 52 գրասենյակների շրջակայքը կբարեկարգեն մեր բոլոր աշխատակիցները: Նկատենք նաեւ, որ անկախ շաբաթօրյակի կազմակերպումից, գրասենյակների հարակից տարածքը մաքուր պահելը մեր ընկերության յուրաքանչյուր աշխատակցի պարտականությունն է»,- նշեց Հ. Չութիլյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել