Լրահոս
Օրվա լրահոսը

Լվացել է ոչ թե Մարկոսի, այլ Սաշիկի՞ փողերը

Օգոստոս 31,2007 00:00

ԱԱԾ-ն նոր «օբյեկտ» է գտել ՀՀ նախկին արտգործնախարար Ալեքսանդր Արզումանյանին կալանված պահելու համար:

Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունն օգոստոսի 28-ին որոշում է կայացրել դիմել Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարան՝ Ալեքսանդր Արզումանյանին կալանքի տակ պահելու ժամկետը մինչեւ 2007-ի նոյեմբերի 7-ը երկարացնելու միջնորդությամբ: Որոշմանը ծանոթացրել են Ալեքսանդր Արզումանյանին ու նրա պաշտպան Հովիկ Արսենյանին: Վերջինս հայտնեց «Առավոտին», որ փաստաթղթին ծանոթանալուց հետո պարզել է մի զարմանալի փաստ: Այն է՝ եթե սկզբում Ալեքսանդր Արզումանյանին մեղադրանք էր առաջադրվել, որ «2007-ի ապրիլի 24-26-ն ընկած ժամանակահատվածում, ՌԴ Մոսկվա քաղաքում, Վահան Շիրխանյանի հետ միասին նախնական համաձայնության է եկել ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասով եւ 325 հոդվածի 2-րդ մասով հետախուզման մեջ գտնվող Լեւոն Գրիգորի Մարկոսի հետ՝ հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելու վերաբերյալ», այժմ արդեն, երբ պաշտպանական կողմի միջնորդությամբ հարցաքննվեց մոսկվայաբնակ Սաշիկ Աղազարյանը, որը հայտարարել էր, թե Արզումանյանին ինքն է ուղարկել գումարը, որն էլ ձեռք է բերվել օրինական ճանապարհով՝ մեղադրանքը փոխվել է: Ըստ Հովիկ Արսենյանի՝ «Երբ նախաքննության ընթացքում այլեւս հիմնավորվել է, որ Սաշիկ Աղազարյանի գումարներն են դրանք եւ ոչ թե Լեւոն Մարկոսի՝ Ալեքսանդր Արզումանյանի կալանքի ժամկետը երկարացնելու պատճառաբանությունն այլ կերպ է ներկայացվել դատարանին»: Այն է՝ թե պետք է ՌԴ տարածքում կատարվեն «հարցաքննություններ, առերեսումներ, բանկային եւ հարկային փաստաթղթերի, տեսաձայնագրությունների առգրավումներ», ՌԴ համապատասխան մարմիններից ստանան «եկամուտների առաջացման օրինականության վերաբերյալ տեղեկություններ», որոնց կատարմանը մասնակցելու համար գործուղվելու են քննչական մարմինների ներկայացուցիչներ:

«Ստացվում է այսպես, որ մեղադրանք է առաջադրվել այլ բանի համար, իսկ նախաքննություն է կատարվում այլեւս մեկ այլ բանի համար,- արձանագրեց պրն Արսենյանը:- Այն է՝ դեռ պետք է կատարվի Սաշիկ Աղազարյանի կողմից ուղարկված գումարների կամ նրա սեփականությունը հանդիսացող միջոցների ստուգում: Այսինքն՝ իբր Ալեքսանդր Արզումանյանը փող լվացող է, այժմ էլ սկսել են փնտրել կեղտոտ փող: Եվ նման քննությամբ, դժբախտաբար, կարող են հնարավորություն ընձեռել, որ այս ամենը հիմք հանդիսանա Ալեքսանդր Արզումանյանին ամիսներ շարունակ կալանքի տակ պահելու համար: Այս ամենն, օրենքի տեսանկյունից, անթույլատրելի է: Սա ապօրինություն է, քանի որ նախաքննության ընթացքում այլեւս ապացուցվել է, որ հանցավոր ճանապարհով ձեռք բերված եկամուտներ չեն, որ ուղարկվել են Ալեքսանդր Արզումանյանին: Ավելի՛ն՝ ինչ-որ հիմք ու իրավունք էլ չունի որեւէ մեկը մտածելու, թե Սաշիկ Աղազարյանի սեփականությունը հանդիսացող գումարները ձեռք են բերված հանցավոր ճանապարհով: Ասել է թե՝ մինչեւ չպարզվի, թե գումարներն ուղարկողի կողմից այդ եկամուտներն արդյոք անօրինակա՞ն են, հանցավոր ճանապարհո՞վ ձեռք բերված՝ հանցակազմ չի կարող առաջանալ որեւէ մեկի, մասնավորապես՝ Ալեքսանդր Արզումանյանի համար: Եվ սա արդեն հրամայական անհրաժեշտություն է ու օրենքի պահանջ, որ անհապաղ դադարեցվի քրեական հետապնդումը եւ վերացվի Ալեքսանդր Արզումանյանի նկատմամբ խափանման միջոցը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել