Լրահոս
Օրվա լրահոսը

ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐՆ ԱՆՎՃԱՐ ՉԵՆ ՀԵՏԱԶՈՏՎԻ

Սեպտեմբեր 29,2007 00:00

Այս փոփոխությունն առայժմ դուրս մնաց «ԱԺ կանոնակարգից»

Խորհրդարանի օրակարգում երկու նախագծեր կան, որոնք միտված են լրացնել այն թափուրը, որն առաջացավ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում, երբ Սահմանադրական դատարանը Սահմանադրությանը հակասող եւ անվավեր ճանաչեց դրա այն դրույթները, որոնք վերաբերում էին ԱԺ նիստերի հեռարձակմանը:

Մի նախագիծն ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանինն է, որն առաջարկել է մրցույթ հայտարարել Ազգային ժողովի նիստերը հեռարձակելու համար, եւ շահած հեռուստաընկերության հետ կնքել պայմանագիր: Սակայն երեկ, երբ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պիտի քննարկվեր պրն Դալլաքյանի այս նախաձեռնությունը՝ նա ներկա չէր: Եվ հանձնաժողովի նախագահ Դավիթ Հարությունյանի առաջարկով մեկ ամսով հետաձգվեց նրա օրինագծի քննարկումը:

Փոխարենը քննարկվեց 2-րդ նախաձեռնությունը «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին, որի հեղինակները ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Հրանուշ Հակոբյանը, Դավիթ Հարությունյանն ու Կարեն Կարապետյանն են: Նրանց նախաձեռնության մեջ չկա պատասխանը այն հարցի, թե ինչպե՛ս, ո՛ր հեռուստաընկերությամբ պիտի հեռարձակվեն խորհրդարանական հաղորդումները: Միայն մասնավորապես նշված է, թե «Խորհրդարանական շաբաթ» հաղորդաշարի ընդհանուր տեւողությունը մինչեւ 1 ժամ է, դրա ընթացքում հանձնաժողովներին, խմբակցություններին եւ պատգամավորական խմբերին տրամադրվում է մինչեւ 3-ական րոպե, «որից հետո մինչեւ 15 րոպե տրամադրվում է աշխատակազմին՝ խորհրդարանական իրադարձությունները լուսաբանելու համար»:

Փոխարենը ՀՀԿ խմբակցության ներկայացուցիչների օրինագծում կա մի բավական ուշագրավ դրույթ, ըստ որի՝ «Պատգամավորի բժշկական օգնությունը եւ սպասարկումը կազմակերպվում են առողջապահական պետական նպատակային ամենամյա ծրագրերի շրջանակներում»: Կառավարությունն իր եզրակացության մեջ անընդունելի է համարել այս դրույթը՝ նշելով, թե անվճար՝ պետական բյուջեի միջոցների հաշվին բժշկական օգնությունը եւ սպասարկումն իրականացվում է բնակչության անապահով եւ հատուկ խմբերի համար միայն: Նկատենք, որ ընտրություններից առաջ կառավարությունն ընդհանրապես ձեռնպահ է մնում կանաչ լույս վառելուց նման նախաձեռնությունների առջեւ, որոնք կարող են տեղիք տալ բնակչության դժգոհությունների:

Ընդունելով կառավարության առաջարկը՝ օրինագծի հեղինակները հանել են այս դրույթը, կամ, ինչպես երեկ պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց Հրանուշ Հակոբյանը՝ «առայժմ ձեռնպահ կմնանք այդ կետից»: Սակայն նաեւ հայտնեց, թե մնում է այն կարծիքին, որ պետական պաշտոնյաները պարտավոր են տարին մեկ անգամ ենթարկվել բժշկական հետազոտության. «Իսկ մեր առողջության նկատմամբ անտարբեր վերաբերմունքի պատճառով շատ-շատերը չեն ենթարկվում պարտադիր հետազոտման: Եվ ցավով եմ ասում, որ 131 պատգամավորներից անցած նստաշրջանում 5-ը մահացել են, եւ միայն 6-ը սրտի վիրահատության են ենթարկվել: Ուզում եմ ասել, որ իրոք՝ բավականին լարված աշխատում են եւ չեն զբաղվում իրենց առողջությամբ: Կարող է շահարկում լինել (թող ներեն մեզ մեր ունեւոր պատգամավորները), թե նաեւ նրանց ենք տալիս անվճար հետազոտության իրավունք: Բայց այդ ունեւորներն իրենց բժշկական հետազոտություններն անցնում են Ֆրանսիայում, ԱՄՆ-ում եւ այլն: Հայաստանում չեն անցնի»:

Նախագծի հարակից զեկուցողն է ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Աբրահամյանը, որն անմիջապես հայտնեց, թե տարեկան մի անգամ ինքը հետազոտվում է Ֆրանսիայում: «Ապրե՛ս»,- խրախուսեց նրան Հրանուշ Հակոբյանը: Գագիկ Աբրահամյանը նաեւ ուսումնասիրել էր կառավարության այն որոշումը, որով պետությունը երաշխավորված առողջապահական պետական նպատակային ծրագիր է իրականացնում. «Եվ մի քիչ ճիշտ չի լինի, որ պատգամավորներն էլ գնան կանգնեն այն 26 խումբ մարդկանց կողքին, որոնք անվճար բուժօգնություն են ստանում: Դրանք առաջին խմբի հաշմանդամներն են, պատերազմի մասնակիցները եւ այլն»:

Եվս մի մեջբերում այն փոփոխություններից, որ ԱԺ կանոնակարգում առաջարկել են ՀՀԿ խմբակցության պատգամավորները: Ըստ այդմ՝ կառավարությունն Ազգային ժողովին ոչ միայն պիտի նախապես տեղյակ պահի կառավարության դռնբաց նիստի անցկացման օրվա, ժամի եւ օրակարգի մասին՝ ներկայացնելով օրակարգին առնչվող փաստաթղթերը, այլ դրանք ուղարկի էլեկտրոնային փոստով՝ ԱԺ նախագահին, նրա տեղակալներին, հանձնաժողովներին, խմբակցություններին եւ պատգամավորական խմբերին: «Ժառանգություն» խմբակցության աչքը լույս:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել