Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՇԱԿՈՒԹԱՍԵՐ ԱԺ

Նոյեմբեր 30,2007 00:00

Պատգամավորները դժգոհ են հայ բեմի ներկայացուցիչներից, իսկ «աստղերը» ոմանց մոտ սրտխառնուք են առաջացնում

Փոքրիկ հարցախույզի միջոցով փորձեցինք պարզել, թե ինչ նախասիրություններ ունեն մեր ժողովրդի ընտրյալները: Արդյունքները մտահոգիչ էին:

Անահիտ Բախշյան, ԱԺ պատգամավոր, «Ժառանգություն» կուսակցություն. «Մշակութային նախասիրությունների թվում ինձ համար առաջին տեղում դասական երաժշտությունն է: Եթե ազատ ժամանակս թույլատրում է, ապա այն տրամադրում եմ հիմնականում Թոփչյանի եւ Ղարաբեկյանի ղեկավարությամբ համերգներին հաճախելուն: Երկրորդ տեղում թատերարվեստն է: Սկսել եմ քիչ հաճախել թատրոններ, որովհետեւ հուսախաբ եմ լինում: Օրինակ, վերջերս Մայր թատրոնի ներկայացրած Նելլի Շահնազարյանի «Իմ ծաղկած դեղձենի» բեմադրությունը ինձ պարզունակ թվաց: Իսկ վերջերս Փոքր թատրոնում դիտեցի Վահան Բադալյանի բեմադրությամբ «Օֆելյայի ստվերների թատրոնը» ներկայացումը, որը ցնցող էր: Սիրում եմ մեր ժողովրդական պարերը՝ սկսած փոքրիկ արտիստներից մինչեւ Պարի պետականի պրոֆեսիոնալ կատարումները: Ինձ այսօրվա երգարվեստի մակարդակը չի գոհացնում: Գնահատում եմ միայն Ինգա եւ Անուշ Արշակյաններին, պարզ պատճառով. կա երգերի ճիշտ ընտրություն, ակունքներին հարազատ մնալով՝ ոչ պակաս ճիշտ մեկնաբանում, ճաշակ, որը երգչուհիների մոտ սկսվում է նրանց հանդերձանքից: Առանձին երգեր կան, որոնք լսում եմ Անդրեի ու Սիրուշոյի կատարմամբ»:

Վիկտոր Դալլաքյան, անկախ պատգամավոր. «Վանաձորում ծնվել ու մեծացել եմ այն շենքում, որտեղ բնակվում էր հանրահայտ դերասաններ Մսրյանների ընտանիքը: Վանաձորում չորս տարի երաժշտական դպրոցում հաճախել եմ ջութակի դասարան: 9-րդ, 10-րդ դասարաններում Վանաձորի թիվ 1 դպրոցում Ձմեռ պապ էի խաղում, հետո լսեցի արձագանքներ, որ լավ էլ գրագետ Ձմեռ պապ էր ստացվել: Սիրել ու սիրում եմ թատրոնը: Իմանալով նախասիրությունս, հաճախ կինս ու դուստրս վաղօրոք ներկայացումների տոմսեր են գնում ու ինձ փաստի առաջ կանգնեցնում: Ընտանիքումս սիրված է Կոմիտասը եւ ընդհանրապես հոգեւոր երգը: Այսօրվա դաշտում եղած երգիչներից լսում եմ Շուշան Պետրոսյանին, Արսեն Սաֆարյանին, նաեւ Թաթային՝ նայած տրամադրության: Ժամանակին «Առավոտում» քաղաքական վերլուծությունների հոդվածաշար ունեի՝ «Մեր ապագայի բանալիները»: Անվանի նկարիչ Հակոբ Հակոբյանը կարդալով հերթական հոդվածս, նկարել է Հայաստանի զինանշանն ու նվիրել ինձ՝ ասելով. «շատ խելացի ես, հա՜»:

Հեղինե Բիշարյան, ԱԺ պատգամավոր, ՕԵԿ փոխնախագահ. «Սիրում եմ թատերարվեստը, որը ցանկացած մարդու մշակութային զարգացման համար մեծ դերակատարում ունի: Ցավոք, պետք է փաստեմ, որ այսօր հայ թատրոնը հայտնվել է անմխիթար վիճակում: Զբաղվածությանս պատճառով վերջին անգամ այցելել եմ Սունդուկյանի անվան եւ Դրամատիկական թատրոններ՝ ապրիլ ամսին: Ժողովրդական եւ էստրադային երաժշտություն էլ եմ սիրում, բայց դարձյալ ցավ եմ ապրում, որ, մեծ հաշվով, այդ ոլորտներում դատարկություն է: Կառանձնացնեմ ընդամենը երկու-երեք անուն, որոնց լսում եմ՝ Շուշան Պետրոսյան, Սիրուշո, Անդրե»:

Նաիրա Զոհրաբյան, «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ. «Մասնագիտությամբ թատերագետ եմ եւ բնական է, որ մշակութային իմ նախասիրած ոլորտը թատերարվեստն է: Օգտվելով այս առիթից, պետք է բարձրաձայն ասեմ, որ հայ թատրոնը ոչ առաջ եւ ոչ էլ հիմա բարձունքի վրա չէ: Իհարկե, սա չի նշանակում, որ չենք ունեցել կամ չունենք շնորհալի դերասաններ ու ռեժիսորներ: Օրինակ, Դրամատիկականի «Մոռանալ Հերոստրատին» ներկայացումը դիտել եմ 17 անգամ: Համակրանք ունեմ Երնջակյանի ղեկավարած Կամերային թատրոնի նկատմամբ: Այն ինձ հիշեցնում է Մոսկվայի Լենկոմի թատրոնը, որտեղ սինթեզված է երաժշտությունը, մնջախաղը, կրկեսը եւ այլն: Բացի անձնական մշակութային նախասիրություններից, ապրում ենք ժամանակներ, երբ պարտադրվում ու թելադրվում է մշակութային այս կամ այն տեսակ: Խոսքս մեր «աստղերի» մասին է, որոնք ինձ մոտ առաջացնում են բնական, առողջ սրտխառնուք»:

Շիրակ Թորոսյան, ՀՀԿ խմբակցություն. «Առանց մշակույթի ինձ չեմ պատկերացնում: Որպես «Ջավախք» հայրենակցական միության նախագահ, ամեն տարի կազմակերպել ու կկազմակերպեմ Ջիվանու, Տերյանի, Հավասու, Սեւակի, մի խոսքով՝ մեր մշակույթի մեծերին նվիրված միջոցառումներ: Տարիներ շարունակ մասնակցում ենք Վարդատոնին, որը 1914թ. առաջին անգամ անցկացվել է մեծն Թումանյանի նախաձեռնությամբ: Ստեղծել ենք «Ջավախքի ղողանջներ» անսամբլ, շուտով մեր հովանավորությամբ լույս կտեսնի Տերյանի պոեզիայի տոնի 40-րդ տարեդարձին նվիրված գիրքը: Սիրում եմ ընթերցել պատմական, քաղաքագիտական, գեղարվեստական, անգամ արկածային գրականություն: Լսում եմ 70-80-ականների փոփ ու ռոք հիթեր: Ժամանակակիցներից էլ նախընտրում եմ Ֆորշին, Ռուբեն Հախվերդյանին, Էմմա Պետրոսյանին»:

Արտաշես Շահբազյան, ՀՅԴ խմբակցության քարտուղար. «Մշակութային նախասիրություններս, որոնք աշխատանքի բերումով այսօր երկրորդ պլանում են, վեր են մնացած բոլոր՝ անգամ քաղաքական նախասիրություններիցս: Մասնագիտությամբ ռեժիսոր եմ ու այսօր շատ է ինձ անհանգստացնում «Հայֆիլմի» անմխիթար վիճակը, որտեղ եւ պետության մեղքը կա: Կինոյի, այդ թվում՝ արվեստի տարբեր ճյուղերի հանդեպ քաղցս բավարարելու նպատակով օգտվում եմ միայն ռուսական «Կուլտուրա» TV-ից: Շատ եմ այցելում ցուցահանդեսներ, վերջին ներկայացումը դիտել եմ Սունդուկյանի թատրոնում՝ դա «Ցանկություն տրամվայն» է, տպավորվել եմ հատկապես Նելլի Խերանյանի ու Մուրադ Ջանիբեկյանի խաղով: Ժամանակ կար, երբ հայ մարդը թատրոն էր գնում այնպես, ինչպես, օրինակ, 88-ին՝ հանրահավաքների:

Իսկ այսօ՞ր…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել