Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՓՎԱԾ ԱՐՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ ԲՈԼՈՐՍ ԵՆՔ

Մարտ 29,2008 00:00

Այդ կարծիքին է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը

– Դաշնակցության նախընտրական կարգախոսներից է. «Ոչ՝ առնետավազքի վրա հիմնված ներկա եւ նախկին իշխանություններին», սակայն այսօր դուք դարձյալ ներկա իշխանության մաս եք:

– Նախընտրական եւ հետընտրական շրջաններում քաղաքական ուղեգծի պահպանման առումով Դաշնակցության պահվածքը ամենատրամաբանականն է: Մենք այն ժամանակ էլ, այո, չխուսափելով մեր ունեցած պատասխանատվության մասից, մեր տեղն ու դիրքը չփոխելով, գնացել ենք նախագահական ընտրությունների: Համագործակցության այն ձեւաչափը, որ ունեցել ենք կոալիցիայի հետ՝ չենք խախտել: Ընտրությունները մի քիչ ավելացնում են քննադատական խոսքի տոկոսը, բայց մենք այդ քննադատությունը պահել ենք կառուցողական տրամաբանության մեջ: Հստակ ցույց ենք տվել, թե որն է եղել մեր պատասխանատվությունը, սակայն ասել ենք նաեւ, որ մեր մոտեցումները եւ գաղափարները լիարժեք չեն ընդունվել՝ համապատասխան ներկայություն եւ հնարավորություններ չունենալու պատճառով: Երկու հիմնական կարգախոս կար՝ բացառել նախկինների վերադարձը եւ փոխել ներկան: Առաջին խնդիրն առաջացավ այն պահից, երբ նախկինները ակտիվորեն մտան պրոցեսի մեջ: Մենք ռազմավարական, գաղափարական եւ քաղաքական առումով տարբեր հարթությունների վրա ենք գտնվում Լեւոն Տեր-Պետրոսյանի հետ, որովհետեւ նա դնում էր ազգային, պետական ուղեգծի շրջման խնդիր, իսկ դրան մենք դեմ ենք:

– Այդ դեպքում ավելի ճիշտ չէի՞ք անի, եթե միանայիք Սերժ Սարգսյանին հենց նախընտրական շրջանում եւ ոչ թե հիմա:

– Ոչ, որովհետեւ նախագահական ընտրությունը մեր տեսակետներն ամբողջական արտահայտելու առիթ էր: Նախագահական ընտրություններին գնալով մեր սեփական թեկնածուով՝ մենք այդ հնարավորությունը ունեցանք՝ ասել ամեն ինչ մինչեւ վերջ եւ լիարժեք:

– Սակայն ձեր ընտրողը ձեզ ձայն էր տալիս նրա համար, որ դուք Դաշնակցություն եք եւ քննադատում էիք գործող իշխանություններին եւ ասում էիք՝ փոխենք ներկան: Հիմա չե՞ք կարծում, որ կորցրիք ձեր ընտրազանգվածը:

– Կարծում եմ՝ այն մոտեցումը, որը ուներ Դաշնակցությունը, ձեր նշած տեսակետից, այո, ռիսկային էր, որովհետեւ ընտրական տեխնոլոգիաների մեջ շատ չէր տեղավորվում: Ընտրական տեխնոլոգիաները «եւ-եւ» տարբերակը չեն ընդունում, ընդունում են «կամ-կամ» տարբերակը: Սա մենք գիտեինք, այստեղ մենք ռիսկ ունեինք եւ կարող էինք կորցնել որոշակի ընտրազանգված: Սակայն երկրի համար այսօր հենց «եւ-եւ»-ն է պետք: Ուզում եմ հիշեցնել, որ մենք ասում էինք նաեւ՝ այո, հասարակական պահանջ կա փոխել իրավիճակը, մեր կյանքը, ներկան, սակայն փոխել՝ պահպանելով համապատասխան կայունություն: Դաշնակցությունը չի կարող ընտրություններից առաջ իրեն մի ձեւի պահել, որի մեջ առկա է ժողովրդին հաճոյանալու տրամաբանությունը՝ ձայներ կորզելու նպատակով, բայց հետո գալ իշխանության եւ մոռանալ այն, ինչ ասել է: Մենք մեր ասածները չենք մոռացել, մենք այդ ամենն ազնվորեն ասել ենք՝ ռիսկի տակ մտնելով նախընտրական փուլում:

– Մարտի 1-2-ի դեպքերից հետո արդեն 28 օր բառացիորեն ամեն օր մարդիկ են ձերբակալվում, դուք, որպես ժամանակին բռնությունների ենթարկված քաղաքական ուժի ներկայացուցիչ, ինչո՞ւ որոշակի դատապարտող հայտարարությամբ հանդես չեք գալիս:

– Մենք իսկապես պետք է ընդունենք, որ մարտի 1-ից հետո երկրում նոր իրավիճակ է առաջացել, եւ այդ իրավիճակում ավելի կարեւորվեց ազգային անվտանգության խնդիրը, մեր երկրի անվտանգ զարգացման խնդիրը: Կասկած չկա, որ այն վտանգված է: Մենք ունենք թե արտաքին եւ թե ներքին վտանգ, հանձինս՝ ամեն գնով, ագրեսիվ մոտեցումներով իշխանության գալու միտումները: Մենք հավասարապես չենք ընդունում թե՛ ինքնանպատակ իշխանափոխությունը եւ թե՛ ինքնանպատակ իշխանապահությունը: Դժբախտաբար, ինքնանպատակ իշխանափոխության վտանգը լավ չգնահատեցինք: Մարտի 1-ի դեպքերը դա ցույց տվեցին: Երկրորդ վտանգն արտաքինն է: Մենք ունենք չավարտված պատերազմ: Երբ մենք ժամանակին այդ մասին խոսում էինք՝ մեզ ասում էին, թե դրանով ուզում եք քողարկել ցանկացած պահվածք: Բայց սա իրական վտանգ է: Տեսանք, չէ՞, որ հենց արդեն մարտի 3-ին հարձակում եղավ մեր սահմանի վար: Մենք այս երկու վտանգները կարեւորեցինք այնքան, որ ինքներս մեր մոտեցումների մեջ փոփոխություն մտցրինք: Այսօր անհրաժեշտ է երկիրն այս վտանգավոր փուլից անցկացնել առանց կորուստների, եւ մենք հենց դա ենք փորձել անել կոալիցիայի մեջ մտնելով: Երկրում նոր ցնցումներ չառաջացնելու, կայունությունն ապահովելու համար, այո, որոշակի սահմանափակումներ ժողովրդավարական գործընթացներում լինելու են, բայց ես վստահ եմ, որ դրանք ժամանակավոր են, եւ այդպիսի դեպքեր ամբողջ աշխարհում էլ կան:

– Այսինքն՝ ամեն օր մարդ ձերբակալեԼը կայունությո՞ւն կապահովի:

– Ամեն օր չէ, իհարկե, դրա մասին չի խոսքը, բայց զուգահեռ աշխատանք պետք է կատարվի, որ բողոքող, ընդդեմի զանգվածը նվազի: Այս երկու պրոցեսները եթե մենք զուգահեռ չտարանք, մեկը կտանի դեպի լրիվ տոտալիտարիզմ, ավտորիտարիզմ, բռնապետական իշխանության ձեւավորում, առանց հասկանալու, որ նաեւ քաղաքական մեթոդներ են պետք իրականացնել, որպեսզի արձանագրվի ընդդիմադիր եւ ագրեսիվ տրամադրված զանգվածի նվազում: Ագրեսիվ զանգվածի հետ պետք է խոսել մի քիչ ավելի կոշտ մեթոդներով, որովհետեւ այդ զանգվածն է այս իրավիճակի պատասխանատուն: Եթե մեկին թվում է, թե բոլորիս վրա նստած այդ արյան պատասխանատուն միայն մեկ կողմն է՝ սխալվում է: Բոլորս ենք դրա համար պատասխանատու, ամեն մեկս մեր չափով, պատասխանատու է իշխանությունը, որ համարժեք միջոցներ չկիրառեց, որ բանը դրան չհասներ, որ վերջում ստիպված լիներ կանխել այդ ամենը արդեն նաեւ հրազենի միջոցների դեմն առնելով: Բայց մյուսների մեղքն է, որ իրենք իսկապես պատրաստվել էին հասնել իրենց ուզածին՝ ամեն գնով: Քրեական գործը, որը հարուցված է, պետք է լիարժեք բացահայտվի, սակայն այդ քրեական գործը չպետք է օգտագործվի քաղաքական հետապնդումներ իրականացնելու համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել