Լրահոս
Օրվա լրահոսը

Բաքուն եւ Թեհրանը կարող են գժտվել՝ ու ոչ միայն միմյանց հետ

Ապրիլ 29,2008 00:00

Իրանի եւ Ադրբեջանի միջեւ լուրջ սկանդալ է հասունանում՝ կապված ադրբեջանական մաքսավորների կողմից իրանական բեռների բռնագրավման հետ: Ինչպես փոխանցում է «Ազատություն» ռ/կ-ն, Իրանի արտաքին գործերի նախարարությունը կիրակի օրը պաշտոնական հայտարարությամբ անդրադարձել է Բուշերի ատոմակայանի շինարարության համար նախատեսված՝ ռուսաստանյան սարքավորումների ճակատագրին, որոնք մարտի 29-ին բռնագրավվել էին Ադրբեջանի Աստարայի մաքսակետում: «Միջուկային սարքավորումների խմբաքանակի առաքումը համապատասխանում է Բուշերի ատոմակայանի շինարարությունն ավարտին հասցնելու մասին՝ Իրանի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ կնքված համաձայնագրերի դրույթներին: Այդ համաձայնագիրը համապատասխանում է նաեւ միջազգային նորմերին, եւ այս սարքավորումների առաքման վրա որեւէ արգելք սահմանված չէ»,- հայտարարել է Իրանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մոհամադ Ալի Հոսեյնին: Նա նաեւ տեղեկացրել է, որ արտգործնախարարություն է հրավիրվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանը: «Մենք կոչ ենք արել ադրբեջանական կողմին համապատասխան միջոցներ ձեռնարկել, որպեսզի սարքավորումների այս խմբաքանակը հնարավորինս սեղմ ժամկետներում հանձնվի իրանական կողմին»,- հավելել է Հոսեյնին:

Բաքվում, սակայն, պնդում են, թե խնդիրը ռուսաստանյան «ԱտոմՍտրոյԷքսպորտ» ընկերության պահվածքն է, որը մինչ օրս Ադրբեջանին չի ներկայացրել այն փաստաթղթերը, որոնց հիման վրա է իրականացվում միջուկային սարքավորումների առաքումը Իրան: Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը շաբաթ օրը հայտարարել էր. «Գոյություն ունեն տարանցիկ առաքումների միջազգային նորմեր, որոնց համաձայն՝ այն պետությանը, որի տարածքով անցնում է հատուկ նշանակություն ունեցող սարքավորումներ, պետք է ներկայացվեն փաստաթղթեր այն մասին, թե ինչ է իրենից ներկայացնում այդ բեռը եւ ով է դրա հասցեատերը»: Ազիմովի խոսքով, ռուսաստանյան կողմը դա չի արել, ինչը փոխարտգործնախարարին ստիպում է ենթադրել, թե Բուշեր առաքվող ռուսաստանյան բեռների փաստաթղթային ձեւակերպումների հետ որոշ խնդիրներ կան: «Եթե այդ փաստաթղթերը գոյություն ունեն, ինչո՞ւ ռուսական կողմը դրանք մեզ չի ներկայացնում»,- հարց էր տվել Ազիմովը:

Ակնհայտ է, որ այս իրադարձությունն ամենամոտ ապագայում կարող է ձեռք բերել ընդգծված քաղաքական հնչեղություն, որի համատեքստում պաշտոնական Բաքուն կարող է հայտնվել բավական բարդ երկընտրանքի առջեւ: Ի վերջո, մի կողմից հարցն առնչվում է վերջին տարիներին միջազգային մեծ աղմուկ հանած Իրանի միջուկային ծրագրին, մյուս կողմից՝ Բաքու-Թեհրան եւ Բաքու-Մոսկվա՝ Ադրբեջանի համար բավականաչափ կենսական հարաբերություններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել