Լրահոս
Օրվա լրահոսը

ՔԾՆԵՑԻՆ ԵՎ ԸՆՏՐԵՑԻՆ

Մայիս 31,2008 00:00

\"\"Երեկ մանկվարժականի պաշտոնյանյաները արձակ եւ չափածո ձոներգեր կարդացին վերընտրված ռեկտորի պատվին:

Երեկ Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանում կայացան ռեկտորի ընտրություններ: Միակ թեկնածուն բուհի գործող ռեկտոր, մամուլում ամենաշատը քննադատված Արտուշ Ղուկասյանն էր: Ներկա էին բուհի խորհրդի 28 անդամներ, այդ թվումղղ ԱԺ պատգամավորներ Գալուստ Սահակյանը (ՀՀԿ), Հրանուշ Հակոբյանը (ՀՀԿ), Էդուարդ Շարմազանովը (ՀՀԿ), Լոռու մարզպետ Արամ Քոչարյանը եւ ուրիշներ: Ժամանել էին ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը եւ ԿԳ փոխնախարար ու ռեկտորի հարսանիքի քավոր Արա Ավետիսյանն ու մյուս փոխնախարարը՝ Բագրատ Եսայանը: Ինչ վերաբերում է բուհի խորհրդի նախագահ, ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության պետ Արամ Կարապետյանին, վերջինս էլ մանկավարժականի շրջանավարտ է, ավելին՝ երբեմնի Լենինյան կրթաթոշակառու:

Թեեւ Արամ Կարապետյանը ելույթ ունեցողներին կոչ արեց հեռու մնալ ռեկտորի առաքինությունները թվարկելուց, սակայն ամբիոնին մոտեցողները քծնեցին ինչպես հարկն է, ու ռեկտորին մեծարեցին ամենաշռայլ արտահայտություններով: Օրինակ, բուհի հայ գրականության ամբիոնի վարիչ, ռեկ

տորի «աջ ձեռք» Աելիտա Դոլուխանյանը, գովերգելով ռեկտորին, ասաց, որ մեզանում պակասում են պետական մտածողությամբ մարդիկ, եւ քչերի թվում է Ա. Ղուկասյանը, որ ունի ոչ միայն պետական մտածողություն, այլեւ ընդհանուրի շահը գիտակցելու ունակություն: «Նա շատ լավ է ճանաչում իր կոլեկտիվին, տակտով փորձում է լեզու գտնել անգամ փոքրոգի մարդկանց հետ եւ կարողանում է նրանց հասցնել պետական մտածողության մակարդակի»: Հայոց պատմության ամբիոնի վարիչ Մհեր Կարապետյանն ասաց, որ ուղղակի խնդրում է բոլորին՝ ձայները տալ պրոֆեսոր Ղուկասյանին, որովհետեւ, բանախոսի ձեւակերպմամբ, ռեկտորն աչքի է ընկել անդուլ, անբասիր աշխատանքով:

Նմանօրինակ ելույթով հանդես եկավ բուհի գեղարվեստական ղեկավար Արկադի Շեկունցը՝ Ղուկասյանին բնութագրելով որպես լավ մարդ, ղեկավար ու գեղագետ: Ամենապերճախոսը, սակայն, բուհի մանկավարժության ամբիոնի նախկին վարիչ Միքայել Մանուկյանն էր: Նա «շեֆի» հանդեպ իր սերը չափածո արտահայտեց. «Քո անունն է Ղուկասյան Արտուշ,/ Ափսոս, որ համալսարան եկար դու բավական ուշ,/ Բայց գործի անցար կտրուկ, համարձակ/ Բնագավառներ ընտրեցիր արձակ:/ Քո ներկայությամբ ինստիտուտին մեր,/ Դու նոր շուք տվիր, ինչպես ծնող-հեր… /Մեկը մյուսին միշտ հարց է տալիս/ Ղուկասյանն ինչո՞ւ շուտ չէր գալիս,/ Որ ավելի շուտ կանգներ իր գործին,/ մեզ տեղյակ պահեր իր հմուտ փորձին:/ Վաղուց դառնայինք հայտնի, ճանաչված,/ տգիտությանը շուտ տայինք հարված,/ Դառնայինք Լուվր, ապա եւ Սորբոն,/ Համալսարանի օրը դառնար տոն…/ Ձեզ հաջողությո՛ւն, գիտնակա՛ն, մե՛ծ մարդ,/ Այս կյանքում երբեք չունենաք դուք դարդ,/ Իսկ գործերը ձեր, չնայած շատ բարդ,/ Ձեր հմուտ խելքով կդարձնեք վարդ….»: Այս բոցաշունչ ասմունքի ավարտից հետո հնչեցին բրավոներ եւ ծափահարություններ:

ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանն էլ փոխնախարարի սանիկ ռեկտորին որակեց լավագույն ռեկտորներից, որովհետեւ Ղուկասյանը կարողացել է, նախարարի ձեւակերպմամբ՝ ամենազգայուն բուհերից մեկում օգտակար գործ անել: Վերջում, բուհի խորհրդի նախագահ Ա. Կարապետյանը, ամփոփելով ռեկտորին ուղղված դիֆերամբները, Ա. Դոլուխանյանի ասածներին հղում անելով՝ ասաց, որ, իր կարծիքով, վերջին դեպքերին մասնակից երիտասարդներից շատերին պակասում էր պետական մտածողությունը, հարգանքը պետության խորհրդանիշի հանդեպ, ինչը վատ հետեւանքներ ունեցավ:

Ստեղծվեց հանձնաժողով, որը պետք է անցկացներ գաղտնի քվեարկություն՝ Զինավուր Ղուկասյանի գլխավորությամբ: Ինչպես սպասվում էր, Ա. Ղուկասյանը միաձայն վերընտրվեց ռեկտորի պաշտոնում: Ի դեպ, դեռ քվեարկությունը չավարտված, դասախոսները շնորհավորում էին նրան, հետաքրքրվում, թե որտեղ են նշելու հաղթանակը: Իսկ վայրը նախօրոք էր որոշված, սեղաններն էլ գցված՝ «Անի» հյուրանոցի ռեստորանում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել