Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՉՈ՞Ւ ՉԻ ԿԱՐԵԼԻ «ՑՐԵԼ» ԽՈՐՀՐԴԱՐԱՆԸ

Հունիս 28,2008 00:00

\"\"Նրանք, ովքեր տաքուկ տեղավորվել են պատգամավորական աթոռներին, կտրականապես դեմ են խորհրդարանի լուծարմանը:

Բայց դա միակ պատճառը չէ:

Խորհրդարանը հնարավոր չէ լուծարել մի քանի պատճառներով: Նախ՝ ընտրություններին մասնակցելը պատգամավորական «բիզնես-կլասի» համար այնքան էլ հեշտ գործ չէ, մարդիկ իրենց բուն բիզնեսը թողած՝ ստիպված են լինում ընտրություններից ամիսներ առաջ նախընտրական «գրասենյակներ» բացել, ընտրողներին սիրաշահել, մեկի վիրահատության ծախսերը հոգալ, մյուսի հողակտորի սեփականաշնորհման հարցերը լուծել, երրորդի երեխայի ուսման վարձը տալ եւ այլն: Այս ամենը գործարարներից ժամանակ եւ ֆինանսներ է խլում: Եվ նրանք մտադիր չեն հինգ տարուց շուտ դարձյալ մտնել այդ «անանձնական հոգսերի» բեռի տակ: Մյուս կողմից՝ կուսակցական համամասնական ցուցակների անցողիկ տեղերում հայտնվելը եւս դյուրին բան չէ: Մարդիկ կուսակցությունների շեֆերին ողղակի «գնում» են՝ բառի բոլոր իմաստներով, սիրաշահում են, նրանց տիկնանց նվերներ են ուղարկում, դարձնում են իրենց չկնքված երեխաների կամ թոռների քավորը, սակայն այս ամենից բացի, նաեւ «մուծվում» են կուսակցության գանձարկղ: Դե, ինքներդ դատեք, ո՞վ այդքան «քաղաքական» կամք ունի այս մեծ հոգսի տակ ընկնել անցած ընտրություններից մեկուկես տարի հետ: Այս եւ բազմաթիվ այլ պատճառներով, որոնք չթվարկեցինք, մեծամասնության մեջ տեղավորվածները լսել անգամ չեն ուզում արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին: Մեծամասնության ներկայացուցիչները իրենց «չուզողությունը» մասնավոր զրույցներում բացատրում են այսպես. «Մենք մեղք չե՞նք, էլի՞ սկսենք կռիվ տալ ցուցակում անցողիկ տեղերի համար, էլի՞ փող ծախսենք, առանց էդ էլ ահագին ծախս ենք արել մայիսին»: Ավելի հաճախ սա են ասում նաեւ՝ «բա որ չընտրվե՞նք»: Մարդիկ իրենց հարցերը լուծել են հինգ տարվա ժամկետով եւ հոգեբանորեն դեռ պատրաստ չեն նոր ընտրապայքարի մեջ մտնել: Սակայն, անգամ այս իրավիճակում, նույն գործարարները նույն ոչ պաշտոնական զրույցներում չեն բացառում արտահերթ ընտրությունների հնարավորությունը. Հայաստանում բիզնեսմենը պետք է պատրաստ լինի ամեն ինչի:

Հարցի իրավական կողմը հետեւյալն է. ի տարբերություն մինչեւ 2005-ի նոյեմբերի 27-ը գործող Սահմանադրության, այսօր գործող Հիմնական օրենքը շատ քիչ հնարավորություն է տալիս երկրի ղեկավարին «ցրելու» խորհրդարանը եւ նոր ընտրություններ անցկացնելու: Սահմանադրության 74-րդ հոդվածում նշված են այն դեպքերը, երբ երկրի նախագահը կարող է լուծարել խորհրդարանը: Հանրապետության նախագահը արձակում է ԱԺ-ն, եթե ԱԺ-ն երկու անգամ անընդմեջ երկու ամսվա ընթացքում հավանություն չի տալիս կառավարության ծրագրին: Հանրապետության նախագահը ԱԺ-ի նախագահի կամ վարչապետի առաջարկությամբ կարող է նաեւ արձակել ԱԺ-ն, եթե՝ ա/ ԱԺ-ն հերթական նստաշրջանի երեք ամսվա ընթացքում որոշում չի կայացնում կառավարության որոշմամբ անհետաձգելի համարվող օրենքի նախագծի վերաբերյալ, բ/ հերթական նստաշրջանի ընթացքում ԱԺ-ի նիստերը երեք ամսից ավելի չեն գումարվում, գ/ հերթական նստաշրջանի ընթացքում ԱԺ-ն երեք ամսից ավելի իր կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ որեւէ որոշում չի կայացնում:

Ենթադրենք, հանրապետության նախագահը շատ է ուզում լուծարել ԱԺ-ն, իսկ Սահմանադրությունը, ինչպես տեսանք, նրան այդ հնարավորությունը գործնականում չի տալիս, ի՞նչ է հարկավոր անել, հո ստիպված չի՞ լինելու հինգ տարի հանդուրժել մի խորհրդարանի գոյությունը, որը իր սրտով չէ: Արդյոք հնարավո՞ր չէ հարցը լուծել քաղաքական որոշմամբ: Երեկ մենք այս հարցը (չկորցնելով, բնականաբար, հումորի զգացողությունը) ուղղեցինք մեծամասնական ընտրակարգով ընտրված, իր խոսքերով, որեւէ բիզնես չունեցող պատգամավոր Վիկտոր Դալլաքյանին. «Քաղաքական որոշումը կարող է լինել հետեւյալը՝ խորհրդարանական մեծամասնությունը, այս դեպքում՝ Հանրապետական խմբակցությունը եւ կոալիցիա կազմած մյուս քաղաքական ուժերը, որ միասին ունեն 111 պատգամավոր, պետք է որոշեն, թե Սահմանադրության նշած դեպքերից ո՞ր մեկն իրականացնեն: Այսինքն՝ այնպիսի քայլեր կատարեն, որ հանրապետության նախագահը հնարավորություն ունենա լուծարել Ազգային ժողովը: Օրինակ, խորհրդարանը կարող է փոխհամաձայնեցման արդյունքում, ասենք՝ երեք ամիս շարունակ իր կողմից քննարկվող հարցերի վերաբերյալ որեւէ որոշում չկայացնել»: Պարոն Դալլաքյանը նկատեց նաեւ, որ այսօր ներքաղաքական իրավիճակն այնպիսին չէ, որ հրատապ է խորհրդարանի լուծարումը. «Իմ խորին համոզմամբ, Հայաստանում կա ոչ թե քաղաքական ճգնաժամ, այլ՝ հասարակական ճգնաժամ: Նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ ժողովրդի եւ իշխանությունների միջեւ կա հսկայական անջրպետ, եւ այսօրվա ճգնաժամը դա հասարակության եւ իշխանության անջրպետի հետ կապված ճգնաժամ է: Եվ, իմ խորին համոզմամբ, երկխոսությունը պետք է ընթանա հասարակության եւ իշխանության միջեւ: Նախագահական ընտրությունները ցույց տվեցին, որ ժողովուրդը հենց Տեր-Պետրոսյանի արտահայտությամբ՝ Տեր-Պետրոսյանին որպես գործիք օգտագործեց՝ իր դժգոհությունը իշխանությունների նկատմամբ արտահայտելու նպատակով: Եվ այդ դժգոհությունը տեսնելուց հետո իշխանությունը պետք է քայլեր կատարի ժողովրդի առջեւ ծառացած հիմնախնդիրները լուծելու համար»:

Պարոն Դալլաքյանին փոխանցեցինք վերջերս հասարակության որոշ շերտերի մեջ տարածված կարծիքը, որ այն, ինչ ասում էր Լեւոն Տեր-Պետրոսյանը, Սերժ Սարգսյանն արդեն սկսել է իրականացնել: Մեր զրուցակիցը այս դատողությունները որակեց որպես «պարզունակ մեկնաբանություն» եւ ասաց, թե քաղաքական գործիչներին հայտնի են երկրի առջեւ ծառացած բոլոր հիմնախնդիրները. «Դա ես որեւէ անձով չեմ պայմանավորում, եւ եթե վերլուծենք Սերժ Սարգսյանի նախընտրական ծրագիրը, ապա, ըստ էության, այդ քաղաքականության հիմնական կոնտուրները այդ ծրագրում նշված են: Եվ հետո, կարծես թե, առաջնորդների եւ կատարողների մոդելը վերջին անգամ գործել է ֆրանսիական ուտոպիստ-սոցիալիստների ժամանակներում: Ակնհայտ է նաեւ, որ այսօր Հայաստանում կա գաղափարների գեներացման համակարգի ստեղծման պրոբլեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել