Լրահոս
Օրվա լրահոսը

2009-Ը՝ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԱՐԻ

Դեկտեմբեր 27,2008 00:00

\"\"Լիբերալ եւ մարքսիստական մոտեցումներ

«2009-ին Հայաստանին սպասվում են խորը տնտեսական, ներքին եւ արտաքին մարտահրավերներ, որոնց այսօրվա վարչախումբը չի կարողանալու դիմակայել՝ համապատասխան ռեսուրսի բացակայության պատճառով»,- այսպիսին է տեսնում Հայաստանը 2009 թվականին Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը: Նրա համոզմամբ՝ 2009-ը Հայաստանի համար նաեւ քաղաքական առումով է բարդ լինելու. «Տարվա առաջին կեսը հատկապես սարսափելի եւ լարված կլինի՝ ՀՀ-ն կմեկուսացվի միջազգային հանրությունից: Ի վերջո, գործող վարչախումբը միջազգային հանրության կողմից կստանա այն իրական գնահատականը, որը վաստակել է 10 տարիների իր վարած թե ներքին, թե արտաքին քաղաքականության համար»: Ընթերցողին խորհուրդ ենք տալիս շատ չհուսահատվել, քանզի, մեր զրուցակցի կարծիքով, 2009-ի երկրորդ կեսից՝ գարնան վերջից սկսած, իրավիճակը երկրում կսկսի շտկվել: «Ես հստակ կարող եմ ասել, որ ՀՀ-ում կգնան առողջացման, ժողովրդավարության վերականգնման գործընթացներ: Կլինեն նախագահական եւ խորհրդարանական արտահերթ ընտրություններ, որոնց արդյունքում քաղաքական եւ տնտեսական պարզություն կմտցվի երկրում: Դրանց հաջորդող գործընթացները շատ ավելի բարենպաստ եւ դրական կզարգանան: Նոր ընտրությունների արդյունքում կձեւավորվի ռեալ քաղաքական իշխանություն, իշխանության կգա մի թիմ, որը կունենա պետության եւ ազգի զարգացման իր հստակ տեսլականը»,- ասում է Հ. Հովհաննիսյանը, նկատի ունենալով առաջին նախագահին եւ նրա թիմին ու վստահ լինելով, որ այդ զարգացումները նաեւ կհանգեցնեն տնտեսական ճգնաժամին դիմակայելու հնարավորությունների, քանի որ դրանց արդյունքում իրապես կնվազի կոռուպցիան, կվերանա օլիգարխիկ համակարգը:

Իսկ մարքսիստ Դավիթ Հակոբյանը 2008-ի ամենաականավոր ձեռքբերումը համարում է՝ «Հայ ժողովրդի՝ շախմատային Օլիմպոսում հայտնվելը: Լինելով քաղաքակրթության մեջ ամենավերջին տեղերից մեկում՝ ազգն ապացուցեց, որ իմաստնության կարողությունների առումով աշխարհի եւ Եվրոպայի լավագույն ժողովուրդներից մեկն է, թեպետ գտնվում է ամենաապաշնորհ աշխարհիկ իշխանության հրամանատարության ներքո»: Քաղաքականության ասպարեզում մարքսիստը նույնպես առաջընթացներ չի գրանցել ՀՀ-ի համար: Ավելին, ըստ նրա՝ «Վերջնականապես ոչնչացվեց ընդդիմություն հասկացությունը, կորավ ժողովրդի հավատն ընդդիմության նկատմամբ»: Ամենամեծ կորուստը նա համարում է ժողովրդի հավատի կորուստը Սահմանադրության եւ ընտրական իրավունքի նկատմամբ. «15 տարի շարունակ իշխանափոխությունը Հայաստանում վերջնականապես հաստատվեց որպես բոնապարտիստական մեթոդ, որպես քաղաքական կատակլիզմների եւ իշխանագողության մեթոդ: Ավելին, այսօր իշխանության վերին ատյաններում կանգնած այրերը հոխորտում են, որ ընդդիմությունը իմպոտենտ է, քանի որ, ըստ նրանց, քաղաքական պոտենցիան ոչ թե ազգին գաղափարական ու աշխարհիկ ծառայություններ մատուցելն է, այլ իշխանագողությունը՝ անգամ ժողովրդին հալածելու եւ հոշոտելու միջոցով: 2008-ին ՀՀ-ում ձեւավորվեց մի մթնոլորտ, որտեղ իշխանագողությունը համարվում է օրինավոր. մարտիմեկյան արյունոտ շաբաթը դրա վկան եւ ապացույցն է: Դժբախտաբար, վերջնականապես ապացուցվեց, որ ՀՀ-ում իշխանափոխությունը հնարավոր է միայն արյունոտ ճանապարհով»: Ելնելով ասվածից՝ նա պնդում է, որ ընդդիմության ապագա լիդերներին դժվարությամբ կհաջողվի համոզել ժողովրդին, որ ընտրական իրավունքը դեմոկրատիայի ամենակարդինալ ատրիբուտն է: Որ 2009-ը Հայաստանի համար կլինի արտահերթ համապետական ընտրությունների եւ քաղաքական վայրիվերումների տարի՝ համամիտ է նաեւ Դավիթ Հակոբյանը: Դա մարքսիստի «դատարկ հոխորտանքները կամ սուբյեկտիվ ցանկությունների գունագեղ ներկայացումը չէ», այլ «օբյեկտիվ տվյալների վրա հիմնված կանխատեսումներ», քանի որ, ըստ նրա՝ «2008-ը համաշխարհային քաղաքակրթությանը վերջնականապես ապացուցեց, որ դասական լիբերալ պետական մեքենան ինչքան էլ ռեֆորմացիայի ենթարկենք, միեւնույն է՝ երրորդ հազարամյակի նախաշեմին այն պիտանի չէ հասարակության համար: Հարկավոր է սկզբունքորեն նոր տեսակի պետական մեքենա՝ ոչ դասական լիբերալիզմի եւ ոչ էլ բոլշեւիկյան սոցիալիզմի, այլ սոցիալ-դեմոկրատական սկզբունքներով՝ հասարակության եւ պետության հանդեպ նոր ֆունկցիոնալ պարտականություններով»: Եվ՝ «Արտահերթ իշխանափոխության քուրայի մեջ մեր ազգն իր պատմության եւ ժամանակի արգանդից քաղաքական մարտադաշտ կուղարկի այն անհատականությանը, որը կլինի այդ նոր տիպի պետական մեքենայի գլխավոր ճարտարապետը, նոր գաղափարախոսության գլխավոր վարդապետը, նոր ազգային հայեցակարգի գլխավոր ճարտարապետը»: Արդյոք իրե՞ն նկատի ունի Դ. Հակոբյանը: «2009-ը Ցուլի տարի է: Ես ծնունդով ցուլ եմ: 2009-ը կլինի իմ քաղաքական վերջին տարին՝ կամ թռիչք դեպի քաղաքականության Օլիմպոս, կամ՝ վերջնականապես կհեռանամ քաղաքականությունից: Սա քաղաքական ու գաղափարական ռեզերվների օգտագործման ամենանպաստավոր տարին կլինի: 2000-ին ես կանխագուշակեցի, որ քաղաքականությանն անհայտ Հիլարի Քլինթոնն անպայման կգա քաղաքականության Օլիմպոս: Կանխագուշակումս կատարվեց. հայկական հարցը կանցնի նրա ձեռքի տակով: Երբ ինձ հարցնում էին՝ ե՞րբ կգաք քաղաքականության Օլիմպոս, ասում էի՝ Քլինթոնի հետ. այնպես որ՝ 2009-ը իմ հերթն է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել