Լրահոս
Օրվա լրահոսը

«Հրաժարական տուր եւ ասա ողջ ճշմարտությունը»

Փետրվար 28,2009 00:00

Նախագահի գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցին առաջարկում է ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը:

Նախորդ օրն «Առավոտին» տված հարցազրույցում ՀՀ նախագահի գլխավոր խորհրդական Վահրամ Ներսիսյանցը սուր քննադատության էր ենթարկել հայրենի պաշտոնյա-գործարարներին, որոնք, վերածվելով օլիգարխների, խուսափում են հարկերի վճարումներից, խեղաթյուրում են շուկաները՝ անհավասար պայմանների շնորհիվ, խախտում են մրցույթի կանոնները եւ այդպիսով կտրուկ սրում են սոցիալական բեւեռացումը: ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանից հետաքրքրվեցինք, թե ինչպիսի՞ տպավորություն ստացավ այս հրապարակումից. «Առաջին տպավորությունս՝ իսկապես սուր քննադատական ելույթ է ունենում, բայց այն անմիջապես փոխվեց երկրորդ եւ հիմնական տպավորության՝ Վահրամ Ներսիսյանցը ձեւեր է թափում»: Ինչո՞ւ: «Նա, մատնանշելով այդ երեւույթները, փորձում է դրանց հիմնական մեղավորներին՝ Ռ. Քոչարյանին եւ Ս. Սարգսյանին, դնել շրջանակից դուրս, հարցազրույցի վերջում նույնիսկ սկսում է փառաբանել Սերժ Սարգսյանին, որ նա որոշել է նման երեւույթների դեմ պայքարելու համար ինչ-որ հանձնախումբ ստեղծել եւ այլն: Ծիծաղելի է: Ապա՝ այդ շրջանակներից պարոն Ներսիսյանցը հանում է նաեւ իրեն՝ որպես արատավոր երեւույթների դեմ մարտնչող մարտիկի: Բայց Վ. Ներսիսյանցը Ռոբերտ Քոչարյանի օրոք էլի գլխավոր խորհրդական էր. այսքան տարիներ չնկատե՞ց, որ Քոչարյանը հենց բիզնեսով էր զբաղված՝ նախագահի պաշտոնը զավթելուց հետո: Նա չի նկատել, թե ինչ ունեցվածքի տեր են դարձել Քոչարյանն ու նրա ընտանիքի անդամները, հիմա չի նկատում, որ նույն բիզնեսմենը Սերժ Սարգսյանն է, եւ որոշում է մեղադրել ընդդիմությանն այդ երեւույթների համար, քանի որ ընդդիմությունը հետեւողականորեն չի քննադատել»,- ասում է Կարապետ Ռուբինյանը՝ խորհուրդ տալով պարոն Ներսիսյանցին թերթել մամուլը, որտեղ ամեն օր ընդդիմադիրները ասում են, որ խորհրդարանը «լցված է անգրագետ բիզնեսմեններով», որոնք զբաղված են միայն իրենց շահերը հետապնդելով: «Իսկ ո՞վ լցրեց այդ բիզնեսմեններին, ո՞վ կազմեց այդ ցուցակը, եթե ոչ Քոչարյանը եւ Սարգսյանը: Ո՞վ բիզնեսմենին նշանակեց ԱԺ նախագահ: Այդ սուր քննադատությունը կհասկանայի, եթե Վ. Ներսիսյանցը հրաժարական տար 6-7 տարի առաջ, ասեր՝ համաձայն չեմ այդ դրվածքի հետ: Իսկ հիմա, սա ուղղակի ձեւ թափոցի է, քանի որ ամբողջ ճշմարտությունը չասել՝ նույնն է, թե ստել»,- համոզված է մեր զրուցակիցը:

Իսկ ի՞նչ է թաքնված այս ամենի հետեւում, հնարավո՞ր է, որ սա որոշակի օլիգարխների ուղղված «մեսիջ» է՝ խաղը շարունակելու Սերժ Սարգսյանի կանոններով: «Առավոտի» այս հարցին ԱԺ նախկին փոխխոսնակը պատասխանեց. «Սերժ Սարգսյանը «մեսիջ» անելու կարիք չունի, որովհետեւ նա կիսաօրինական, չեմ ուզում ասել՝ կիսագողական, հարաբերությունների մեջ է այդ մարդկանց հետ եւ կարող էր ուղղակիորեն խորհրդակցել ու ասել իր անելիքների մասին: Հակված եմ կարծել, որ սա Նեսիսյանցի կերպարն է, որովհետեւ, ճանաչելով նրան, կարծում եմ, որ նա, այնուամենայնիվ, խղճի խայթոցների մեջ է եւ այդ կերպ փորձել է ասել իր մտածածը, մյուս կողմից՝ իրեն ապահովագրել՝ Սերժին, Ռոբին մեջտեղից հանելով»:

Ինչ վերաբերում է ընդդիմության մասին պարոն Ներսիսյանցի դիտարկումներին, թե նման երեւույթները կանխարգելելու լուրջ գործերով զբաղվելու փոխարեն՝ ամբոխավարական կոչեր է անում, Կ. Ռուբինյանը հակադարձում է. «Ընդդիմությունը հստակ ասել է, որ ավազակապետություն է, որ այս իշխանությունը չի արտահայտում ժողովրդի շահերը: Հիմա Ներսիսյանցն այդ ամենը կրկնում է հակառակ կողմից, որ իրենք իրենց շահերն են արտահայտում, այսինքն՝ ժողովրդի շահերը չեն արտահայտում: Գայիր ու կանգնեիր ընդդիմության կողքին: Ասեիր՝ դուք ամբոխավարական բաներ եք ասում, ես հստակ եմ ասում՝ Քոչարյանը թալանչի է: Այն ժամանակ էլ չես ասել, հիմա էլ համարձակություն չունես ասելու, ընդհանրական բաներ ես անում: Ի դեպ, իր տված գաղափարը վատը չէ, որ Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ դատական հետապնդում է պետք սկսել: Եթե «Բջնին» առել է, թող պատգամավորությունից զրկեն»: Այսինքն՝ այն, որ նախագահի գլխավոր խորհրդականը սուր քննադատության է ենթարկում պաշտոնյա-օլիգարխներին, դեռ չի՞ նշանակում, որ նախագահը լուրջ պայքար է սկսելու կոռուպցիայի դեմ: Ըստ պարոն Ռուբինյանի՝ «Ոչ: Պարզապես, Վ. Ներսիսյանցը՝ իր հոգեվերլուծությամբ, իր համար հենակետ է ստեղծում իր կյանքը հանցախմբի ներքո արդարացնելու համար: Ես իրեն ավելի ռադիկալ ձեւն առաջարկեցի՝ տալ հրաժարական, ասել ողջ ճշմարտությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել