Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՈՌԱՑՎԱԾ ՀԻՆԸ՝ ՁԵՎԱՓՈԽՎԱԾ ՆՈՐՆ Է

Փետրվար 27,2010 00:00

«Կարմիր խնձորն» այնքան էլ ազգային ծես չէ

\"\"

Վեց տարի է անցել, բայց Աննայենց բակի բնակիչները չեն կարողանում մոռանալ Աննայի սկեսրոջ մատուցած անակնկալը հարեւաններին: Յոթ տարվա սիրահարներ Աննան եւ Հրայրը վերջապես ամուսնացան: Իսկ իր արարքը սկեսուր Արուսը բացատրում էր այսպես՝ «պետք էր, չէ՞, հարեւաններիս բերանները փակել»: Բերանները միգուցե փակվեցին, բայց հատկապես բակում կանգնած տղամարդկանց աչքերը լայն բացվեցին. Աննայի եւ Հրայրի ամուսնական առագաստի առաջին առավոտվա «պտուղը»՝ կարմիր խնձորը (ոչ միրգը), սկեսրոջ ուղարկած պատվիրակության ձեռքում երկու շենք բաց-բաց պտտվեց, մինչեւ հասավ Աննայի հայրական տուն (Աննան եւ Հրայրը մինչ ամուսնանալը հարեւան շենքերում էին բնակվում): Աննայի մայրn էլ իր կողմից մի ամբողջ շենք հրավիրեց «կարմիր խնձոր ուտելու»: «Բոլորը մեղադրում են ինձ, թե ինչու խայտառակ ձեւով արեցի Կարմիր խնձորը, բայց ես հո գիտեի, թե ինչ են խոսում իմ էրեխեքի հետեւից, եթե հենց այդպես չանեի, մեղադրողներն առաջինը կբամբասեին: Մեղադրում են, բայց «կարմիր խնձոր ուտելու» վազելով են գալիս»,- ասում է սկեսուր Արուսը:
«Կարմիր խնձոր» անվանումով ծես պատմական աղբյուրներում գրեթե չես հանդիպի: Նախկինում խնձորը համարվել է իր ժամանակի հարգի միրգ, եւ բանաձեւ էլ կա. «Կարողա՞ քո հետեւից կարմիր խնձոր եմ ուղարկել»՝ նկատի ունենալով. «Ես քեզ չեմ հրավիրել»: Հիմա եթե մեկի տուն մտնում ես, շոկոլադ ես տանում, այն ժամանակ խնձոր են տարել, դա կարող է նաեւ հրավերի նշանակություն ունենալ: Հարսի տուն գնալիս տարբեր բաներ են տարել, նաեւ՝ խնձոր: Հիմա է, որ «Կարմիր խնձոր» ծեսին ուրիշ հատկանիշներ են վերագրում»,- ասում է ազգագրագետ Գայանե Շագոյանը: Ըստ նրա, «Կարմիր խնձոր» ծեսն այդ անվանումով չի եղել մինչխորհրդային շրջանում, բայց եղել են այլ բազմազան ծեսեր, որոնք ոչ թե հարսի կուսությունն ազդարարող, այլ ամուսնական առագաստ մտնելու ծեսեր են եղել: «Եթե հայերի մեջ ինչ-որ մի բան կատարվում է, անկախ այն բանից, թե որ դարաշրջանից է գալիս եւ այն համատարած բնույթ է կրում, անվանում են ազգային, նույնն էլ «Կարմիր խնձորի» ծեսը, որը տարածվել է խորհրդային տարիներին»,- նշում է ազգագրագետը: Նա այդ երեւույթին բացասական է վերաբերվում. «Որովհետեւ ես կարծում եմ, որ 21-րդ դարում ապրող մարդու անձնական հարաբերությունները դնել ի ցույց եւ դարձնել հասարակական քննարկման առարկա, սոսկ արխայիկ, հետամնաց, մեր ժամանակին ոչ հարիր մոտեցում է»: Գայանե Շագոյանի համոզմամբ, կուսության ինստիտուտը առավել շատ կախված է սոցիալ-տնտեսական հարաբերություններից. նախկինում կնոջ սեռականությունը մի տեսակ ծառայություն էր, որի դիմաց  տղամարդուց ստանում էին  ֆիզիկական եւ տնտեսական ապահովվածություն. նա տրվում էր տղամարդուն, եւ իր կույս լինելու հանգամանքը վստահություն էր ներշնչում տղամարդուն, որ զավակը հենց իրենից է: Եթե կինը կույս չէր, եւ տղամարդը չէր վստահում նրան, իսկ այն ժամանակ ԴՆԹ-ի անալիզ հնարավոր չէր անել, կինը կրում էր իր պատիժը: Տարիների ընթացքում այս երեւույթը, արմատ գցելով մեր հասարակության մեջ, դարձել է օրինաչափություն: «Այսօր, երբ կինն է որոշ դեպքերում հանդես գալիս տնտեսական ապահովողի դերում եւ բավականին ինքնուրույն է, նման հարաբերությունները հավելյալ արգելքներ են առաջ բերում, եւ պարզ չէ՝ հանուն ինչի եւ դիմացը ինչ ստանալու համար կինը պետք է տղամարդուց կախյալ վիճակում մնա»,- ասում է Գայանե Շագոյանը: Անդրադառնալով իմ նկարագրած դեպքին՝ ազգագրագետը նշեց. «Եթե այդ երիտասարդներն ապրեին առանձին, ոչ թե սկեսրոջ հետ, ունենային իրենց տունն ու տեղը, աշխատանքը, յուրաքանչյուրի մոտ այդ «կարմիր խնձորի» հարցը նույնիսկ չէր էլ առաջանա, իսկ քանի որ հիմա մենք ապրում ենք անցումային շրջանում եւ մեծ ընտանիքների մեջ ենք, ընտանեկան կապերը պայմանավորված են տնտեսական կախվածությամբ: Այս դեպքում սկեսուրն իրավունք ունի որոշելու, որովհետեւ շատ դեպքերում ինքն է ընտանիք պահողը: Նա պետք է այնպես ապրի, որ կարողանա շփվել իր սոցիալական միջավայրում, տվյալ դեպքում՝ իր հարեւանների հետ: Փաստորեն, իր սոցիալական միջավայրում «կարմիր խնձորի» արարողությունն ունի մեծ կարեւորություն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել