Լրահոս
Օրվա լրահոսը

ԽԱԲՎՈՒՄ ԵՆ, ԼՔՎՈՒՄ ԿԱՄ ԷԼ ԲԱԺԱՆՎՈՒՄ

Մայիս 29,2010 00:00

Անօթեւանների կացարանում հայտնված անտունները իրենց մեղքով չեն փողոցում հայտնվում

\"\"
Սահակ Պորտուգալյանը շատ է ցանկանում գնալ Ուկրաինա եւ ապրել իր ընտանիքի հետ:

\"\"
Ռազմիկ Խաչատրյանը հիասթափվել է ամուսնություններից: Ասում է. «Ով է խերվել, որ ես խերվեի»:

\"\"
Երբ Եվգենյա Մովսիսյանից հարցրինք, թե քանի՞ տարեկան է, պատասխանեց. «Կնոջից տարիք
չեն հարցնում: Չգիտե՞ք այդ մասին»:

\"\"
Սերգեյ Նավասարդովը կարդալ շատ է սիրում, անընդհատ գնում է գրադարան եւ իրեն հարմար
գիրք ընտրում:

\"\"
Զվարթ Հարությունյանը հավատացած է, որ երիտասարդ մնալու գաղտնիքը ռազմական ծառայությունն է:

Երբ տարբեր խնդիրների հետեւանքով ընտանիքի անդամներից մեկը ստիպված է լինում լքել հարազատ տունը, շատ հաճախ պարզապես հայտնվում է փողոցում, քանի որ մեր երկրում աշխատավարձերը, կենսաթոշակներն ու նպաստներն այնքան ցածր են, որ շարքային քաղաքացին դրանով չի կարողանա տուն վարձակալել, առավել եւս՝ նոր բնակարան գնել: Սոցիալական լարվածությամբ պայմանավորված՝ ավելացած անհաշտությունների հետեւանքով էլ աճում է նաեւ անօթեւանների թիվը: Երեւանի Հաղթանակ թաղամասի ծերանոցում գործող անօթեւանների կացարանում 60 հոգի է տեղավորվում: Տարվա բոլոր եղանակներին այս կացարանը լեփ-լեցուն է, անտուն դիմորդներից շատերը անգամ մերժում են ստանում կացարանի ղեկավարությունից՝ տեղ չլինելու պատճառով: Օթեւան փնտրողների թիվը կտրուկ աճում է ձմռանը, երբ արդեն հնարավոր չէ գիշերները դրսում անցկացնել, եւ մայրաքաղաքի բոլոր «բոմժերը» ապաստան են ման գալիս:
Կացարանում տեղ չեն գտնում հիմնականում «անկարգապահները»՝ խմող ու անհաշտ անօթեւանները: Իսկ եթե տեղ էլ գտնում են, ապա պետք է կարգապահ դառնան: Այս մասին «Առավոտի» հետ զրույցում ասաց անօթեւանների կացարանի տնօրենի օգնական Սամվել Թադեւոսյանը: Նրա խոսքերով, իրենց մոտ տեղ գտած հաճախակի խմող քաղաքացիները պարզապես դուրս են հրավիրվում կացարանից: Թոշակի տարիքի կենվորներին, կացարանի ղեկավարության ջանքերով, տեղափոխում են հարեւան ծերանոց, որպեսզի նրանք կրկին դրսում չհայտնվեն: Իսկ նրանք, որոնց թոշակի տարիքը դեռ չի հասել, սովորաբար 2 ամիսը լրանալուն պես դուրս են գալիս կացարանից, ինչպես որ պահանջում են տեղի կանոնները, մի քանի օր մնում են այլ վայրում եւ կրկին վերադառնում: Լինում է նաեւ, որ կացարանի կանոնները խախտվում են: Օրինակ, 52-ամյա Սահակ Պորտուգալյանն արդեն 4 ամսից ավելի անօթեւանների կացարանում է: «Մեկ անգամ դուրս եկել եմ այստեղից: Ուզում էի Թիֆլիս գնալ, թղթերս դասավորել էի, սակայն սահմանին ինձ կանգնացրին եւ թույլ չտվեցին գնալ, անձնագրիս հետ կապված ինչ-որ խնդիր առաջացավ, հետ եկա կրկին կացարան»,- պատմում է նա: Նա Թբիլիսի էր ուղեւորվում, որպեսզի այնտեղից էլ մեկնի Ուկրաինա՝ իր ընտանիքի մոտ: Սահակն ասում է, որ անպայման պետք է գնա Հայաստանից. «Իմ տարիքի համար ավելի հարմար է այն ճանապարհը, որը ես արդեն ընտրել եմ՝ այստեղից պետք է գնամ ընտանիքիս մոտ»: Չնայած նա կնոջից բաժանվել է, երեխաների հետ կապը պահում է, անընդհատ զանգում են նրան: Մեր հարցին, թե ինչպե՞ս է եղել, որ անտուն է դարձել, նա պատասխանեց. «Անհաջող բաժանման հետեւանքով: Կինս Ուկրաինայի քաղաքացի է, ուստի շատ ու շատ պրոբլեմներ առաջացան տան հետ կապված: Բարեկամներ էլ ունեմ, որոնց տանը կարող էի մնալ, բայց 1-2 օրից ոչ ավելի, քանի որ արդեն 3-րդ օրը տհաճություն է դառնում, անկախ ամեն ինչից՝ պրոբլեմներ են առաջանում, որը ոչ ինձ համար է հաճելի, ոչ էլ բարեկամներիս»:
Ի տարբերություն Սահակի, նրա սենյակային հարեւան՝ 67-ամյա Ռազմիկ Խաչատրյանը երկար ժամանակ դրսում է ապրել, մինչեւ տեղափոխվել է կացարան: «Կարմիր բլուրում էի քնում, մի օբյեկտի պահակի սենյակում,- պատմում է նա:- Ես ղարաբաղյան շարժման առաջին օրերից գնացի Ղարաբաղ, պատերազմից հետո տուն-տեղ հիմնեցի այնտեղ, ընտանիք ստեղծեցի, ամեն ինչով՝ երեխաներով ու թոռներով, սակայն ընտանիքիս անդամները ինձ թողեցին գնացին, ես մնացի մենակ ու որոշեցի հետ գամ Հայաստան: Այնտեղի տունս նվիրեցի հարեւանիս, մի քանի տարի առաջ եկա Երեւան: Իմ թողած Երեւանի տանն էլ ինձ համար տեղ չկար, ու այդպես մնացի դրսում: Սկսեցի հետաքրքրվել, թե ուր կարող եմ գնալ, տեղեկացա, որ նման կացարան կա, դիմեցի՝ ընդունեցին»: Նրան շուտով տեղափոխելու են հարեւանությամբ գտնվող ծերանոց: Ասում է, որ ծերանոցի պայմաններին դեռ ծանոթ չէ, բայց կհարմարվի. «Բա ի՞նչ պիտի անեմ»: Նա իր հարեւան Սահակի հետ հաճախ է գնում դուրս, բայց նրանք օրն անց են կացնում հիմնականում հեռուստացույց նայելով:
Փաստաթղթերով ծերանոց պետք է տեղափոխվեին նաեւ 77-ամյա Սերգեյ Նավասարդովն ու նրա քույր Եվգենյա Մովսիսյանը, սակայն արդեն 2-րդ ամիսն է՝ նրանք երկուսն էլ հրաժարվում են լքել կացարանի իրենց սենյակները: Ասում են, որ ոչինչ չեն կորցրել ծերանոցի սենյակներում, որ տեղափոխվեն այնտեղ:
Կացարանի տնօրենի օգնական Սամվել Թադեւոսյանը պարզաբանեց, որ նման դեպքերում իրենք ծերանոցից են փոխ առնում այնքան տեղ, որքան իրենց մոտ զբաղեցնում են ծերերը:
Եվգենյան ու Սերգեյը Երեւանում միասին են ապրել, միասին էլ՝ զրկվել բնակարանից: Եվգենյայի պատմելով, ինքը ամուսնու հետ է տեղափոխվել. «Իմ ամուսինը ռազմական օդաչու էր, նրան գործուղեցին Երեւան: Մենք եկանք, սակայն նա այստեղ մահացավ: Երբ եղբայրս տեղափոխվեց Երեւան, որոշ բարեկամների տանը մնալուց հետո՝ տեղափոխվեց ինձ մոտ, քանի որ արդեն առողջականն այն չէր: Մեզ տնից զրկեց մեր զարմիկը, խաբեց մեզ: Նա ինչ-որ մեկից գումար էր վերցրել, ու դրա փոխարեն նրան հանձնել իմ բնակարանը: Ինձ տվել էր փաստաթղթեր, որ ստորագրեմ, ես էլ առանց կարդալու, հավատալով նրա խոսքերին՝ ստորագրեցի: Նա ինձ ասել էր, որ ես ստորագրում եմ որպես վստահված անձ, այլ ոչ թե տունս հանձնելու պարտավորագիր: Մի քանի օր անց մեզ հանեցին տնից: 13 օր մենք Կոմիտասում գտնվող այգում մնացինք, ես հիվանդացա, ոտքերս ուռել էին, չէինք քնում, չէինք շարժվում: Հետո միգրացիոն գործակալությունը մեզ ուղարկեց այստեղ, սակայն մինչեւ այստեղ ապրելը, մենք 11 օր հետազոտություն անցանք պոլիկլինիկայում եւ եկանք այս կացարան: Մեզ այստեղ շատ լավ ընդունեցին»: Նա ասաց, որ հիմա դատական պրոցեսների մեջ է՝ իր տան գործով, այդ գործի քննումն անցել է արդեն վճռաբեկ դատարան. «Ամբողջ օրը զբաղված եմ այդ գործերով: Բացի այդ, մաքրություն եմ անում եւ ուտելիք պատրաստում: Իսկ երբ տանը լինեինք, կիմանայինք ինչ անել, սենց բաներով էլ չէինք զբաղվի»:
Նրա եղբայրն էլ է ասում, որ երբ աշխատում էր եւ տուն ուներ, ամեն ինչ այլ կերպ էր. «Այն ժամանակ աշխատավարձ էի ստանում, գլուխս պահում, սակայն հետո արդեն հանեցին ինձ աշխատանքից: Հիմա թոշակ եմ ստանում, չգիտեմ էլ՝ ինչքան, այդ գործերով քույրս է զբաղվում: Մեր թոշակները մենք միասին ենք ծախսում՝ հիմնականում ուտելիքի վրա»:
Սերգեյն ավելի շատ այլ գործերով է զբաղվում, գիրք է կարդում, երաժշտություն լսում: Շատ է սիրում Գագիկ Ծառուկյանին, նրա նկարները փակցված է իր սենյակի մի քանի անկյունում: Երբ նրանից հետաքրքրվեցինք, թե ի՞նչն է այս սիրո պատճառը, պատասխանեց. «Նախ առաջինը, որ մեր հայն է, հետո էլ, որ հայերին օգնում է: Իրա գործերի մասին շատ լավ գիտեմ»:
Քանի որ Սերգեյն ու Եվգենյան ծնվել են Բաքվում, մենք Սերգեյ պապից հետաքրքրվեցին, թե ինքը ե՞րբ է տեղափոխվել Երեւան, պատասխանեց, որ 1989 թվականին է փախել Բաքվից. «Կինս այնտեղ մահացավ: Մի օր ադրբեջանցիները՝ մի 30 հոգի, մտան իմ տուն ու ասացին՝ գարդաշ, դա եղբայր է նշանակում, ուզո՞ւմ ես ապրել, ես էլ պատասխանում եմ՝ ո՞նց չեմ ուզում, իրենք էլ ասեցին, որ առաջին անհրաժեշտության բաները վերցնեմ ու փախչեմ: Այդ վիճակով էլ ի՞նչ պիտի վերցնեի: Մեկ վերնաշապիկով դուրս եկա, եկա այստեղ»: Հարցին, թե չի՞ ցանկանում վերադառնալ իր հարազատ քաղաք, նա պատասխանեց. «Ճիշտն ասած, Բաքուն շատ սիրուն քաղաք է, 2 անգամ ավելի մեծ է, քան Երեւանը, բայց այնտեղ գնալը՝ կնշանակի իմ մահը, իմ գլուխը կկտրեն: Շատ լավ թաղամասում էի ապրում այնտեղ, սակայն հիմա այնտեղ արդեն ադրբեջանցիներն են»:
Տեսքից անհամեմատ երիտասարդ երեւացող 70-ամյա ռազմական վիրաբույժ, հիմա արդեն զինվորական հաշմանդամների տեսուչ Զվարթ Հարությունյանին էլ կացարան են բերել Նոր Նորքի վարչական տարածքի աշխատակիցները: «Ես վարձով էի բնակվում Նոր Նորքում, շատ փոքրիկ բնակարանում: Որտեղ ոչ լույս կար, ոչ ջուր: Մոտ գտնվող եկեղեցու բակից էի ջուր կրում: Մեր փոքրիկ բնակարանների սեփականատիրոջը երբ բողոքում էին այդ պայմաններից, վռնդում էր: Ես էլ, քանի որ տեղ չունեի գնալու, սուսուփուս ապրում էի: Ես թաղապետի հետ սերտ շփման մեջ էի, վետերանների խորհրդի նախագահն էի: Շատ աշխատանքներ էի անում: Երկար ժամանակ չէի գնացել թաղապետարան, այնտեղից եկան իմ որպիսությունն իմանալու: Ես էլ նախորդ օրն ընկել էի, աչքերիս տակը կապտել էր: Դողացնում էի նստածս տեղը: Որ ինձ այդպես տեսան, միանգամից թաղապետարանի միջամտությամբ ինձ տեղափոխեցին այստեղ՝ կացարան»,- պատմեց տիկին Զվարթը: Նա չի ամուսնացել: Ասում է, որ ամբողջ կյանքը ծառայել է, դրա համար էլ չի կարողացել ամուսնանալ. «Եթե ամուսնանայի, ապա երեխաներին ո՞ւմ թողնեի»:
Իրականում տիկին Զվարթը հերթագրված է եւ պաշտպանության նախարարությունը նրան բնակարան պետք է հատկացնի, սակայն արդեն հույսը կորցրել է, քանի որ իրեն ասել են, թե բնակֆոնդը չի բավարարում բոլորին բնակարանով ապահովելու համար. «Թոշակս էլ մեծ պրոբլեմ եղավ: Քանի որ ես աֆղանական պատերազմի մասնակից եմ, ինձ ասում էին, որ պետք է Ռուսաստանից թոշակ ստանամ: Այնտեղից էլ ասում էին, որ ես ՀՀ քաղաքացի եմ եւ պետք է այստեղից ստանամ: Մի խոսքով, հիմա ստանում եմ 24 հազար դրամ թոշակ, որից 8 հազարը պահվում է»: Մեր հարցին, թե ինչո՞վ է զբաղվում ոչ ծառայության ժամերին, պատասխանեց. «Ես շատ աշխույժ կին եմ: Հիմա թթի սեզոնն է, չէ՞, հավաքում եմ, չորացնում ու չիր եմ պատրաստում: Դաշտից խոտաբույսեր եմ հավաքում, տապակում կամ չորացնում ու հյուրասիրում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել