Լրահոս
Օրվա լրահոսը

ՌՈՒՍԱՍՏԱՆՈՒՄ ՀՐԴԵՀՆԵՐԻ ՊԱՏՃԱՌՈՎ ԱՆՕԹԵՎԱՆ ԵՆ ՄՆԱՑԵԼ

Հուլիս 31,2010 00:00

\"\"Ռուսաստանի կենտրոնական շրջաններում, բարձր ջերմաստիճանի պատճառով այրվել է ավելի քան հազար բնակելի տուն, ավելի քան երկու հազար մարդ մնացել է անօթեւան: Այդ մասին հաղորդում է BBC-ն: Ուրբաթ, օրվա կեսին ստացված տվյալներով, զոհվել է առնվազն 12 մարդ՝ 5-ը Վորոնեժի մարզում եւ 7-ը՝ մերձմոսկովյան Լուխովիցկի շրջանում: Զոհվածների թվում հրշեջ ծառայության երկու աշխատակիցներ կան: Ռուսաստանում բռնկած հրդեհների չեզոքացման համար, բացի տեղական վթարային ծառայություններից, գործի են դրվել նաեւ զինվորական ուժերը: «Նախագահը պաշտպանության նախարարությանը հանձնարարել է բոլոր ուժերն ու հնարավորությունները կենտրոնացնել հրդեհների չեզոքացման ուղղությամբ»,- այդ մասին հայտարարել է նախագահի մամուլի խոսնակ Նատալյա Տիմակովան: Ռուսաստանի կառավարությունը հատուկ կառույց է ստեղծում, որը պետք է կենտրոնացնի շրջաններում հրդեհների հետեւանքների վերացման եւ փոխհատուցում վճարելու ուղղությամբ տարվող աշխատանքները: Այդ մասին Նիժնի Նովգորոդում հայտարարել է ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը: Նախատեսվում է հրդեհներից տուժած քաղաքացիներին վճարել 200-հազարական ռուբլի փոխհատուցում: Յուրաքանչյուր զոհվածի ընտանիք կստանա մեկ միլիոն ռուբլի: Իշխանությունները խոստացել են նաեւ, որ հրդեհված բոլոր բնակելի տները մինչեւ տարեվերջ կվերակառուցվեն: Պուտինը շեշտել է, որ հատկապես ծանր իրավիճակ է ստեղծվել Նիժնի Նովգորոդի, Ռյազանի եւ Վորոնեժի մարզերում:
Արտակարգ իրավիճակների ծառայության պաշտոնական ներկայացուցչի փոխանցմամբ, Դաշնային կենտրոնական մարզում բնական հրդեհների 30 օջախ կա, որոնցից 14-ը գտնվում են բնակավայրերի մերձակա շրջաններում:
Բացի աննախադեպ տաք եղանակից ու երաշտից, ՌԴ շատ շրջաններում նաեւ քամիներ են սկսվել, որոնք նպաստում են հրդեհների տարածմանը: ՌԴ դատախազությունը սկսել է բռնկած հրդեհների առնչությամբ ստուգումներ անցկացնել: Հաղորդվում է, որ դեռ հինգշաբթի օրը հրդեհների պատճառով այրվել է 3 հազար հեկտար անտառային տարածք: Կրակը հասել է նաեւ բնակելի շինություններին եւ արդյունքում շուրջ 100 մարդ տուժել է, ավելի քան 20 հոգի՝ հոսպիտալացվել, այրվել են հարյուրավոր տներ: Կրակը ոչնչացրել է նաեւ Վորոնեժի երեք զբոսաշրջային բազաներ, որի արդյունքում լեռնային առողջարանում հանգստացող մի քանի տասնյակ հիվանդներ ու նաեւ 1200 հանգստացողներ, այդ թվում՝ երեխաներ, հարկադրաբար տարհանվել են:
Միջազգային լրատվական գործակալությունների ուշադրության կենտրոնում Ռուսաստանից ստացված մեկ այլ տեղեկություն էր հայտնվել: Ըստ «Reuters»-ի, ուրբաթ օրն իր զբաղեցրած պաշտոնից՝ որպես երկրում մարդու իրավունքների վիճակի վատթարացման դեմ բողոքի նշան, հրաժարական է տվել ՌԴ նախագահին կից իրավապաշտպանների խորհրդի ղեկավար Էլլա Պանֆիլովան: Ընդսմին, գործակալության հետ հեռախոսազրույցում նա հերքել է, թե իր հրաժարականը պայմանավորված է նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ Անվտանգության դաշնային ծառայության լիազորությունների ընդլայնման առնչությամբ ազատական ուժերի եւ իրավապաշտպանների հայտնած մտահոգությամբ: Հիշեցենք, որ այս օրերին Ռուսաստանում գրանցվել է աննախադեպ բարձր՝ 38-40 աստիճան տաքություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել