Լրահոս
Օրվա լրահոսը

Նոր բացահայտումներ «Քարահունջի» մասին

Սեպտեմբեր 08,2010 00:00

Մեր Քարահունջն ավելի հին է, քան բրիտանական «Սթոունհենջը»

\"\"Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանում գտնվող «Քարահունջ» պատմահնագիտական հուշարձանի շուրջ շարունակվում են նոր բացահայտումներ արվել: Շուրջ 2 շաբաթ կտեւի հայ-բրիտանական հետազոտությունը, որը կսկսվի այս շաբաթ: 5-6 հոգանոց արշավախումբը բաղկացած կլինի աստղաֆիզիկոսներից, մաթեմատիկոսներից, աշխարհագրագետներից, հոգեբանից: Երեկ Օքսֆորդի համալսարանի «Քարեր եւ աստղեր» ծրագրի հայաստանյան արշավախմբի գլխավոր գիտական խորհրդական Վաչագան Վահրադյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ներկայացրեց վերջին տարիների աշխատանքների արդյունքում ստացած նոր բացահայտումները: Հայտնագործությունների արդյունքում ճշտվել եւ հիմնավորվել է հուշարձանի անվանումը՝ «Քարահունջ» կամ «Անգղի քարահունջ»: Ոմանց կողմից «Քարահունջը» ներկայացվում է նաեւ «Զորաց քարեր» անվամբ, ինչը, ըստ Վ. Վահրադյանի, ճիշտ ձեւակերպում չէ եւ, ըստ նրա, կարեւոր է, որ այդ արտահայտությունը մարդկանց մեջ չշրջանառվի. «Մեր հետազոտություններով պարզեցինք, որ «Զորաց քարը» թուրքերեն «Ղոշուն դաշ» արտահայտության սխալ թարգմանությունն է»: Բացահայտվել է նաեւ «Անգղի քարահունջ» հուշարձանի կապը Անգղի (Կարապի) համաստեղության, ինչպես նաեւ Անգեղակոթ ու Բռուն գյուղերի եւ «Պորտաքար» ծիսավայրի աշխարհագրական տեղադրվածության, նաեւ այդ կապը Արեւմտյան Հայաստանում գտնված Պորտասարի հուշարձանի հետ: «Արեւմտյան Հայաստանում, որն այժմ օկուպացված է վայրի ցեղերի կողմից, հայտնաբերվել է մի կառույց Պորտասարի տարածքում, որը գտել է գերմանացի գիտնական Կարլ Շմիդտը: Այն 12 հազար տարվա հնության է: Եթե ինտերնետում ցանկանաք այս կառույցի մասին տեղեկատվություն ստանալ, պետք է փնտրեք թուրքացված անվամբ կամ պարզապես «Թըրքիշ սթոունհենջ», որովհետեւ թուրքերն այն արդեն աշխարհում ներկայացնում են որպես թուրքական աստղագիտական ժառանգություն, նույնիսկ ցուցահանդեսներ են բացել ԱՄՆ-ում ու Ֆրանսիայում, իսկ հայ գիտնականները ծպտուն չեն հանում այդ մասին, չեն հակադարձում, որ այն ոչ թե թուրքական, այլ հայկական է»: Չնայած այս կառույցը Վ. Վահրադյանի կողմից դեռեւս ուսումնասիրված չէ, բայց նա գտնում է, որ Պորտասարի հուշարձանը իրականում ավելի հին է՝ 18.5 հազար տարվա, եւ համընկնում է Կարիճի ժամանակաշրջանի հետ: Ինչ վերաբերում է «Քարահունջին», բացահայտվել է այդ հուշարձանի կապը «Սթոունհենջի» հետ: Ուսումնասիրությունների արդյունքում առաջ են քաշվել եւ հիմնավորվել վարկածներ բրիտների հայաստանյան ծագման մասին: Պարոն Վահրադյանի խոսքով՝ չնայած «Քարահունջի» տարեթիվը դեռ ամբողջովին բացահայտված ու ապացուցված չէ, բայց հավանական է, որ մեր «Սթոունհենջը» ավելի հին է, քան անգլիականը, քանի որ բրիտներն են կառուցել «Սթոունհենջը», իսկ նրանք եկել են Հայաստանից: Վ. Վահրադյանի խոսքով՝ իր հետ աշխատող հնագետները, ովքեր այդ տարածքում կամ մոտակա հնավայրերում գտել էին ոսկորներ, կերամիկա, «Քարահունջը» թվագրել էին 3900 տարի: Պարիս Հերունու տվյալներով՝ «Քարահունջը» 7.5 հազար տարվա պատմություն ունի: Բանախոսը հավաստիացրեց, որ մերոնց կատարած հաշվարկներն ավելի ճշգրիտ են, որովհետեւ հենվում են մաթեմատիկայի եւ աստղագիտության տվյալների վրա: Հարցին՝ ի՞նչ կտան այս ուսումնասիրությունները, պարոն Վահրադյանը պատասխանեց. «Այս հետազոտություններն ապացուցում են, որ Հայաստանը եղել է հնագույն աստղագիտական կենտրոն: Սա բարձրացնելու է հայ ազգի քաղաքակրթական եւ աշխարհաքաղաքական վարկանիշը աշխարհում, որն արդեն օգուտ է, բացի դրանից, կա նաեւ զուտ գիտական պահը»: Նա նաեւ նշեց, որ նյութերն ուղարկվել են Օքսֆորդի համալսարան, նրանց մոտ հետաքրքրություն է առաջացել, կգան Հայաստան, ուսումնասիրություններ կկատարեն, որից հետո այս ամենը կներկայացվի միջազգային ամսագրերում, միջազգային գիտական շրջանակներին. «Անգլիական «Սթոունհենջ» տարեկան մի քանի միլիոն մարդ է գնում, տոմսը 10-12 ֆունտ ստերլինգ է: Նույնը նաեւ Հունաստանում է, ամեն գտած քարի վայրը թանգարան են դարձրել, մեր «Քարահունջում» ոչխարներ, կովեր են արածեցնում եւ 95-րդ քարը կորել է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել