Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՐԹՈՒՐ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ. «ԿՈՊԻՏ ԱՍԱԾ՝ ԳՅՈՒՂԻՑ»

Դեկտեմբեր 25,2010 00:00

\"\"Հերթական ֆլեշմոբը Երեւանում. դժգոհ էր միայն ոստիկանական հագուստով վարորդ Արթուր Բաղդասարյանը

Ֆլեշմոբ կամ շանթամբոխ, այսպես են կոչվում նախապես կազմակերպված եւ աբսուրդային սցենարով միջոցառումները, որոնք տեղի են ունենում շատ հանկարծակի. «մոբերներ» կոչվող որոշ քանակի մարդիկ հայտնվում են հասարակական վայրում, իրագործում որեւէ սցենար ու արագ ցրվում: Ֆլեշմոբը դուրս է կրոնից, քաղաքականությունից եւ օրենքներից, այսինքն՝ այն չպիտի շահամոլական նպատակներով իրականացվի:

Հայաստանում «ֆլեշմոբային զանգվածները» նոր են ձեւավորվում, իսկ աշխարհում դրանք արդեն հասցրել են մեծ մասսայականություն վայելել: Այսպիսի մի ակցիա էլ վերջերս կազմակերպվել էր Երեւանում: Սկզբում «Երիտասարդական» մետրոյի դիմաց հավաքվեց մոտ երեսուն երիտասարդ՝ ձեռքերին պաստառներ, որոնց վրա գրված էին տարբեր բնույթի բառեր եւ բառակապակցություններ, ապա նրանք մուտք գործեցին կայարան:

Այն, որ մեր փողոցներում հաճախ կարող ենք հանդիպել պաստառներով պտտվող մարդկանց, որոնք բողոքում են այս կամ այն բանից, դժվար թե զարմանք առաջացնի, սակայն երիտասարդների կազմակերպած ֆլեշմոբը բացառություն էր: Պաստառների վրա գրված էին. «Հաղթեցի՞նք», «Սարի աջ ափին», «Տեղը դնել», «Կարմիր գլխարկ», «Գովազդի տեղ», «5000», «Բոլորով» եւ այլն: «Ես, ճիշտն ասած, ոչինչ չեմ հասկանում,- տեսնելով պաստառները՝ ասաց մետրոյի այցելուներից մեկն ու ավելացրեց,- ի՞նչ իմաստ կա այսպիսի պլակատներով մետրոյում պտտվել»: Մի երիտասարդ էլ սկսեց հետաքրքրվել, թե սա ինչ միջոցառում է, լսելով «ֆլեշմոբ» բառն ու ստանալով բացատրությունը՝ պատասխանեց. «Ինձ էլ թվում էր, թե «Viva Cell»-ի գովազդն ա»:

Ակցիայի կազմակերպիչներից «Հայկական ֆլեշմոբ դիվիզիայի» խորհրդի անդամ Արմեն Սուքիասյանի խոսքերով՝ շատ լավ է, որ մարդիկ չեն հասկանում պաստառների իմաստը. «Ֆլեշմոբի բնույթը հենց դա է, այն պիտի աբսուրդային լինի»: Զրուցակիցս նշեց, որ միջոցառումը, բացի զվարճանքից, նաեւ շանս էր մարդկանց, որ մտածեն ու փնտրեն այն տողատակերը, որոնք կորցրել են:

Անի Բերբերյանը եւ Հրաչ Շահվերդյանը ֆլեշմոբի մասին իմացել էին իրենց ընկերներից: Անին նման միջոցառմանն առաջին անգամ էր մասնակցում: «Շատ հետաքրքիր էր, լավ է, որ ֆլեշմոբը լայն մասսայականություն է ձեռք բերում»,- ասաց նա: Անիի պաստառի վրա գրված էր՝ «տեղը դնել», որի մեջ նա իմաստ չէր տեսնում եւ կցանկանար, որ ավելի իմաստալից ու ինչ-որ բան հաղորդող պաստառներ լինեին: Մինչդեռ Հրաչի ձեռքի պաստառի գրառումը, ըստ նրա, համապատասխանում է իր բնույթին. «Պլակատին գրված է «գովազդի տեղ», իսկ գովազդն ու բիզնեսը ինձնից անպակաս են, քանի որ ես վեբ-դիզայներ եմ ու զբաղվում եմ նաեւ գովազդով»:

Երիտասարդները դուրս եկան «Մարշալ Բաղրամյան» կայարան եւ գնացին Սիրահարների այգի: Ամբողջ ընթացքում նրանց խոչընդոտող ոչինչ չեղավ, մինչ այգու դիմաց չհանդիպեցին ոստիկաններին, որոնց այնքան էլ դուր չէին եկել «մոբերները»: Երբ նրանցից հարցրի, թե այս միջոցառմամբ չի՞ խանգարվում հասարակական կարգը, ոստիկաններից մեկն այն որակեց որպես բռի երեւույթ. «Յանըմ, որ սենց հեռվից նայում ես, բռիավարի դուրս են գալի, կոպիտ ասած՝ գյուղից, խանգարո՞ւմ են, թե՞ ոչ»: Չնայած ոստիկանական հագուստի առկայությանը՝ զրուցակիցս պնդեց, որ ինքը ոստիկան չէ, այլ «հարգելի քաղաքացի», ավելի ճիշտ՝ վարորդ: Նա ներկայացավ Արթուր Բաղդասարյան անվամբ՝ ցույց չտալով անձը հաստատող որեւէ փաստաթուղթ եւ չթողնելով իրեն նկարահանել:

Բացառությամբ «Արթուր Բաղդասարյան վարորդի», ճանապարհին հանդիպած անցորդները առանց զայրույթի ընդունեցին երիտասարդներին, նրանք հետաքրքրությամբ նայում էին պաստառներին, հարցեր տալիս եւ ծիծաղում գրությունների վրա: Մասնակիցները հեռացան՝ խոստանալով այս ամիս կազմակերպել մեկ այլ ֆլեշմոբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել