Լրահոս
Օրվա լրահոսը

«ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ» ԱՆՈՒՆԸ ԳԱՂՏՆԻ՞ Է

Դեկտեմբեր 25,2010 00:00

\"\"Որոշ տեղերում աշխատանքի ընդունողները իրենց շուրջ  տարօրինակ խորհրդավորության շղարշ են ստեղծում

«Միջազգային ընկերությանը անհրաժեշտ են նպատակասլաց աղջիկներ եւ տղաներ»: Կարդում ես այս հայտարարությունը եւ \"\"մտածում՝ ինձնից նպատակասլաց աղջիկ դժվար էլ գտնվի, եւ զանգում ես հայտարարության ներքեւում նշված համարին: Պատասխանում են քեզ բարեհամբույր տոնով եւ հաստատում, որ հայտարարությունն ուժի մեջ է եւ բացատրում հասցեն՝ Օրբելի եւ Կիեւյան խաչմերուկի մոտ: Հաջորդ օրն էլ այնտեղ ես: Սպասասրահում կանգնած այցելուներն էլ ենթադրում են. երեւի «Oriflame»-ի նման բան է: Մինչեւ դու նրան կամացուկ փորձում ես բացատրել, որ դու լրագրող ես եւ եկել ես պարզապես բացահայտելու, թե ինչ աշխատանք է սա եւ մինչ նա որոշում է քեզ իր համարը տալ, գալիս է մի երիտասարդ եւ կանչում՝ երեւի հարցազրույցի: Միանգամից հարցնում է անունդ, հեռախոսիդ համարը, ապրելու եւ ծնողներիդ աշխատելու վայրերը եւ տալիս մի թուղթ՝ լրացնելու համար: Այնուամենայնիվ, քեզ պետք է իմանալ՝ ցանկանո՞ւմ ես այս ընկերությունում աշխատել, թե՝ ոչ: Եվ երբ հարցնում ես, թե ինչ ընկերություն է, երիտասարդը պատասխանում է՝ «Միջազգային»: «Իսկ միջազգային ընկերությունը անուն չունի՞»,- հետաքրքրվում ես դու, դիմացինդ էլ, թե. «Իմ անունը Ռաֆիկ է, դա Ձեզ որեւէ բան ասո՞ւմ է»: Հետո էլ քեզ հանդիմանում է, թե դու աշխատանք չես ուզում, դու նպատակասլաց չես: Դու էլ փորձում ես բացատրել, որ ուզում ես աշխատանք, որ քեզ հարմար լինի, որ ուսանող ես, պետք է աշխատանքային գրաֆիկը ազատ լինի, նա էլ ժպտում է, եւ դու հասկանում ես, որ սա հենց այդ աշխատանքն է: Բայց երբ փորձում ես պարզել, թե, այնուամենայնիվ, դու ինչ ես անելու, համառորեն քեզ չի պատասխանում: Հարցնում ես. կարո՞ղ է միջազգային ընկերությանը մատուցողուհի կամ գործավարուհի է պետք, նա էլ, թե ոչ, դրանք ծառայություններ են, իսկ իրենց առաջարկումը՝ աշխատանք: Դե իհարկե, կհարցնես աշխատանքի եւ ծառայության տարբերությունը, նա էլ կփորձի քեզ բացատրել, որ աշխատանքի միջոցով քո տունն ես կառուցում, եւ դու մեկ է, չես հասկանա եւ մի քիչ կվիճես նրա հետ, հետո պատերին տեսնելով ինչ-որ կոսմետիկաների գովազդային պաստառներ, կհարցնես. «Faberlic»-ի կամ «Oriflame»-ի առաջարկած աշխատանքի նման է, եւ դու պետք է կոսմետիկա վաճառես, նա էլ. «Ոչ, մեր բիզնեսը ուրիշ է»: Հետո ասում է, որ նրանց ընկերությունը կոսմետիկա չի վաճառում եւ պաստառի վրայի գովազդը, որ քեզ թվաց օծանելիքի է, պարզվում է՝ թութքի բուժման համար նախատեսված դեղի է: Եզրակացնում ես, որ այս միջազգային ընկերությունն էլ իր դեղերն է փորձում «օրիֆլեյմաբար» վաճառել եւ ուզում ես իմանալ՝ այս հարցազրույցից հետո որոնք են քո անելիքները՝ Ռաֆիկն էլ բացատրում է, երեք օրվա փորձաշրջանից հետո, որի նպատակն է քեզ ճանաչել, կպարզվի՝ կարո՞ղ ես աշխատել այդ ընկերությունում, թե՝ ոչ: Բայց մինչ այդ, երեկոյան ժամը վեցին պետք է զանգես ընկերություն: Դու հրաժեշտ ես տալիս եւ դուրս գալիս: Եվ միայն տրանսպորտ նստելիս մտածում քո աններելի սխալի մասին՝ ընկերության անունը չկարդացիր գովազդային պաստառի վրա, բայց մտածում ես՝ կզանգես երեկոյան վեցին՝ կպայմանավորվես փորձաշրջանի համար եւ այն ժամանակ էլ ուշադիր կլինես եւ կկարդաս: Երեկոյան վեցին էլ զանգում ես եւ այս բարեհամբույր ձայներն ասում են. «Կներեք, բայց Դուք հարմար չեք այս աշխատանքի համար»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել