Լրահոս
Օրվա լրահոսը

«Սուբյեկտության վերականգնման 1-ին քայլ»

Հունվար 29,2011 00:00

Այսպես է մեկնաբանում ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանը ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի հասարակական խորհրդի նախաձեռնությունը:

ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի հասարակական խորհրդի նախաձեռնությամբ 2010 թվականի նոյեմբերի 26-ին Ստեփանակերտում քննարկվել էր «ԼՂՀ ժողովրդի խաղաղության եւ ազատ զարգացման իրավունքի» մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակագիրը: Հասարակական քննարկումների արդյունքում նախագիծը լրամշակվեց եւ փոխանցվեց ԼՂՀ ԱԺ-ին: Օրերս ԼՂՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովից ստացված նամակում ասվում է, որ համաձայն ԼՂՀ Սահմանադրության՝ ԼՂՀ ԱԺ-ն իրավասու է ընդունել հայտարարություններ, ուղերձներ եւ հայտարարություններ բացառապես օրենսդրական գործունեության եւ իր աշխատանքի կազմակերպման շրջանակում, հետեւաբար՝ «հռչակագրի առաջարկված տեքստը չի կարող դառնալ ԼՂՀ ԱԺ քննարկման առարկա»: ԼՂՀ արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերի հասարակական խորհրդի համակարգող, ԼՂՀ նախկին փոխարտգործնախարար Մասիս Մայիլյանի հետ զրույցում «Առավոտը» փորձեց հասկանալ՝  ի՞նչ է իրենից ենթադրում «ԼՂՀ ժողովրդի խաղաղության եւ ազատ զարգացման իրավունքի» մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակագիրը:
– Նախագիծն, ըստ էության, մի հայտարարություն է, որի միջոցով նախատեսվում է ի լուր ամբողջ աշխարհի բարձրաձայնել Արցախի ժողովրդի ոտնահարված իրավունքների մասին: Բաքվի իշխանությունների եւ միջազգային կառույցների կողմից մեր իրավունքների անտեսումն արդեն իսկ մի անգամ պատերազմի է հանգեցրել: Իրավունքների ճանաչումն ու վերականգնումը, դրանց հետեւողական պաշտպանությունը ի զորու են կանխելու ադրբեջանական նոր ագրեսիան: Արցախյան հանրությունում կա նման ընկալում: Այդ պատճառով ԼՂՀ հասարակայնության ներկայացուցիչների կողմից հավանության արժանանալուց հետո նախագիծն ուղարկվեց խորհրդարան՝ քննարկելու եւ ընդունելու համար: Սակայն  հանձնաժողովի կարծիքով՝ հռչակագրի առաջարկված տեքստը չի կարող դառնալ ԼՂՀ ԱԺ քննարկման առարկա:
– Պաշտոնական պատասխանից դուրս, ըստ Ձեզ, ի՞նչ պատճառներ կան սույն առաջարկը մերժելու համար:
– Կարծում եմ, որ նման վերաբերմունքի դրդապատճառների մասին պիտի խոսեն այն պատգամավորները, ովքեր իրավաբանական տեսանկյունից նման անհիմն որոշում են ընդունել:
– Ի՞նչ հնարավորություններ են բաց թողնվում այս մերժմամբ:
– Հռչակագրի ընդունումը ԼՂՀ-ի համար կարող է դառնալ սեփական սուբյեկտության վերականգնման ճանապարհին կատարված առաջին քայլ, ինչն էլ իր հերթին էականորեն կնպաստի ԼՂՀ քաղաքացիների ու նրանց ներկայացուցիչների լիարժեք մասնակցությանը այն հարցերում, որոնք առնչվում են ժողովրդի իրավունքների պաշտպանությանը եւ Արցախի ապագային: Ներկայումս շատ տարածված է պատեհ-անպատեհ խոսել այն մասին, որ առանց ԼՂՀ մասնակցության արցախյան հիմնախնդիրը չի լուծվի, բայց նման հայտարարությունների համապատկերում որեւէ քայլ չի ձեռնարկվում իրավիճակը շտկելու համար:
– Որեւէ կերպ շարունակելո՞ւ եք հռչակագրի ընդունմանն ուղղված քայլերը, թե՞ հարցն այսպիսով փակվում է:
– Մենք կփորձենք խորհրդարանականներին համոզել «ԼՂՀ ժողովրդի խաղաղության եւ ազատ զարգացման իրավունքի» մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հռչակագրի նախագծի քննարկման անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը: Մենք պիտի ինքներս մեզ ու համայն աշխարհին ապացուցենք, որ ապրում ենք մի երկրում, որի խորհրդարանը չի մերժում հանրային նախաձեռնությունները, այլ ընդհակառակը՝ արտահայտում է դրանք: Հուսով եմ, որ ժողովրդի ընտրյալները հակառակը չեն ապացուցի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել