Լրահոս
Օրվա լրահոսը

ՆՐԱՆՑ ԳՈԹԵՐ ԵՆ ԱՆՎԱՆՈՒՄ

Փետրվար 19,2011 00:00

«Այս ենթամշակույթի պահանջը կա». համոզված են երիտասարդ գոթերը

\"\"
ԳԵՎՈՐԳ ԹՈՍՈՒՆՅԱՆ

Ակաշան իր ամենօրյա ճանապարհն անցնում է ականջակալներով: «Ես պարզապես փորձում եմ նրանց բանի տեղ չդնել: Այստեղ՝ Հայաստանում, իսկապես տհաճ է. ցանկացած ոչ ֆորմալ մարդու ահավոր նայում են, բացի նայելուց եղել են նաեւ վիճաբանություններ անցորդների հետ»,- ասում է նա: Իսկ Հելվետին համոզված է, որ այժմ իրենց հեշտությամբ տարբերում են այլ ենթամշակույթների ներկայացուցիչներից: «Մարդիկ սկզբնական շրջանում մեզ շփոթում էին սատանիստների, ռոքերների եւ էմոների հետ, սակայն հիմա \"\"զանազանությունները տեսնում են»,- ասում է նա: Ինչպես հասկացաք՝ Ակաշան ու Հելվետին, բնականաբար, կեղծանուններ են, ո՛չ էմոներ են, ո՛չ սատանիստներ, ո՛չ ռոքերներ, ո՛չ էլ ռաբիսներ: Նրանց գոթեր են անվանում:
Գոթիկան կամ գոթական ենթամշակույթն առաջացել է 20-րդ դարի 70-ական թվականներին՝ պոստ-պանկ (post-punk) կոչվող ռոք երաժշտության ազդեցության տակ: Նշենք, որ այն ամենեւին էլ կապ չունի գերմանական «գոթեր» կոչվող ազգության հետ: Այս ենթամշակույթը բավականին տարասեռ է, սակայն կան որոշ ընդհանուր բնութագրեր՝ հատուկ մռայլ իմիջ, հետաքրքրություն գոթական երաժշտության (Siouxsie & the Banshees, The Cure, Joy Division, HIM, Nightwish) եւ սարսափ ֆիլմերի նկատմամբ: Աղբյուրներում նշվում է, որ գոթիկան անմիջական կապ ունի մահվան պատկերի հետ, այդ պատճառով շատ գոթեր սիրում են գնալ գերեզմաններ եւ իրենց օրվա մի մասը անցկացնել այնտեղ: Գոթերի բնական վիճակը կոչվում է «angst»՝ տխրություն:
Իմ զրուցակիցներից Ակաշան գոթիկայով հետաքրքրվել է 13 տարեկանից, սկզբում ընտանիքի անդամները նրան սատանիստ էին անվանում, հիմա նույնպես վեճերը շարունակվում են, սակայն՝ ավելի քիչ. «Տնեցիք սխալ են ընկալում սեւ գույնը՝ մտածելով, թե այն խորհրդանշում է մթություն, չարություն, բայց սեւ պարզապես իմ սիրելու գույնն է՝ ինքնաարտահայտման ձեւ»։ Ակաշան սիրում է սեւը հագնել տարբեր գույների, հատկապես՝ արնագույնի հետ:
\"\"Երիտասարդը գերեզմանոցներ չի գնում, ասում է՝ Հայաստանում դրանք այնքան էլ տրամադրող չեն: Նախընտրում է տանը մնալ եւ «անտիկ երեկոներ» կազմակերպել. «Մի անգամ տան էլեկտրական լույսերը մարել էի, մոմեր վառել, Բեթհովեն միացրել, հագնվել էի 18-րդ դարի ոճով, եւ այսպես ինձ պատկերացնում էի այդ ժամանակաշրջանում: Սենյակումս միայն մի բան էր 21-րդ դարը հիշեցնում՝ սեղանին պիցա էր դրված»: Ինքը՝ երիտասարդ լեզվաբանը, միշտ երազել է 18-19-րդ դարերում ծնվել. «Այնտեղի դղյակները, հագուստների ձեւերը ինձ շատ են դուր գալիս»:
Մյուս զրուցակցիս՝ Հելվետիի համար գոթիկան հոգեվիճակ է եւ ապրելակերպ. «Գոթիկան արտահայտվում է իմ ամբողջ էության մեջ. ես ունեմ շատ գոթ ընկերներ, լսում եմ գոթիկ ռոք եւ զբաղվում գոթական հագուստների դիզայնով»: Գոթիկայով Հելվետին հետաքրքրվել է դեռեւս 15 տարեկանից, երբ նրա ձեռքն է ընկել ռուսական մի ամսագիր, որում այս ենթամշակույթի մասին պատմող նյութեր կային: «Երբ կարդացի ու տեսա, թե գոթերն ովքեր են, հասկացա, որ այն ամբողջությամբ իմն է»,- ասում է նա:
Այժմ երկու գոթ աղջիկները փորձում են Հայաստանում զարգացնել այս ենթամշակույթը: Դրա պահանջը, ըստ նրանց, առկա է, քանի որ կան մարդիկ, ովքեր հետաքրքրվում են դրանով: Երկուսով անգամ կազմակերպել են գոթական հագուստների ցուցահանդեսներ: Հելվետին նաեւ դիզայնով է զբաղվում, նա ասում է, որ այդ ցուցահանդեսից հետո իր այցելուների քանակը զգալիորեն աճել է:
Երիտասարդ գոթերին հանդիպեցի տարբեր վայրերում, տարբեր ժամերի: Ողջ հարցազրույցի ընթացքում, որը զբոսանքի ժամանակ էր, միայն մի բան էր նույնը՝ մարդկանց զարմացած եւ երբեմն զզվանք արտահայտող հայացքները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել