Լրահոս
Օրվա լրահոսը

Նախապատրաստվում են նաեւ մրցավարները

Փետրվար 26,2011 00:00

\"\"Տարվա այս ժամանակահատվածում ընդունված է ներկայացնել ակումբների ու ֆուտբոլիստների նախապատրաստական գործընթացի ծրագրերը, ամփոփել կատարած աշխատանքը: Մինչդեռ մրցաշրջանին նախապատրաստվում են ոչ միայն ֆուտբոլիստները, այլեւ՝ մրցավարները:
ՀՖՖ մրցավարական եւ տեսչական բաժնի պետ Կարեն Նալբանդյանը երեկ «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ մարզիկների նման՝ մրցավարները նույնպես մրցաշրջանի նախապատրաստությունը սկսել են բուժզննումից, որից հետո դեկտեմբերի կեսից ձեռնամուխ են եղել ֆիզպատրաստվածության եւ տեսության պարապմունքներին:
Սկզբում պարապմունքներն անցկացվել են շաբաթական երկու, իսկ Ամանորից հետո՝ արդեն երեք անգամ: Բացի այդ, մրցավարները սպասարկել են ընկերական հանդիպումներ, նաեւ տեսագրություններ վերլուծել: Նրանց համար կազմակերպվել է մրցավարական մեկշաբաթյա հավաք, որն էլ եզրափակվել է փետրվարի 19-ին՝ Արտաշատի «Քաղաքային» մարզադաշտում տեղի ունեցած մրցավարների ֆիզպատրաստվածության քննությունով, որը, ի դեպ, անցկացրել է ՈՒԵՖԱ-ի ներկայացուցիչ, ֆիզիկական պատրաստվածության մարզիչ Գժեգոժ Կժոսեկը: Հավաքին եւ թեստերին մասնակցել են մեր 30 մրցավարներ, ովքեր նախորդ տարի սպասարկել են առաջին եւ բարձրագույն խմբի առաջնութունները: Նրանց մեջ եղել են նաեւ այնպիսիք, ովքեր նախորդ մրցաշրջանում նշված կարգի խաղերի սպասարկման հետ չեն առնչվել:
Նալբանդյանի խոսքերով՝ տարբեր պատճառներով 8 մրցավար չի հանձնել ֆիզպատրաստվածության թեստը, մեկը՝ տեսության: Սակայն նրանց համար արդեն նշանակվել է վերահանձման օր:
Խոսելով 2010թ. աշնանը ՀՖՖ նախագահ Ռ. Հայրապետյանի ընդունած հայտնի որոշման մասին, որով բարձրագույն խմբի առաջնությունը սպասարկող մրցավարները որակազրկվել էին, Կարեն Նալբանդյանը նշեց, որ նրանցից չորսը  ու եւս մեկ մրցավար հրաժարվել են մրցավարական գործունեությունից, քանի որ այն խանգարում էր իրենց հիմնական աշխատանքին:
Կարեն Նալբանդյանը փաստեց, որ երկուսուկես ամիսը չափազանց փոքր ժամկետ է՝ համակարգի առջեւ ծառացած խնդիրների հիմնավոր լուծման համար, ուստի ժամանակավրեպ է խոսել նվաճումների մասին: Փոխարենը նշեց, որ իր համար ամենամեծ ցանկությունն ու առաջադրանքը վերաբերում է մրցավարների հոգեբանական պատրաստվածությանը: «Նախորդ մրցաշրջանի ընթացքում տեղի ունեցած դեպքերից հետո մրցավարներին արդեն թերահավատորեն էին վերաբերվում, ինչը չէր կարող անհետեւանք մնալ հենց մրցավարների համար: Նրանք  սեփական կարողությունների հանդեպ վստահությունը կորցրին: Այդ առումով իմ կարեւորագույն նպատակը նշածս ինքնավստահության վերականգնումն ու պահպանումն է: Բացի այդ, ես միշտ նշել ու խորապես համոզված եմ, որ միայն աշխատանքի շնորհիվ կարելի է հասնել լավ արդյունքների: Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ միայն ֆիզիկական պատրաստվածության ու տեսության պարապմունքներում թիմային, այլեւ՝ անհատական աշխատանքին, որով պիտի զբաղվի յուրաքանչյուր մրցավար՝ պարապմունքներից ազատ ժամանակահատվածում»,- նկատեց մրցավարական եւ տեսչական բաժնի պետը:
Անդրադառնալով տարեվերջյան ամփոփիչ ասուլիսում ՀՖՖ նախագահի խոսքերին՝ Իտալիայում եւ Իսպանիայում մրցավարների փորձի փոխանակման ծրագրի մասին (Ռուբեն Հայրապետյանը, ի դեպ, այդ խնդիրը շոշափում է ֆեդերացիայի նախագահ ընտրվելու, թերեւս, առաջին տարվանից- Գ. Ն), Կարեն Նալբանդյանը նշեց, որ այդ սեմինարներն անպայման տեղի կունենան, սակայն՝ մրցաշրջանի ընթացքում, քանի որ այս շրջանում նշված երկրների ֆուտբոլային առաջնություններն ընթացքի մեջ են: Մեր այն հարցին, թե արդյո՞ք Նալբանդյանը լավատեսության ավելորդ չափաբաժնով առաջ չի նայում, մրցավարական եւ տեսչական բաժնի պետը փաստեց, որ ինքը իրատես է. «Ես իրատեսորեն եմ նայում իրավիճակին: Առնչվելով համակարգին, ես հիանալի գիտեմ, որ մենք ունենք մի շարք խնդիրներ, որոնք, սակայն, ես չէի ուզենա փաթաթել ոչ ֆուտբոլասերին ու ոչ էլ մամուլին: Մենք ուղղակի պիտի լրջորեն նախապատրաստվենք, ինչն էլ անում ենք»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել