Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՎՍ ՄԻ ԿՈՆԿՐԵՏ ԱՌԱՋԱՐԿ

Մարտ 31,2011 00:00

\"\"Այս անգամ այն ուղղված է ընդդիմության համախմբմանը

Հայաստանյան մամուլն օրերս տեղեկացրեց, թե շաբաթ օրը «Ժառանգության» նախաձեռնությամբ հավաք-քննարկում է կազմակերպվել, որին մասնակցել է մոտ 25 մարդ, այդ թվում՝ «Ժառանգությունից»՝ Արմեն Մարտիրոսյանն ու Ռուբեն Հակոբյանը, Կարապետ Ռուբինյանը, Ալիկ Արզումանյանը, Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանը, «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունից՝ Արթուր Գասպարյանը, քաղաքագետներ՝ Անդրանիկ Թեւանյանը, Երվանդ Բոզոյանը, «Սարդարապատ» շարժումից՝ Տիգրան Խզմալյանը, Ժիրայր Սեֆիլյանը, հրապարակախոս Մարինե Պետրոսյանը եւ այլք: Ասվում էր, թե՝ «25»-ը քննարկել են ընդդիմության անելիքները, ստեղծված վիճակից դուրս գալու ելքերը, ընդդիմության միավորման հավանականությունը եւ այլն։ Որոշվել է հանդիպումները շարունակել։ Ավելին, ենթադրություն էր արվել, թե դա նոր ընդդիմադիր միավորում ստեղծելու փորձ է: Այս տեղեկությունը հրապարակվելուց հետո, բնականաբար, հասարակական ու քաղաքական որոշակի շրջանակներում սկսվեց լրջորեն քննարկվել ՀԱԿ-ին այլընտրանքային ուժ ստեղծելու եւ իշխանական «պրոյեկտների» մասին, առավել եւս, որ հիշատակված մարդկանց ցանկում էին մարդիկ, ովքեր մերձիշխանական շրջապատին հարողի համբավ ունեն:
Երեկ «Առավոտը» փորձեց հիշյալ հանդիպման վերաբերյալ որոշակի մանրամասներ ստանալ այդ հավաքին մասնակցած ՀՀ քաղբանտարկյալների ու հալածյալների պաշտպանության կոմիտեի ու նաեւ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Կարապետ Ռուբինյանից: Մտահոգություն չունե՞ք, որ երկու ընդդիմադիր ուժերի՝ ՀԱԿ-ի ու «Ժառանգության» առանց այն էլ լարված հարաբերությունների եւ դրանց տրվող մեկնաբանությունների պարագայում այդօրինակ միջոցառումները կարող են դիտվել որպես ՀԱԿ-ը պառակտելու ջանքեր, կամ, որ իշխանությունը դա կօգտագործի: «Դա սովորական կլոր սեղան էր: Ինչպես գրված էր նյութում, հրավեր ենք ստացել «Ժառանգությունից» ու մասնակցել ենք Րաֆֆի Հովհաննիսյանի հացադուլի հետ կապված հնարավոր զարգացումների եւ ստեղծված իրավիճակի շուրջ մտքեր փոխանակելու համար: Ոչ մի դավադրություն չկա… Հրավիրյալների ցուցակը, բնականաբար, մենք՝ մասնակիցներս, չէինք կազմել, ու մեզ հետ չէր համաձայնեցվել: Կրկնում եմ, մտքերի փոխանակում է եղել ընդամենը: Որեւէ մեկը ոչ մի պարտավորություն չի ստանձնել, ոչ էլ ուրիշներին է փորձել պարտավորեցնել: Այդպիսի բազմաթիվ ու տարբեր ձեւաչափերով այլ կլոր սեղաններ են եղել, որտեղ տարբեր դիրքորոշում ունեցող մարդիկ մասնակցել են: Ուղղակի այս պահին հասարակական սպասումներն այնքան սրված են, որ ոմանք որոշել են դա որպես «մեծ գաղտնիք» հրապարակել: Դա գաղտնի հանդիպում չի եղել, ավելին՝ որոշվել էր դրա մասին մամուլի համար կարճ հաղորդագրություն տարածել»,- մեր հարցադրմանն ի պատասխան՝ ասաց Կ. Ռուբինյանը:
Իսկ հնարավո՞ր է, որ այդ ձեւաչափը հետագայում, այնուամենայնիվ, կառույց կամ շարժում դառնա: Ռուբինյանը դա բացառեց. «Ոչ: Այդպիսի կազմով՝ երբեք, ինձ թվում է»: Չի՞ դառնա, թե՞ Դուք չեք մասնակցի: Մեր այս ճշտող հարցին Ռուբինյանը հստակեցրեց. «Չի դառնա, եւ ես էլ չեմ մասնակցի, որովհետեւ հանդիպմանը մասնակցողների շատ մեծ սպեկտր էր ընտրվել, որպեսզի դա դառնա փոխհամաձայնությամբ ստեղծված կառույց: Դրա համար պետք է, որ մասնակիցները ավելի շատ մոտ գաղափարական սուբյեկտներ լինեն»:
Այդուամենայնիվ, ընդդիմադիր գործիչն ասաց, թե հանդիպման ժամանակ ոչ միայն քննարկումներ, այլեւ առաջարկներ են եղել. «Եղել են գնահատականներ, տարբեր առաջարկներ թե՛ «Ժառանգության» գործելաոճի, թե՛ ընդհանուր ընդդիմադիր դաշտի վերաբերալ: Բայց վերջում պայմանավորվեցինք, որ մամուլի համար միայն այդ հանդիպման մասին փոքրիկ հաղորդագրություն կլինի, դրա համար չեմ ուզում դրա մասին ավելի մանրամասն խոսել»:
Ռուբինյանը չբացառեց, որ առաջիկայում էլ կարող են նման ձեւաչափերով քննարկումներ լինել մասնակիցների նույն կամ միանգամայն տարբեր կազմերով:
Facebook սոցիալական ցանցի Առցանց ազատականների ալյանսի՝ «3Ա»-ի խմբում օրերս Կ. Ռուբինյանը հանդես էր եկել մի առաջարկությամբ, որի նախաբանում շեշտել էր, թե՝ «ցավոք, մարտի 17-ի հանրահավաքից հետո եւ ապրիլի 8-ի հանրահավաքին ընդառաջ ստիպված ենք խոսել ոչ միայն 8-ին նոր անելիքների մասին, այլեւ նախորդում թույլ տրված սխալների հետեւանքները վերացնելու մասին: Անշուշտ, միայն Հայաստանի շարքային քաղաքացի Պողոս Պետրոսյանը հանրահավաքին իր մասնակցել-չմասնակցելով ցույց կտա, թե ինչ ազդեցություն ունեցան այդ սխալները մեր ընդհանուր պայքարի ընթացքի վրա, բայց ինձ համար ակնհայտ է, որ եթե մինչեւ ապրիլի 8-ը իրավիճակը մեղմելու, շտկելու ուղղությամբ քայլեր չձեռնարկվեն, ապա ցուցարարների քանակն ավելացնելու հույսեր փայփայել չարժե:
Ասելիքիս համատեքստում ամենեւին կարեւոր չէ, թե ինչ նպատակով էր Լեւոն Տեր-Պետրոսյանը շրջանառության մեջ դնում «արժանապատիվ գործարքի», չշտապելու, «Հիման» մերժելու գաղափարները, ինչպես եւ շատ երկրորդական է, թե ինչու որոշեց, կամ ով դրդեց նրան այդպես վարվել Րաֆֆիի հետ: Կարեւոր է միայն արդյունքը՝ ստվերվեց Ազատության հրապարակը ազատելու բերկրանքը, մեծ թվով քաղաքացիների մոտ անորոշություն եւ կասկածներ առաջացան ՀԱԿ առաջնորդի որդեգրած ուղու անկեղծ ու ճշմարտացի լինելու վերաբերյալ, եւ պառակտում մտցվեց ընդդիմադիր զանգվածի մեջ: Սա չեմ ասում Լեւոնի յուրաքանչյուր քայլի ճշմարտացիությունն ու անքննելիությունը փութաջանորեն պաշտպանելը փեշակ դարձրածներին նոր վեճի մեջ ներքաշելու համար, ասում եմ, որպեսզի հիմնավորեմ, որ մինչեւ ապրիլի 8-ի հանրահավաքը պետք է միջոցներ ձեռնարկել կորուստները վերականգնելու համար»: Բայց այս արձանագրումներն անելուց զատ, ինչպես ասացինք, նա նաեւ կոնկրետ առաջարկներ է ներկայացրել. «Առաջին՝ ՀԱԿ գրասենյակից պետք է հորդորակ իջնի բոլոր համակիրներին՝ Րաֆֆիի եւ «Ժառանգության» դեմ բոլոր հարձակումները դադարեցնելու վերաբերյալ: Նույնը առաջարկել անել «Ժառանգությանը»: Նույնը, առանց հորդորի էլ, կանեն մեր ընդհանուր պայքարի համար ցավացող բոլոր մարդիկ: Երկրորդ՝ վերհիշելով 2007-ի ընտրարշավում հաջողությամբ կիրառածը՝ Լեւոն Տեր-Պետրոսյանը պետք է նախաձեռնի ՀՀ բոլոր ընդդիմադիր (կեղծ, թե անկեղծ՝ կապ չունի) քաղաքական միավորների հետ խորհրդակցությունների շարք: Երրորդ, խորհրդակցությունների օրակարգը պետք է լինի բաց՝ նախօրոք հայտարարված: Պետք է արվի առաջարկ՝ մի քանի պարզ, հստակ կետերի շուրջ համաձայնության գալու եւ, համատեղ պայքարի կանգնելով, Սերժ Սարգսյանին հրաժարական պարտադրելու մասին: Չորրորդ՝ հրավերն ընդունած քաղաքական միավորների ղեկավարները հրավիրվում են 8-ի հանրահավաքին, ստեղծվում է համատեղ պայքարը համակարգող մարմին»: Կ. Ռուբինյանը հույս ունի, որ «այս քայլերը կբերեն ազգային համախմբման նոր մակարդակի, նոր ոգեւորություն կառաջացնեն ժողովրդի մեջ ու կսարսափեցնեն իշխանությունը բռնազավթածներին…»: Այս նախաձեռնության վերաբերյալ դեռ առաջարկներ, նրա ասելով, չկան, ու ինքն էլ դեռ մտածում է, թե մարտավարական առումով ի՞նչ կարելի է կիրառել. «Ես միշտ խոսել եմ ընդդիմադիր քաղաքական ուժերի համախմբման մասին՝ բնականաբար, նկատի ունենալով, որ դա պիտի բերի նաեւ ժողովրդի համախմբմանը: Այսինքն՝ ենթադրում եմ, որ ժողովուրդը, որն, անշուշտ, ընդդիմադիր է եւ արագ փոփոխությունների կողմնակից, կհետեւի իր համակրած ուժերին, ու դաշտը կփակվի»: Բայց արդյոք քաղաքական տարբեր նախասիրություններ ու գաղափարներ, դիրքորոշումներ ունեցող մարդիկ, նույն հարթակում խոսելով իրավիճակը փոխելու իրենց տարբեր տեսլականների մասին, համախմբման եւ իշխանափոխության գրավական կդառնա՞ն: «Տարբեր բաների մասին խոսել պետք չէ, որովհետեւ օրակարգը մեկն է. պետք է բռնապետին պարտադրել հրաժարական տալ, ու պետք է պայմանավորվել այն երաշխիքների մասին, որոնք թույլ կտան նոր, արտահերթ, արդար ու թափանցիկ ընտրություններ անցկացնել»,- հակադարձեց Ռուբինյանը: Բայց արդյոք Տեր-Պետրոսյանը կհամաձայնի՞ դրան: «Այստեղ պիտի աշխատի մեկ հզոր հանգամանք. մեր հայրենիքի ապագան է վտանգված, եւ քանի որ նա հմուտ քաղաքական գործիչ է, պիտի անձնական, խմբակային եւ այլ շահերից վեր կանգնի ու գնա այդ ճանապարհով»,- ասաց Կարապետ Ռուբինյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել