Լրահոս
Օրվա լրահոսը

Ժառանգությունն ու ջուրը

Ապրիլ 08,2011 00:00

Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային խորհրդի (ԻԿՕՄՕՍ) առաջարկությամբ ՅՈՒՆԵՍԿՕ-ն 1982-ից՝ ապրիլի 18-ը նշում է որպես Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օր: Այս տարի ժառանգության պահապաններն ողջ աշխարհում կանդրադառնան մշակութային ու բնության ժառանգությանը՝ «Ջրի ժառանգությունը» խորագրի ներքո: Ջուրն ըստ էության ճանաչված է որպես սրբացված արժեք՝ աշխարհի բոլոր կողմերում. այն կենտրոնական տեղ է գրավում աստվածաշնչյան պատմություններում, բուդդայական հավատալիքներում, հինդուիզմում, հին չինական առասպելներում, Ղուրանում եւ, վերջապես, անհնար է առանց ջրի պատկերացնել Դրախտն ու դրախտային այգիները:

Ջրի նկատմամբ փորձը, գիտելիքներն ու հմտությունները փոխանցվում են սերնդեսերունդ՝ սնելով մեր ոչ նյութական ժառանգության շտեմարանը. Վարդավառը, Ջրօրհնեքը, Ջուր կաղանդելու սովորույթը այդ շարքից են: Գեղամա լեռներում, Սեւանա լճի հյուսիս-արեւելյան ափին, Արագածի լանջերին, Գառնիում եւ այլուր հայտնաբերված վիշապները հազարամյակներ առաջ դեռեւս խորհրդանշել են ջրի պաշտամունքը Հայաստանում:

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանը եւ «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հ/կ-ն հանդես կգան «Ժառանգությունը եւ ջուրը» թեմատիկ պաստառների ցուցահանդեսով՝ ընդգծելով ջրի մշտական ներկայությունը ոչ միայն հայկական, այլ նաեւ համաշխարհային ժառանգության մեջ: «Էրեբունի» արգելոց-թանգարանի ժամանակավոր ցուցահանդեսների սրահում ներկայացված 11 մեծադիր պաստառներից յուրաքանչյուրը եւ Հուշարձանների ու տեսարժան վայրերի միջազգային օրվա առթիվ թողարկված ազդագիրը հասարակությանը կոչում են համատեղ ուժերով պահպանել ջուրը՝ մոլորակի կենսական ռեսուրսը, եւ ժառանգությունը՝ մեր կյանքի ու միջավայրի գեղեցկության երաշխավորը: Ցուցահանդեսի այցելուները հնարավորություն կունենան նաեւ համտեսել Հայաստանում շշալցվող աղբյուրի ջրի տարբեր տեսակներ:

Ապրիլի 18-ին՝ Հուշարձանների եւ տեսարժան վայրերի միջազգային օրվան ընդառաջ, ՀՀ ՊՆ-ի եւ արգելոց-թանգարանի միջեւ վերջին տարիներին ձեւավորված համագործակցության շրջանակում, Նուբարաշենի 5-րդ բանակային կորպուսի զինծառայողները 2011թ. ապրիլի 14-ին մաքրման աշխատանքներ կիրականացնեն Էրեբունի, Շենգավիթ եւ Կարմիր բլուր հնավայրերի տարածքներում: Միջոցառումների շարքը կավարտվի ապրիլի 18-ին՝ ժառանգության հայ պահապանների այցելությամբ «Սեւան-Հրազդան» կասկադ՝ ՀՀ միացյալ էներգահամակարգը սնող արդյունաբերական հսկան, որը պահպանվում է պետության կողմից՝ որպես 20-րդ դարի արդյունաբերական ժառանգության օրինակ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել