Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ՝ ԱՊՀ ԵՐԿՐՆԵՐՈՒՄ

Ապրիլ 15,2011 00:00

\"\"Երեկ «Նովոստի» մամուլի ակումբում Երեւան-Մոսկվա- Կիեւ – Քիշնեւ տեսակամուրջի ժամանակ քննարկվեց պատմամշակութային հուշարձանների պահպանության հարցը: Տեսակամուրջը նախաձեռնվել էր հուշարձանների եւ պատմական վայրերի միջազգային օրվա նախաշեմին, որը նշվում է ապրիլի 18-ին: Չորս երկրների բանախոսների նկատառումներից էլ պարզ դարձավ, որ երկրներում պատմամշակութային հուշարձանների պահպանությունը պատշաճ կերպով չի իրականացվում. խախտվում են պատմամշակութային հուշարձանների մոտակայքում շինարարական աշխատանքների իրականացման կանոնները, երբեմն էլ ընդհանրապես հուշարձանները քանդվում են՝ դրանց տեղում ժամանակակից բարձրահարկ շենքեր, բիզնես- կենտրոններ, ահռելի առեւտրի սրահներ կառուցելու նպատակով:

Երեւանից տեսակամուրջին մասնակցում էին ՀՀ մշակույթի նախարարությանն առընթեր Պատմամշակութային հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի տարածքային բաժնի պետ Կարո Այվազյանը եւ ՀՀ-ում ռուսական արվեստի թանգարանի տնօրեն Անուշ Տեր-Մինասյանը: Նրանք համաձայնեցին, որ խնդիրներն ընդհանուր են եւ որ օրենսդրությունը լավ չի գործում այս ասպարեզում: Կարո Այվազյանի խոսքերով, 2000-2004 թթ. Երեւանում 20-րդ դարասկզբին շատ հուշարձաններ են քանդվել: 2004թ.-ին միայն կազմվեց հուշարձանների ցանկը: Բանախոսն առաջարկեց անընդհատ փոփոխել օրենսդրությունը, որպեսզի այն լինի կիրառելի, ոչ թե զուտ թղթի վրա: Անուշ Տեր-Մինասյանն էլ ավելացրեց, որ այժմ Երեւանում պայքարում են Ն. Բունիաթյանի նախագծած ճարտարապետական կոթող հանդիսացող «Սեւան» հյուրանոցի վերականգնման համար: Նրա ձեւակերպմամբ, եթե կառույցը գեղարվեստական արժեք ունի, պետք է պահպանել:

Տեսակամուրջի ընթացքում ցուցադրվեց Մոսկվայի պատմության մասնիկը դարձած, իսկ այժմ կիսաքանդ վիճակում գտնվող կառույցների մասին տեսանյութ: «Տներից յուրաքանչյուրը կենդանի պատմություն է: Այստեղ աշխատել են Ստանիսլավսկին եւ Նեմիրովիչ-Դանչենկոն, բայց քանի որ դրանք չունեն պատմամշակութային հուշարձանի կարգավիճակ, փորձում են քանդել՝ առեւտրի կենտրոն կառուցելու համար»,- նշվում էր տեսանյութում: Ընդհանուր առմամբ, Մոսկվայում շուրջ 250 պատմամշակութային հուշարձան գտնվում է վերացման վտանգի տակ: Կիեւից պատմամշակութային հուշարձանների պահպանության գործակալության նախագահի առաջին տեղակալ Նիկոլայ Պարխոմենկոն նշեց, որ Կիեւում չի մնացել ոչ մի տարածք, որը սեփականատեր չունենա, առանց հաշվի առնելու այն հանգամանքը, թե պատմամշակութային ինչ արժեք կարող է լինել այդ հատվածում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել