«ՇՆՈՐՀՔՈ՛Վ ԱՇԽԱՏԵՔ»

Սփյուռքահայ գործարարները դժգոհում են, որ Հայաստանն արտահանում է այստեղ չվաճառված ապրանքները

\"\"

Ֆրանսահայ գործարար Ժակ Ավդոյանը այն գործարարներից է, ով այս օրերին Հայաստանում է Սփյուռքահայ գործարարների համաժողովին մասնակցելու համար: Արդեն երկու տարի է, ինչ ֆրանսահայ այս գործարարը հայկական արտադրության խմիչք ու պահածոներ է ներկրում: Նրա պատմելով, բավական չէ, որ ամիսներով սպասում են, թե երբ է իրենց պատվիրած արտադրանքը Հայաստանից հասնելու Մարսել, շատ անգամ էլ ստանում են մի բան, որ չէին էլ պատվիրել. «Ինչպե՞ս է հնարավոր, որ այլ երկրներից ապրանքը ստանում ենք 3 շաբաթում, իսկ Հայաստանից ստանալու համար 3 ամիս է պահանջվում: Ամիսներով սպասում ենք ու տեղ է հասնում ապրանք, որը չի համապատասխանում միջազգային ստանդարտներին: Հայաստանը մեզ Աֆրիկայի 83-րդ քաղաքի տե՞ղն է դրել: Ամեն անգամ կոնտեյները բացում ենք ու տեսնում, որ այն, ինչ պատվիրել էինք՝ չկա, ինչ մնում է եւ չի վաճառվում՝ այն են ուղարկում: Այսօր այստեղ եմ, որ այս հարցերը բարձրացնեմ»:
Հայաստանում սփյուռքահայ գործարարների ներդրումներն ակնկալելով, հանդիպման ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանը մասնակիցներին ներկայացրեց Հայաստանի տնտեսական համակարգի հարաբերական առավելություններն ու սահմանափակող գործոնները՝ միաժամանակ հիշեցնելով, որ մեծածավալ ներդրումների դեպքում, կառավարությունը հարկային արտոնություններ կտրամադրի:
Ավստրիացի գործարարար Գարո Սեթյանի համոզմամբ, սփյուռքահայ գործարարը չի հավատում Հայաստանում աշխատելու հեռանկարային ու գրավիչ առաջարկներին: Լավ պայմաններ են ներկայացնում, որոնք իրականում նկատելի չեն: «Կառավարությունը նախ պետք է պայմաններ ստեղծի տեղացի գործարարների համար, որ Վրաստանում ներդրումներ անելու փոխարեն նրանք մնան Հայաստանում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց գործարարը: Ըստ նրա, հիմա սփյուռքահայ գործարարներին դժվար է համոզել Հայաստանում ներդրումներ անել, որովհետեւ տարիներ առաջ շատերը ոգեւորված եկան, ներդրեցին, բայց մեծ վնասներով ու հիասթափված հեռացան. «Հայաստանում տնտեսական վիճակը վատ էր, սփյուռքահայերի մի մասը վնաս կրեց, մյուս մասն էլ, չեմ ցանկանում ասել, թե խաբվեցին, բայց շատերը հիասթափված վերադարձան իրենց երկրներ»: Գործարարը նշեց, թե ինքը դեռ չի հասցրել հիասթափվել, ներդրումներ է անում Արցախում. «Նաիրի» հյուրանոցի փայատերերից եմ: Կարծում եմ՝ մենք՝ սփյուռքահայերս, պետք է նայենք, թե ինչով կարող ենք օգտակար լինել հայրենիքին: Միայն չխոսենք, նաեւ աշխատենք»:
 Ավստրալիայի առեւտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Վահե Արթինյանի կարծիքով էլ, Հայաստանում գործարար միջավայրը անբարենպաստ է ներդրումներ անելու համար, որովհետեւ «Հայաստանը չունի մուտք դեպի ծով, չունի նորմալ երկաթուղային ճանապարհ: Տրանսպորտային խնդիրները շատ են բարդացնում գործարարի գործը»: Նրա խոսքով, ավստրալացի գործարարին Հայաստանում ներդրում անելուն խանգարում են նաեւ Հայաստանի օրենքները: Նա դժվարացավ նշել, թե հատկապես որ օրենքները, միայն ասաց, որ. «Ավստրալիան օրենքի երկիր է: Հայաստանի հետ համագործակցությունը հնարավոր կլինի այն դեպքում, երբ այստեղ էլ օրենքները բարելավվեն»:
Բելգիայի առեւտրաարդյունաբերական պալատի ներկայացուցիչ Միշել Դավուդյանի խոսքով էլ, ամենակարեւորը՝ պետք է հասկանալ, թե ինչպես է բիզնեսն աշխատում Եվրոպայում ու ԱՄՆ-ում. «Հայաստանում ունենք լավ մասնագետներ, լավ բիզնես-գաղափարներ, բայց խնդիր կա կազմակերպչական հարցերում: Այդ է պատճառը, որ Հայաստանի արտահանման ծավալները փոքր են, իսկ հայկական արտադրանքը դրսի շուկաներում ներկայանալու խնդիր ունի: Հայաստանյան օրենքները անհաջող ու անբարենպաստ են արտահանման համար»: Նրա խոսքով, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանը ներուժ ունի, բայց.«Միայն ծրագրին տիրապետելը բավարար չէ: Մենեջմենթի ու եվրոպական ստանդարտներին համապատասխանության խնդիր կա: Տեղեկատվական տեխնոլոգիաներն արտահանելու համար չկա նպաստավոր օրենսդրական դաշտ: Անհրաժեշտ է օրենքները բարելավել, հարկային հաշվետվությունները՝ հստակեցնել»:
Հայաստան-Կանադա գործարարների խորհրդի ատենապետ Վահրամ Փիրջանյանը կարծում է, որ սփյուռքահայի համար Հայաստանում՝ ներդրման առաջարկից առաջ, նախ պետք է պայմաններ ստեղծել: Նրա կարծիքով, հարցը միայն օրենսդրական փոփոխություններով չի կարող լուծվել. «Այսպիսի բիզնես-միջավայրում շատ դժվար է աշխատելը, առավել եւս՝ ներդրումներ անել սփյուռքից: Վրացիները մեզնից շուտ հասկացան ու լավ պայմաններ ստեղծեցին թե՛ տեղացի, թե՛ օտարերկրյա գործարարների համար: Բայց պայմանները բարելավել ասելով, չպետք է միայն օրենսդրական փոփոխությունները հասկանալ: Խնդիրը միայն օրենքի փոփոխությունը չէ: Հայաստանի օրենքների մեծամասնությունը համապատասխանում է միջազգային նորմերին, բայց դրանք մեծ մասամբ չեն գործում: Հարկային ու մաքսային օրենքները նպաստավոր չեն, խանգարում են»:
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանից հետաքրքրվեցինք, թե ինչպե՞ս է կառավարությունը պատրաստվում համոզել սփյուռքահայ գործարարին՝ Հայաստանում ներդրում անել, երբ տեղացի գործարարները վերջին շրջանում փախչում են Հայաստանից՝ ավելի շահավետ համարելով իրենց բիզնեսը տեղափոխել հարեւան Վրաստան.«Տեղացի գործարարները չեն տեղափոխում, այլ պարզապես ընդլայնում են իրենց բիզնեսը: Նույնն անում է սփյուռքահայ գործարարը: Եվ մենք նրանց չենք պարտադրում, միայն առաջարկում ենք բիզնեսն ընդլայնել հայրենիքում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք