Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՊՀ ռեկտորը հրաժարական տվեց

Ապրիլ 30,2011 00:00

\"\"Երեկ իր դիմումի համաձայն ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանն ազատվել է աշխատանքից: Այնուհետեւ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանի հրամանով՝ նշանակվել բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար: Վերջին շրջանում լուրեր էին պտտվում, որ Ա. Սիմոնյանի վարկանիշը կտրուկ ընկել է, նա այլեւս չունի «վերեւների» այն հովանավորությունը, ինչ ուներ ժամանակին: Ուստի «Առավոտը» փորձեց պարզել, այս իրավիճակի արդյո՞ւնքն էր ռեկտորի հրաժարականը, թե՞ կային այլ պատճառներ: ԵՊՀ հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Կարեն Գրիգորյանը պարզաբանեց. «Ռեկտորն իր դիմումի համաձայն հրաժարվել է ռեկտորի պաշտոնից՝ բուհի ռեկտորի ընտրությունները ավելի պատշաճ եղանակով կազմակերպելու համար: Խնդիրն այն է, որ Արամ Սիմոնյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է մայիսի 30-ին, որից միայն հիսուն օր հետո կարող էր բուհի ռեկտորի մրցույթ հայտարարվել: Այսինքն՝ բուհի ռեկտորի ընտրությունը տեղի կունենար ամռան կեսերին, երբ արձակուրդային շրջան է: Այս պատճառով էլ Արամ Սիմոնյանը հրաժարականի դիմում ներկայացրեց, որպեսզի ռեկտորի ընտրության գործընթացը կազմակերպվի մինչեւ արձակուրդային շրջանը»: Մեր այն դիտարկմանը՝ մի՞թե սա վարկանիշ փրկելու մի միջոց էր, այսինքն՝ հրաժարականի դիմում ներկայացվեց, որպեսզի իր դիմումով, ոչ թե որեւէ մեկի հրամանով աշխատանքից ազատվեր, Կ. Գրիգորյանը պատասխանեց. «Այստեղ վարկանիշի հարց չկա, հրաժարականի դիմում ներկայացնելը պայմանավորված էր զուտ մրցույթը պատշաճ պայմաններում կազմակերպելու հանգամանքով»: ԿԳՆ հասարակայնության հետ կապերի վարչությունից էլ «Առավոտին» պարզաբանեցին, որ արդեն մյուս շաբաթ պարզ կլինի, թե երբ կհայտարարվի ԵՊՀ ռեկտորի թափուր պաշտոնի համար մրցույթ: Հավելենք, որ ռեկտորի հավանական թեկնածուների շարքում շրջանառվում են ԵՊՀ գիտական քաղաքականության եւ միջազգային համագործակցության գծով պրոռեկտոր Գեղամ Գեւորգյանի, ԵՊՀ տնտեսագիտության ֆակուլտետի դեկան Հայկ Սարգսյանի, ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանի անունները: Իսկ ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ բուհի ռեկտոր կնշանակվի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի հայ եկեղեցու պատմության ամբիոնի վարիչ Լեւոն Սարգսյանը: Ասում են՝ Ս. Սարգսյանը ի վերջո որոշել է հավելյալ քայլերով էլ ավելի չլարել այսպես թե այնպես լարված ներքաղաքական իրավիճակը եւ դեռ նման փոփոխության չգնալ: Հավանական է, որ խորհրդարանական ու նախագահական ընտրություններից հետո միայն մայր բուհի ռեկտոր նշանակվի Լ. Սարգսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել