Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿԱՌԱԿ ՍԵՌԻՑ ՄԻ ՎԱԽԵՑՐԵՔ

Մայիս 31,2011 00:00

Ծնողները երեխաների հետ սեքսի մասին խոսելիս պետք է նրբանկատ լինեն

\"\"

Տասնամյակներ շարունակ սեքսի մասին խոսելը ամոթալի եւ անպարկեշտ էր համարվում: Անտեսվում էր մարդու սեռական դաստիարակությունը՝ հանգեցնելով սեքսի նկատմամբ մշուշապատ եւ թեթեւամիտ վերաբերմունքի, բազմապիսի անլուրջ մեկնաբանությունների եւ, ի վերջո, անխոհեմ սեռական վարքագծի: Այս նուրբ հարցի մասին բոլորը նախընտրում էին լռել կամ շրջանցել՝ հուսալով, որ մարդու բնազդներով պայմանավորված այս խնդրի պատասխանը կտա հետագա անձնական կյանքը: Տարիներ շարունակ քարոզվում էր, որ սեքսը վատ բան է, եւ դրանով զբաղվելն ամոթալի է: Այսօր էլ մենք դեռ լսում ենք նման կարծիքներ, որը, այսպես ասած, թունավորում է մեր գիտակցությունը, քանի որ, ինչպես հավաստիացնում են սեքսապաթոլոգները, սիրով զբաղվելիս տղամարդն ու կինը երկու մասի են բաժանվում՝ նրանց ուղեղն անընդհատ հիշեցնում է սեքսը դատապարտող պնդումները, իսկ մարմինը շարունակում է սիրով զբաղվել, այդ իսկ պատճառով զույգերը, կարելի է ասել, ամբողջությամբ «չեն մտնում սեքսի մեջ», եւ համոզված են, որ սխալ են գործում: Սիրահարներն էլ միմյանց սիրելու ընթացքում շատ հաճախ «ամոթից մեռնում են», կարծես թե հանցագործություն են անում: Մասնագետներն ասում են, որ շատ տղամարդկանց վաղաժամ սերմնազատումը հոգեբանական խնդիր չէ, այլ սեքսը դատապարտելու հետեւանք, քանի որ ուղեղը այնքան է վախենում մեղք գործել, որ որոշում է այդ ընթացքը որքան հնարավոր է արագ ավարտին հասցնել: Այս քարոզների շնորհիվ, շատ տղամարդկանց համար սեքսը վերածվել է պարզապես քնաբերի:
Կա նաեւ այլ ծայրահեղություն. բոլոր աղջիկներին դեռ մանկուց սովորեցնում են, որ պետք է տղաներից հեռու մնալ, քանի որ նրանք կարող են իրենց վնաս հասցնել, խաբել, օգտագործել ու թողնել եւ այլն: Տղաների մոտ էլ դրվում են տարբերություններ, թե որ աղջկան կարելի է լուրջ ընկերուհի համարել, որին՝ ոչ: Նրանք սովորաբար վախենում են սեռական ակտիվ կյանքով ապրող աղջիկներից, եւ դա չեն էլ թաքցնում, սակայն, ըստ մասնագետների, այդ վախերն էլ սխալ սեռական դաստիարակության արդյունք են. եւ տղամարդկանց կամ կանանց մեջ չկա ոչ մի վախենալու բան, բոլորն էլ սիրո կարիք են զգում: Հոգեբանները պնդում են՝ եթե ինչ- որ բան այդքան ջանադրաբար մերժվում է եւ արհամարհվում, դա ավելի կարեւոր է դառնում, եւ վերջին տարիների աննորմալ հետաքրքրությունը սեքսի նկատմամբ ստեղծվել է հենց այդ ճնշման հետեւանքով:
Թե ինչու են մեզ մանկուց սովորեցնում, որ սեքսը վատ բան է, պետք է վախենալ հակառակ սեռից, եւ դա ինչպես է ազդում սեռական կյանքի վրա՝ փորձեցինք պարզել բժիշկ-սեքսապաթոլոգ Վրեժ Շահրամանյանից: Նրա խոսքերով՝ անչափահաս տարիքում սեռական դրսեւորման հարցում ծնողները հաճախ լուրջ սխալներ են թույլ տալիս, որն էլ մեծ ազդեցություն է ունենում երեխայի հետագա սեռական կյանքի վրա. «Ամենից առաջ դա վերաբերում է ամենադժվար հարցերից մեկին, որին բախվում են շատ ծնողներ՝ ձեռնաշարժությանը: Պարզելով, որ իրենց երեխան զբաղվում է դրանով, ծնողները չպետք է դիմեն պատժիչ մեթոդների, մանավանդ պահանջեն խոստումներ եւ երդումներ, որ երեխան այլեւս նման բան չանի, քանի որ դրանցով ցանկությունն ավելի ուժեղ կգտնվի նրա կամքից, եւ ամեն անգամ ձեռնաշարժությամբ զբաղվելիս նրա մեջ ավելի մեծ զղջումներ եւ վախեր կզարգանան: Բեռնվածությունն ավելի է մեծանում սեռական հարաբերության պահին, եւ կարեւոր է, որ այդ ժամանակ՝ անչափահաս տարիքում, երեխան հուզական խանգարումներ եւ հոգեկան ապրումներ ունեցած չլինի, որոնք կարող են խոր հետք թողնել ողջ կյանքի ընթացքում: Այդ ապրումների առավել հաճախ հանդիպող պատճառներն են ընկերուհու հղիանալը եւ դրա հետ կապված հիմնախնդիրները, ինչպես նաեւ վեներական հիվանդություններով վարակվելը կամ թեկուզ վարակվելու վախը»: Ըստ նրա, անցումային շրջանում դեռահասի գլխավոր գծերից մեկը հասարակությունում հաստատվելու եւ ինքնահաստատվելու ցանկությունն է, չափահաս երեւալու ձգտումը, այստեղից էլ՝ սեփական «ես»-ի մշտական որոնումը, որը երբեմն հանգեցնում է հակահասարակական արարքների. «Դեռահասի անձի ձեւավորման այդ փուլում սեփական դաստիարակության գլխավոր շարժառիթը պետք է դառնան «իսկական տղամարդ» եւ «իսկական կին» հասկացությունների հետագա բյուրեղացումները: Անհրաժեշտ է, որ մեծահասակները նրբանկատ եւ համբերատար լինեն, որդու կամ դստեր անձնական կյանքն ընդունեն որպես փաստ, որպեսզի առաջանա վստահություն, խորհրդակցելու ցանկություն: Չի կարելի սեռական դաստիարակությունը հանգեցնել մանր խնամակալութան, սահմանափակվել հարցախուզությամբ եւ այս կամ այն դեպքում առաջնորդվել կտրական ցուցումներով: Ավելի լավ է զրույցը վարել այնպես, որ դեռահասն ինքը հանգի անհրաժեշտ հետեւությունների»: Բացի այդ, պարոն Շահրամանյանի ներկայացմամբ, ծնողներին խիստ հուզում է տղաների եւ աղջիկների պատանեկան բարեկամությունը, քանի որ հայտնի է, որ հենց դեռահաս տարիքում է ծագում առաջին սերը. «Ծնողները հայտնվում են երկընտրանքի առջեւ. կամ երեխաներին հետ պահել եւ պաշտպանել այդ սիրուց, կամ ամեն ինչի վրա աչք փակել եւ ապավինել երեխաների գիտակցությանը: Անշուշտ, եթե սեռական դաստիարակությունը նախորդ փուլերում ճիշտ է եղել, եւ ծնողներն իրենց որդուն կամ դստերը սովորեցրել են վերահսկել սեռական բնազդները՝ ճնշելով դրա հետ կապված սեռական ապրումներն ու հույզերը, ապա կարելի է չանհանգստանալ, առաջին սերը տհաճ հետեւանք չի թողնի: Հակառակ դեպքում՝ երեխաների վարքագիծը վերահսկելը դժվար է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել