Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրինուհին դեռ պատիվ է պահանջում (Ձայնագրություն, տեսանյութ)

Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրեն Սուսաննա Նազարյանի անչափահաս որդու՝ ընդդեմ «168 ժամ» թերթի եւ լրագրող Մարինե Մարտիրոսյանի հայցի քննությունը շարունակվում է: Այսօր Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում հայցվոր կողմի ներկայացուցիչ Գևորգ Գևորգյանը տեղեկացրեց, որ որպես ապացույց ներկայացված ձայնագրությունը չի կարողացել լսել: Դատավորը բավարարեց միջնորդությունը, եւ ներկաները ներկայացված ձայնագրությունը լսեցին հենց դատարանի դահլիճում:

Ձայնագրության մեջ Էջմիածնի բնակիչ Սիրեն Եղիազարյանը պատմում էր «168 ժամի» թղթակցին, որ ինքն էլ է լսել Սուսաննա Նազարյանի որդու կողմից դպրոցի փաստաթղթային արխիվի հրդեհման մասին: Պատասխանող Մարինե Մարտիրոսյանը շեշտեց, որ պահպանվել է միայն Ս. Եղիազարյանի ձայնագրությունը, բայց կան նաեւ այլ վկաներ, որոնք դատարանում պատրաստ են փաստել նույնը:

Նշված ձայնագրությունը կարող եք լսել նաեւ այստեղ: Սիրեն Եղիազարյան

Հայցվոր կողմի ներկայացուցիչ Գ. Գեւորգյանը դատարանից մեկ օր ժամանակ պահանջեց, որպեսզի հանգիստ պայմաններում նորից կարողանա լսել ձայնագրությունը: Դատավոր Ա. Մելքումյանը բավարարեց նաեւ պատասխանող կողմի միջնորդությունը՝ Սիրեն Եղիազարյանին որպես վկա դատարանում ցուցմունք տալու համար: Դատավորը հաջորդ դատական նիստի օր նշանակեց դեկտեմբերի 14-ը:

Հիշեցնենք, որ թերթի մի քանի հրապարակումներից հետո Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրինուհի Ս. Նազարյանը հեռացվել էր աշխատանքից: Տեղեկացրել էինք, որ նախկին տնօրինուհին եւ նրա անչափահաս որդին գտնում են, որ հրապարակումն արատավորել է իրենց պատիվն ու արժանապատվությունը եւ զրպարտության համար թերթից 4 մլն դրամ էին պահանջում: Նախորդ նիստի ժամանակ դատարանը Սուսաննա Նազարյանի գործի վարույթը կասեցրել էր մինչեւ քրգործի նախաքննության ավարտը:

Լուսինե ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք