Լրահոս
Օրվա լրահոսը

Նախագահը խնդրեց վստահել ՀՀԿ-ին եւ Սամվել Ալեքսանյանին

Ապրիլ 12,2012 20:42

Մալաթիա-Սեբաստիա վարչական համայնքում այսօր նախագահ Սարգսյանին դիմավորեցին Երեւանի քաղաքապետը, համայնքի ղեկավարը, մեծամասնական ընտրակարգով պատգամավորություն թեկնածուներ առաջադրված Սամվել Ալեքսանյանը եւ Կորյուն Նահապետյանը:

Այս համայնքում նախագահը  հավաքվածներին կոչ արեց` «Սիրեք մեր երկիրը, այն աշխարհի ամենալավ երկիրն է: Սիրեք Երեւանը»: Նախագահը նկատեց, որ Մալաթիա- Սեբաստիա համայնքը Երեւանի ամենազարգացած համայնքներից է. «Ձեր համայնքը տեր ունի, ինչի համար շնորհակալ եմ»,- ասաց նա, հավանաբար նկատի ունենալով գործարար Սամվել Ալեքսանյանին:

Ներկայացնելով ՀՀԿ-ի նախընտրական ծրագիրը` Սերժ Սարգսյանն ասաց, որ Հայաստանը շուտով դառնալու է իրավական երկիր, ինքը դրան հավատում է եւ այսօր այստեղ է իր համոզումը ժողովրդին փոխանցելու համար նաեւ. «Անհնար է լավ ապրել՝ չունենալով իրավական պետություն: ՀՀԿ-ն ասում է՝ ավելի լավ Հայաստան յուրաքանչյուրի համար: Սա նշանակում է, որ իրավական առումով պաշտպանված պետք է լինի մեզանից յուրաքանչյուրը»: Սերժ Սարգսյանն ասաց, որ ՀՀԿ-ի տնտեսական քաղաքականությունը միտված է լինելու մանր ու միջին բիզնեսի զարգացմանը.«Մեր հասարակության ամենամեծ պահանջն աշխատանքն է, լավ աշխատանքը, բարձր վարձատրվող աշխատանքը: Մենք երաշխիքներ ենք ստեղծելու, որ դուք ինքներդ հիմնեք սեփական գործ»: Ասաց, որ համագործակցելու են միջազգային ընկերությունների հետ՝ Հայաստան բերելու նոր տեխնոլոգիաներ, ներդրումներ. «Արդեն սկսել ենք: Մենք որդեգրել ենք նոր տնտեսական զարգացման հայեցակարգ եւ փոխում ենք տնտեսական քաղաքականության նպատակադրումները: Շարունակելու ենք պարզեցնել հարկային վարչարարությունը, ոչ մի հակամրցակցային գործողություն անպատիժ չենք թողնելու»: Նախագահն ասաց, որ հարկային բեռը տեղափոխելու են խոշոր ընկերությունների վրա, սոցիալական բեւեռացումն են վերացնելու, պայքարելու են անհավասարությունը ծնող պատճառների դեմ: Ու այս ամենն, ըստ նախագահի, իր հետ բերելու է հազարավոր նոր աշխատատեղեր:

Այնուհետեւ նախագահը կարճատեւ զրույցի բռնվեց առաջին շարքերում կանգնածների հետ: Թե ի՞նչ խնդիրներ էին մարդիկ ներկայացնում երկրի ղեկավարին՝ լրագրողների համար անհասանելի մնաց. անվտանգության աշխատակիցները չթույլատրեցին մոտենալ: Ապա մոտ 40 րոպե նախագահը Սամվել Ալեքսանյանի, Կորյուն Նահապետյանի, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ զրուցում էր ՀՀԿ ենթաշտաբում, որ գտնվում է համայնքի եկեղեցու հարեւանությամբ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30