Լրահոս
Օրվա լրահոսը

Հայմե Մայոր Օրեհան մեկնաբանեց ՀՀԿ համագումարին ուղղված ԵԺԿ նախագահի ուղերձը

Ապրիլ 27,2012 23:43

Մեկօրյա այցով Հայաստանում է գտնվում Եվրախորհրդարանի ամենամեծ խմբակցության՝ Եվրոպայի ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) փոխնախագահ Հայմե Մայոր Օրեհան: Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին հայաստանյան երեք քաղաքական ուժեր՝ ՀՀԿ-ն, «Ժառանգությունն» ու ՕԵԿ-ը, դարձան այս կուսակցության դիտորդ անդամներ:

Aravot.am-ի հետ զրույցում պատասխանելով մեր այն հարցին, թե ինչպե՞ս է ինքը գնահատում հայաստանյան քաղաքական դաշտի դժգոհության եւ  բուռն քննարկման առարկա դարձած ԵԺԿ նախագահ Ուիլֆրիդ Մարթենսի՝ ՀՀ-ում սպասվող ընտրությունների շեմին, ՀՀԿ համագումարին ուղղված ուղերձը, ու արդյոք դա կոռե՞կտ է համարում, ԵԺԿ անդամ դարձած մյուս երկու կուսակցությունների՝ այդ ընտրություններին մասնակցության պարագայում, ԵԺԿ խմբակցութան փոխնախագահը պատասխանեց. «Ես միայն իմ անունից կարող եմ խոսել եւ ասել, որ եկել եմ, որպեսզի կարողանամ կապ հաստատել այն կուսակցությունների հետ, որոնք քաղաքականապես ինձ հետ են համագործակցում: Իհարկե, թե ընտրություններում ով կհաղթի եւ այլն՝ որոշվելու է Հայաստանում, եւ ես ինքս կապ չունեմ այդ ամենի հետ: Ես չեզոք եմ բոլոր երեք կուսակցությունների, այդ թվում՝  ՀՀԿ-ի, ՕԵԿ-ի եւ «Ժառանգության» հանդեպ, որոնք իմ քաղաքական ընտանիքի մասն են կազմում: Բայց ամեն ինչ կախված է հենց հայ ժողովրդից, որովհետեւ նրանք են ընտրություն կատարելու»: Հայմե Մայոր Օրեհանը նաեւ հավելեց, թե ինչ տեսակետ էլ որ հայտնի Ուիլֆրիդ Մարթենսը, ինքը հարգում եւ երախտապարտ է նրան որպես՝ ԵԺԿ նախագահի, ու դրանից ելնելով չի կարող պատասխան տալ նրա հայտարարությունների համար:

Հիշեցնեք, որ մարտի 10-ին ՀՀԿ 13-րդ համագումարին ուղղված իր ուղերձում ԵԺԿ նախագահ Ուիլֆրիդ Մարթենսը հայտարարել էր, թե «մի քանի շաբաթից Դուք կհաղթեք խորհրդարանական ընտրություններում։ Ես դրանում միանգամայն համոզված եմ։ Եվ Դուք դա կանեք ոչ ամենեւին Ձեզ համար եւ ոչ էլ Ձեր կուսակցության։ Դուք դա կանեք Ձեր երկրի համար, քանի որ Հայաստանին անհրաժեշտ է, որ Հանրապետական կուսակցության բարեփոխումների քաղաքականությունը շարունակական լինի», որ  «ՀՀԿ-ն է այդ դինամիկայի շարժիչ ուժը» եւ այլն:

ԵԺԿ խմբակցության փոխնախագահին նաեւ հարցրինք՝ արդյոք Հայաստան գալով տեղյա՞կ է ընտրական այն գործընթացներին, որոնք տեղի են ունենում մեր երկում, որ արդեն ընտրությունների հետ կապված օրինախախտումների, վարչական լծակների կիրառման մասին ահազանգեր են հնչեցվում, ու դրանք արդյոք կարո՞ղ են տեղի ունենալ ժողովրդավարական երկրում՝ ԵԺԿ-ին անդամակցող ուժերի ներգրավվածությամբ:  «Ես այն կարծիքին եմ, որ այդ խնդիրները հենց հայերն անձամբ պետք է լուծեն, քանի որ այստեղ մենք ինքներս պետք է շարժվենք ժողովրդավարության ուղղությամբ, եւ Եվրոպան՝ որպես այդպիսին, կարող է աջակցել, բայց ոչ խառնվել կամ իր կամքը թելադրել: Մենք փրկիչներ չենք»,- հայտարարեց Հայմե Մայոր Օրեհանը, ու մեր ռեպլիկին՝ Եվրոպան փրկիչ չէ, բայց գնահատող է, արձագանքեց՝ ասելով, թե «արդար ու թափանցիկ ընտրությունների անցկացման ամենամեծ երաշխավորը հենց հայերդ պետք է լինեք, իսկ մենք կարող ենք ձեր կողքին լինել եւ գնահատականներ տալ, բայց ոչ միջամտել»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30