Լրահոս
Օրվա լրահոսը

Ծովինար Նազարյան. «Արտակն այդ աստիճան ծեծված, ջարդված վիճակում ոչ 5, ոչ 10 րոպեում, ոչ էլ մեկ ժամում չէր կարող բարձրանալ ժայռաբեկորի մոտ»

Օգոստոս 09,2012 13:46

Օգոստոսի 7-ին Արտակ Նազարյանը  կդառնար 33 տարեկան: Նրա ծննդյան օրը դատական նիստ չկայացավ: Օգոստոսի 8-ին տեղի ունեցած  դատական նիստում տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանի միջնորդությամբ շարունակվեցին հրապարակվել քրեական գործի ապացույցները: Դատարանում ցուցադրվեց տեսանյութ՝  քննիչ Լեւոն Պետրոսյանի  կողմից նշանակված  փորձարարության վերաբերյալ, երբ 3 զինվորներ գետնատնակից բարձրանում են ժայռի մոտ, որտեղ իբր ինքնասպան է  եղել Արտակ Նազարյանը: Փորձարարությանը մասնակցած զինվորներն այդ տարածությունը հաղթահարել են 4,5-5 րոպեում:  Ծովինար Նազարյանն ասաց, որ այդ քննչական  փորձարարությունը  էական  նշանակություն չունի,այն անցկացվել է  բոլորովին այլ հանգամանքներում: Համաձայն մեղադրական եզրակացության` Արտակ Նազարյանն ինքնասպանություն կատարելու նպատակով  ժառյաբեկորի մոտ է բարձրացել  առավոտյան, իսկ փորձարարությունը կայացել է ցերեկը, բացի այդ` Արտակ Նազարյանը եղել է առանց զրահաբաճկոնի, իսկ զինվորները փորձարարությանը մասնակցել են  զինվորական լրիվ հանդերձանքով: Ծովինար  Նազարյանը «Առավոտի» թղթակցին ասաց.

«Արտակն այդ աստիճան ծեծված, ջարդված վիճակում ոչ 5, ոչ 10 րոպեում, ոչ էլ մեկ ժամում  չէր  կարող բարձրանալ ժայռաբեկորի մոտ»:  Դատական փորձագետները Ա. Նազարյանի մարմնի վրա ընդհանուր առմամբ 54 տարբեր վնասվածքներ են հայտնաբերել: Մեղադրական եզրակացությամբ, դատական նիստերի ընթացքում այդպես էլ  պարզ չէ դարձել, թե ինչպես են այդ վնասվածքները պատճառվել: Օգոստոսի 8-ի նիստում գործով ապացույցների հրապարակման ավարտից հետո դատարանում ցուցմունք տվեց տուժողի իրավահաջորդ Ծովինար Նազարյանը: Նա կշարունակի ցուցմունք տալ հաջորդ նիստում, որը կկայանա օգոստոսի 14-ին:

 

Ոսկան Սարգսյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031