Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինչո՞ւ պիտի Հունգարիան Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդի շահերը պաշտպանի, եթե ՀՀ-ում իմ շահերը չեն պաշտպանվում»

Սեպտեմբեր 03,2012 15:01

Օրեր առաջ Aravot.am-ն անդրադարձել էր  «Քաղաքացու իրավունքների պաշտպան» հ/կ-ի ղեկավար Կարեն Հեքիմյանի և Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Կարեն Անդրեասյանի միջև ծագած հեռակա հակամարտությանը:

Հիշեցնենք, որ Կ. Հեքիմյանը մայիսի 23-ին   դիմել էր Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին՝ խնդրելով արձանագրել իր խախտված իրավունքները եւ միջոցներ ձեռնարկել խախտողներին պատասխանատվության ենթարկելու համար: Նա մասնավորապես բարձրացնում էր այն խնդիրը, որ 2012թ. մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից 15 օր անց ինքը նկատել է, որ Երեւանի թիվ 12/03 տեղամասային ընտրական հանձնաժողովի կողմից իր անձնագրում դրված ԿԸՀ մակագրությամբ դրոշմակնիքը չի անհետացել։ Այս փաստի առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում Կ. Հեքիմյանը կարծիք էր հայտնել, թե ՄԻՊ-ը կատարում է ընդամենը փոստատարի գործառույթ, իսկ Կ. Անդրեասյանը իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին գերադասեց չպատասխանել:

Մեր հրապարակումից հետո Կարեն Հեքիմյանը ստացել է ՄԻՊ-ի որոշումը՝ իր բողոքի քննարկումը դադարեցնելու մասին: Aravot.am-ի հետ զրույցում Կ. Հեքիմյանն իր վրդովմունքը հայտնեց՝ ներկայացնելով ՄԻՊ-ի հետևյալ պատճառաբանությունը. «Ցավոք, ձեր դիմումով բարձրացված հարցը պետական մարմիններում լուծելու համար սպառվել են «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքով Պաշտպանին տրված հնարավորությունները»:

Այս առիթով Կ. Հեքիմյանն ասաց. «Ինձ՝ որպես ՀՀ քաղաքացի, ՀՀ-ի անունից, ՀՀ ՄԻՊ-ը ցավակցում է, որ իմ երկրում սպառվել են իմ իրավունքների պաշտպանության բոլոր հնարավորությունները: Հետո էլ Հունգարիա, Սաֆարով ենք խոսում: Ինչո՞ւ պիտի Հունգարիան Գուրգեն Մարգարյանի իրավահաջորդի շահերը պաշտպանի, եթե ՀՀ-ում իմ շահերն արդեն չեն պաշտպանվում: Սա խոսում է ՄԻՊ-ի անգործության մասին: Պատկերացնո՞ւմ եք Սոլժինիցինը, Հավելը, Սախարովը հայտարարեին, թե չեն կարող այլևս մարդու իրավունքները պաշտպանել: Մարդու իրավունքների պաշտպանը պիտի պաշտպանի մարդու իրավունքները և վերջ»:

Մեր զրուցակիցը նաև խայտառակություն է համարում այն, որ իրեն ուղղված՝ ՄԻՊ-ի որոշման մեջ պաշտպանը հղում է անում «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 15-րդ կետին՝ նշելով, թե համաձայն որի՝ դադարեցնում է բողոքի քննարկումը: Այնինչ Կ. Հեքիմյանը պնդում է, որ օրենքում լրիվ այլ բան է գրված և մեկնաբանում. «Եթե մարդը չգիտի՝ ինչ է գրված այս հոդվածում, ինչպե՞ս պաշտպանի մարդու իրավունքները»:

Ինչպես նկատում է Կ. Հեքիմյանը, Կ. Անդրեասյանը թերացել է նաև մի շարք այլ հարցերում: Օրինակ՝ պարոն Հեքիմյանի խնդրի լուծման համար նա դիմել է միայն ԿԸՀ, կամ կայքերից մեկում իրեն հայտնի տվյալներ է հրապարակել այն դեպքում, երբ դրա իրավունքը չուներ:

Կ. Հեքիմյանը հայցադրումով դիմել է վարչական դատարան: Մեր զրուցակիցը նշեց, թե հատկապես ինչ է պահանջում. «Ուզում եմ՝ Մարդու իրավունքների պաշտպանը պաշտպանի մարդու իրավունքները: Սահմանադրության և ոչ մի դրույթում սպառված հնարավորությունների և մարդուն ցավակցության մասին խոսք չկա, Մարդու իրավունքների պաշտպանի գրածը իրավաբանական չէ»:

Կ. Հեքիմյանը շարունակում է պնդել, որ Մարդու իրավունքների պաշտպանի անգործության դեպքում մեխանիզմներ չկան նրան պատասխանատվության ենթարկելու համար: Ուստի Կ. Հեքիմյանը բարձրացնում է նաև այս հարցի՝ՀՀ Սահմանադրության հետ համապատասխանության խնդիրը:

Տաթև ՀԱՐՈԻԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930