Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը դժգոհ է փարիզյան հանդիպումից

Փետրվար 04,2013 17:20

Ադրբեջանի փոխարտգործնախարարի պնդմամբ` Հայաստանը «փորձում է ժամանակ շահել` չգիտակցելով, որ ժամանակն իր դեմ է աշխատում»։

«2010 թվականից ի վեր Ղարաբաղի հարցում ոչ մի կոնկրետ զարգացում չկա» 

Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովն այսօր հայտարարել է, թե պաշտոնական Բաքուն չի կարող բավարար համարել Փարիզում հունվարի 28-ին Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման արդյունքները։ Նա ասել է, թե հանդիպումը «ոչնչով չի տարբերվել նախկիններից»։

Ազիմովն ընդգծել է Ադրբեջանի կողմից նոր նախաձեռնություն ներկայացնելու փաստի կարեւորությունը։

«Ադրբեջանական կողմը հանդես է եկել առաջարկով, սակայն, դժբախտաբար, Հայաստանն այն չի ընդունել եւ ղարաբաղյան հարցում շարունակում է կառչած մնալ իր ավանդական դիրքից։ Այս տարի Հայաստանում տեղի կունենան նախագահակաան ընտրություններ, գուցե դրանից հետո ինչ-որ բան փոխվի», – ասել է Ազիմովն ու հավելել, թե կողմերը պետք է համատեղ աշխատեն Մինսկի խմբի հետ։

Փոխարտգործնախարարի պնդմամբ` Հայաստանը «փորձում է ժամանակ շահել` չգիտակցելով, որ ժամանակն իր դեմ է աշխատում»։

«Եթե նրանց հետաքրքիր է իմանալ, թե ով է շահել եւ ով է պարտվել այս հարցում, ապա թող համեմատեն իրենց զարգացումն Ադրբեջանի զարգացման հետ։ Թող ոչ ոք չկասկածի, որ մենք այս կամ այն ճանապարհով կվերադարձնենք մեր գրավված տարածքները, ուստի մենք առաջարկում ենք գործնական քայլեր իրականացնել», – հայտարարել նա:

Ազիմովը ենթադրում է, որ «համանախագահներն, ամենայն հավանականությամբ, ապարդյուն կհամարեն նաեւ 2013 թվականը, քանի որ այս տարի երկու երկրներում էլ նախագահական ընտրություններ են նշանակված»։

Մինսկի խումբը, նրա խոսքով, նոր առաջարկներ չունի, բայց «կա ակտիվություն»։

«Ջանքեր են գործադրվում: Բանակցային գործընթացը «մեռյալ կետից» շարժելու համար ինչ-որ խթան է պետք», – ասել է Ազիմովը` պնդելով, որ 2010 թվականին Հայաստանը մերժել է համանախագահների ներկայացրած հիմնարար սկզբունքների նախագիծը։ Նրա խոսքերով, Ռուսաստանի երկամյա միջնորդությունն էլ արդյունք չի տվել։

«Մի խոսքով, 2010 թվականից ի վեր ոչ մի կոնկրետ զարգացում չի գրանցվել», – Բաքվում հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը։

Նրա խոսքերով, ժամանակն անցնում է, խնդրի չլուծված լինելու իրողությունն անհանգստացնում է ե՜ւ Ադրբեջանին, ե՜ւ Ադրբեջանի դիրքորոշումը սատարող երկրներին, ե՜ւ միջազգային այն կազմակերպություններին, որոնց Ադրբեջանն անդակակցել է։

«Հայաստանի մեկուսացումը շարունակվում է, դրանից դուրս տանող միակ ելքը Ադրբեջանի հետ խաղաղությունն է», – հայտարարել է Արազ Ազիմովը։

«Ադրբեջանը քաղաքացիական օդանավեր վայր չի գցի»

Այսօրվա ճեպազրույցի ընթացքում Ազիմովն անդրադարձել է նաեւ Ստեփանակերտի օդանավակայանի վերագործարկման խնդրին` ասելով, թե «Ադրբեջանը չի թույլատրի իր տարածքում ապօրինի թռիչքներ»։

Նա ասել է, որ Ադրբեջանը մտադիր չէ քաղաքացիական օդանավեր վայր գցել, սակայն «գոյություն ունեն Չիկագոյի կոնվենցիայի համապատասխան դրույթները, որոնք Ադրբեջանի կառավարությունը հաստատել է։ Ապօրինի չվերթը կասեցնելու համար ինքնաթիռին համապատասխան օդանավակայանում վայրէջի պարտադրումը նույնպես ներառված է կոնվենցիայում»,- ասել է Ազիմովը։

Օդանավակայանը վերագործարկելու Հայաստանի մտադրությունը, ըստ Արազ Ազիմովի, ապօրինի է, «ավելին` այստեղ կա նաեւ քաղաքական եւ քարոզչական ենթատեքստ»։

«Թրենդ» լրատվական գործակալության փոխանցմամբ, Ազիմովն ասել է, որ Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպությունը (ICAO)  եւ Քաղաքացիական ավիացիայի եվրոպական կոնֆերանսը (ECAC) այս հարցում սատարում են Ադրբեջանի դիրքորոշումը։

Արմեն Քոլոյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728