Լրահոս
Օրվա լրահոսը

«Եվրամիությունը չի կարող հանդիսանալ Հայաստանի համար ապագա».Սերգեյ Շաքարյանց

Մարտ 25,2013 17:27

«Միջազգային իրավիճակը Հայաստանի շուրջ իհարկե դրդեց ավելի ու ավելի խոշոր բարդությունների: Խոսքը վերաբերում է ինչպես հարևան երկրներին, այնպես էլ այն երկրներին, որոնք շրջապատում են Անդրկովկասը` Ռուսաստանի Դաշնություն, Պարսկաստան, Թուրքիա և, բնականաբար ,ԱՄՆ, որն իրականում ոչ թե դաշնակից է, այլ փուչ »,-այս մասին այսօր «Փաստարկ» մամուլի ակումբում ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը :

Բանախոսն անդրադառնալով Սահակաշվիլու վերջին ասուլիսներից մեկին, որի ընթացքում վերջինս ակնարկել էր, թե եթե Ադրբեջանում իրավիճակը սրվի և այնտեղ փոփոխություններ լինեն, ապա Ադրբեջանը կփոխի իր  քաղաքական վեկտորը, որի դեպքում իր արածը Վրաստանում կզրոյանա:  «Վրաստանում խմորումները գնում են դեպի այն եզրահանգում, երբ կարելի է ասել երկիշխանության պահ է ապրում»:

Այս առումով Հայաստանի անելիքը քաղաքագետը բավականին բարդ է համարում և շատ դեպքերում  կարծում է, որ կլինեն օդից կախված որոշումներից: «Այսօրվա իրավիճակը թելադրում է Հայաստանին չսխալվել, տեսնել, թե ինչ է կատարվում Եվրամիությունում: Կիպրոսի հարցը դարձել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի թեմաներից մեկը, որը քննարկվում է, թե’ ԱՄՆ-ում  և թե’ Եվրամիությունում»:

Ըստ բանախոսի` Եվրամիությունը մոտենում է իր հանգուցալուծման: Հունաստան- Կիպրոս միացյալ խնդիրը դառնում է գերխնդիր և այսպիսով Եվրամիությունը փլուզվում է: «Բավական է մեկ-երկու երկիր դուրս գա օրակարգից  և Եվրամիությունը փլուզվում է»:

Բանախոսը չցանկացավ անդրադառնալ եվրասիական  հարցին, քանի որ դեռ նախնական  նախագիծ չկա, որի շուրջ կարող են լինել խորհրդակցություններ և քննարկումներ: «Ես տեղյակ չեմ, թե քողարկված ինչ բանակցություններ են գնում, ինչ է քննարկվում, որը կարող են ասել միայն երկրների նախագահները, սակայն մենք տեսնում ենք, որ Եվրամիությունը  չի կարող հանդիսանալ Հայաստանի համար ապագա: Եթե համաձայնվեն ստորագրել, ապա մեր նման երկրների համար սպասվում է ահռելի անդունդ, քանի որ Եվրամիությունը երկար կյանք չի ունենալու»:

Ինչ վերաբերում է Եվրամիության հետ որոշակի ծրագրերի իրականացմանը, մասնավորապես՝ Վիզայի ռեժիմի պարզեցմանը, ապա Շաքարյանցը դրա անհրաժեշտությունը չի տեսնում. «Վիզայի ռեժիմի պարզեցում այն վիճակում, երբ մեր երկրի 90%-ը ֆինանսապես հնարավորություն չունի այլ երկիր գնալու: Ես կասեի, որ դա ավելի ազատ հնարավորություններ է բացում այն մարդկանց համար, ովքեր պատրաստվում են փախչել Եվրամիության երկրներ»:

Քաղաքագետն անդրադառնալով առևտրային հարաբերություններին՝ ասաց, որ Եվրոպայում արտադրությունը օրեցօր կանգնում է: Փակվում են մի շարք խոշոր գործարաններ, կրճատվում է ամեն ինչ: «Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը դեռ  փետրվարի 8-ին խոստովանել է, որ 2012 թվականի տվյալներով Եվրամիությունն անվճարունակ է ամբողջությամբ` Գերմանիայով հանդերձ: Իսկ նույն օրը Ջորջ Սորոսը նիդեռլանդյան հեռուստահարցազրույցներից մեկի ժամանակ ասաց, որ Եվրամիությանը, եթե շարունակեն այնպես, ինչպես հիմա, սպասվում է Խորհրդային Միության ավարտը»:

Քաղաքագետի կարծիքով` Հայաստանն իր արտաքին քաղաքականությունը պետք         է կառուցի կիրառական ճանապարհի վրա, որը համարում է Պարսկաստանը: «Պարսկաստանը օր օրի հզորանում է և օրեցօր ապացուցում է աշխարհին իր հզորությունը: Կենսական կարևոր միջոց է դեպի այն շուկաները, որտեղ հայկական ապրանքը կարող է իսկապես տեղ գտնել: Մեր ապրանքը Եվրոպայում տեղ չի գտնի, որի վառ օրինակը ունենք դեռևս խորհրդային տարիներից, երբ ապրանքը շարունակաբար տարվում էր Ռուսաստան»:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Մեկնաբան says:

    Թեպետ Իրանի նկատմամբ իր լավատեսական գնահատականները մոտակա ապագայում համարում եմ խիստ լավատեսական, սակայն ռազմավարական համատեքստում ես ուզում եմ իմ համաձայնությունն արտահայտել պարոն Շաքարյանցի մտքի վեկտորի հետ:
    Մինչ Իրանը Հայաստանի գլխավոր շուկան լինելու միտքն արտահայտվել է դեռևս 1990 թվականին, ցավոք մինչև հիմա Իրանը Հայաստանի առջև չի բացել իր շուկան:
    Նախ սա ինքնին խոսում է դրա մասին, որ Իրանը Հայաստանի համար այնքան էլ բարեկամական երկիր չէ: Ավելին, հավանաբար այն անվստահությամբ է վերաբերվում Հայաստանին:
    Անկասկած, իդեալական ենթադրությունների պայմաններում, Հայաստանը կարող է Իրանի համար հանդիսանալ սպասարկող տնտեսություն: Եթե հնարավոր լիներ նույնն իրագործել Թուրքիայի նկատմամբ ևս, իրավիճակը Հայաստանի համար կլիներ շատ բարենպաստ:
    Անկախ նրանց ԵՄ-ն կկարողանա իր գոյությունը պահպանել, թե ոչ, Եվրոպական զարգացած երկրների արտաքին քաղաքական ու գանձապետական շրջանակներում չկա ևս նոր երկիր, այն էլ չքավոր երկիր, ընդունելու ախորժակ:
    Անգամ եթե լիներ նման ախորժակ, ապա բոլորովին ակնհայտ չի, որ սա բխում է Հայաստանի ռազմավարական շահերից:
    Ցանկացած առևտրատնտեսական կամ գեոքաղաքական կառուցվածքում Հայաստանը ծայրամասային երկիր է՝ սրա բոլոր հետևանքներով:
    Միայն մի կառուցվածքում է այն կենտրոնական՝ 180 միլիոնից ավելի բնակչություն ունեցող Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան-Վրաստան-Իրան միություն:
    Նման միությունը, տնտեսական խնդիրների լուծումից բացի, հնարավորություն կտա նաև լուծել տարածաշրջանային հակասություններն ու ստեղծել տարածաշրջանային անվտանգության խնդիրներ:
    Բոլոր ռացիոնալ իմաստներով հավատում եմ, որ սա նախընտրելի միություն է: Սակայն կարծում եմ, որ կա մի հիմնական իռացիոնալ խոչընդոտ՝ այս երևակայական միության անդամների ինքնության խնդիրը: Հասկանալիորեն, իռացիոնալ խոչընդոտները, ինչպես կյանքի մյուս ասպարեզներում, այստեղ ևս կարող են լինել ավելի հզոր, քան ռացիոնալ նպաստները:

  2. Մեկնաբան says:

    Ներողություն վրիպակիս համար: «Նման միությունը, տնտեսական խնդիրների լուծումից բացի, հնարավորություն կտա նաև լուծել տարածաշրջանային հակասություններն ու ստեղծել տարածաշրջանային անվտանգության խնդիրներ» ասելու թոխարեն նկատի ունեի ասել «…հնարավորություն կտա նաև լուծել տարածաշրջանային հակասություններն ու ստեղծել տարածաշրջանային անվտանգության երաշխիքներ»:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031