Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդիկ, որոնց աչքերն են դուրս եկել, գլուխը չկա, ոտքերը, այդ արյան հոտը, ահավոր էր». վերհիշում է 82-ամյա ճապոնուհին

Հուլիս 18,2013 15:05

«Հիկարի» հայ-ճապոնական գիտակրթամշակութային կենտրոնը, որը մինչ օրս իրականացնում է «Խաղաղության լապտերներ» ծրագիրը, այսօր Համալսարանի հյուրերի տանը առաջին անգամ Հայաստանում անցկացրեց եռակողմ վիդեո-կամուրջ՝ Երևան-Հիրոսիմա-Տոկիո:

Կոնֆերանսին իր ողջույնի խոսքով հանդես եկավ Ճապոնիայում ՀՀ դեսպան Հրանտ Պողոսյանը. «Ես Ճապոնիա եմ եկել առաջին անգամ 1987 թվականին: Չնայած մեծ արհավիրքին, շատ տպավորիչ էր Հերոսիման: Ես դեսպան եմ դարձել երկու տարի առաջ և երկու անգամ հնարավորություն եմ ունեցել լինել Հիրոսիմայում: Շատ մեծ կարևորություն կա, որ բոլորն այդ ամենը գիտակցեն, այս ամենը փոխանցվի երիտասարդ սերնդին, որպեսզի նման արհավիրքներ երբևէ չկրկնվեն: Իմ խոսքը ուղղում եմ բոլոր երիտասարդներին, ովքեր ներկա են այս դահլիճում»,-ասաց դեսպանը, հավելելով, որ Հիրոսիմայի խաղաղության քարը մոտ ապագայում կտեղադրվի Հայաստանում:

Фото1407 Հիրոսիմայի խաղաղության մշակութային կենտրոնից Երևանի կոնֆերանսի մասնակիցների հետ իր տխուր հիշողություններով կիսվեց Հիրոսիմայի ատոմային ռմբակոծման ողբերգությունը վերապրած 82-ամյա ճապոնուհի Կաջիմոտոն:

Տիկին Կաջիմոտոն ծնվել է 1931 թվականին: Ռմբակոծության ժամանակ եղել է տասնչորս տարեկան: Ներկայացնենք ամբողջական պատմությունը ճապոնուհու շուրթերից. «Օգոստոսի 6-ին շոգ էր, արևը վառում էր և քանի որ չկար վտանգ, ութն անց տասնհինգ րոպեին ես գնացի աշխատանքի: Այդ օրը եղել եմ էպիկենտրոնից 2.3 կմ հեռավորության վրա գտնվող գործարանում, որտեղ պատրաստում էինք ինքնաթիռների համար մասեր..բոլորը աշխատում էին պետության հրամանով:

Ես պատուհանից նկատեցի մի կապույտ լույս և հասկացա, որ դա ռումբ է: Ես, իհարկե սարսափեցի և անմիջապես հիշեցի ծնողներիս, երեք եղբայրներիս, տատիկիս, մտածելով, որ կմահանամ: Փակեցի աչքերս և ականջներս, քանի որ մեզ սովորեցրել են, որ ռումբի պայթյունից կարող է աչքերը մարդու դուրս գալ, ականջները խլանալ: Այնպիսի պայթյուն եղավ, ասեց երկիր մոլորակն ամբողջությամբ փուլ եկավ: Ես հայտնվեցի փլատակների տակ և կորցրի գիտակցությունս: Ամբողջը մութ էր և մթության մեջ ես չէի հասկանում, թե ինչ է կատարվում, սկսեցի շարժել մարմինս, աջ ուսս սկսեց ցավել, որից ես հասկացա, որ ողջ եմ: Ուսս վնասվել էր ապակուց: Որոշ ժամանակ անց նկատեցի ոտքեր, դա իմ ընկերոջ ոտքերն էր և ես ընկել էի նրա վրա: Մեր ուսուցիչը ասել էր, որ գործարանում կրակ է օգտագործվում, և եթե փլվեց, ապա կարող է պայթյուն լինել և ես հասկացա, որ շատ արագ պետք է փախչել այդտեղից: Փորձում էի ինչ-որ կերպ դուրս գալ, օգնել իմ ընկերներին, սակայն շարժվելու դեպքում գլուխս ցավում էր, մեջքիս վրա ծանրություն էի զգում, իսկ աջ ուսս ավելի ու ավելի էր ցավում և ես մտածում էի, եթե հանկարծ հրդեհվի, ես, որ մասից կայրվեմ, ոտքերից, գլխից, ինչ կզգամ, ինչ ցավ և այդ մտքերից սարսափում էի: Այն ընկերս, որ օգնում էր, ասաց, որ այդտեղից լույս է տեսնում, կարող ենք փախչել: Մենք երկուսով ջանասիրաբար շարժվում էինք, որպեսզի արագ հեռանայինք, բայց նկատեցի, որ ընկերոջս մարմինը ընկավ ներքև, այսինքն` տեղ կար փախչելու, բայց իմ ոտքը դեռ շարունակում էր ցավել:

Այդ պահին ինչ-որ մեկը ասաց` Հիրոսիման վերացել է: Փլատակներից դուրս եկած իմ ընկերները հինգ- վեց հոգի էին: Մարմինը սևացած, մաշկը կախված, արյունոտված, բոլորը կիսամարդ էին դարձել: Այն ընկերս, ով իմ տակն էր մնացել և գոռում էր, իր ձեռքն էր վնասված և մենք ոչինչ չունեինք նրան օգնելու համար, ինչպես նաև իմ ոտքն էր վնասվել և իմ տաբատից կտրեցինք և կապեցի ոտքս: Գործարաններում դեռ մնացել էին մարդիկ, ովքեր մնացել էին փլատակների տակ, մենք փորձում էինք օգնել, սակայն նրանք, թե’ նստած, և թե’ կանգնած լալիս էին, ասելով` ցավում է, ցավում է, սակայն մենք ոչնչով օգնել չէինք կարողանում:

Մի տղա երեխա, իր պոկված ձեռքով մոտեցավ ինձ, ծնկի իջավ ու մահացավ : Ես երբեք չեմ մոռանա այդ տղայի դեմքը: Իսկ մի մայրիկ, ում ձեռքին կար նորածին երեխա, որն արդեն մահացած էր, կարծես կինը խելագարված էր և այսպիսի մարդիկ գալիս էին ու գալիս: Բոլոր մարդիկ, ովքեր փախած գալիս էին, ջուր էին խնդրում, սակայն մեզ սովորեցրել էին, որ երկար ժամանակ ջրազրկված մարդկանց ջուր չտալ, քանի որ այրոցից կարող էին մահանալ, և մենք չէինք տալիս, իհարկե, շատ վատ էր, իսկ այսօր Հիրոսիմայի շատ վայրերում ջուր կա:

Մենք տեսանք, որ մեր կողքի տունը այրվում է և մենք բոլորով մեկ-մեկ տեղափոխեցինք վիրավորներին: Այդ ժամանակ ամբողջ քաղաքը դիակների մեջ էր և քայլելուց մենք փորձում էինք այնպես քայլել, որ չտրորեինք նրանց, սակայն մարդիկ կային, որոնց մարմինները մասնատված էին և երբեմն հնարավոր չէր լինում: Մարդիկ, որոնց աչքերն են դուրս եկել, գլուխը չկա, ոտքերը, այդ արյան հոտը, ահավոր էր: Ոչ մեկին չեմ ցանկանա տեսնել նման բան և ես էլ չեմ ցանկանա երբևէ այդ մահով մահանալ… Այդ գիշեր ես անցկացրի ծովափում և ամբողջ գիշեր չքնեցի: Մյուս օրվանից սկսեցինք մահացածներին հուղարկավորել, քանի որ հոտը տարածվում էր, ինչպես նաև միջատները հոշոտում էին դիակները:

Մենք ազատ տարածքներում, ճանապարհներին մեծ փոսեր էինք փորում, որտեղ այրում էինք դիակները, որ դժոխք էր, թե’ այրվողների, և թե’ այրողների համար, բայց դա անհրաժեշտություն էր: Հիրոսիման պատվել էր սպիտակ ծխով: Երրորդ օրը ես իմացա, որ այն քաղաքը, որտեղ ես ապրում եմ՝ կանգուն է: Եվ ընկերներիս հետ գնացի, որտեղ ճանապարհին հանդիպեցի հայրիկիս: Հայրիկս ռմբակոծության օրվանից եկել էր Հիրոսիմա և դիակների մեջ փորձել էր ինձ փնտրել և չէր գտել, մտածելով, որ մասնատվելով արդեն մահացել եմ: Եվ հիմա , երբ ես եմ ծնող, ես հասկանում եմ, թե որքան ծանր է եղել իմ հայրիկի համար և մայրիկիս, ով կարող էր միայն տանը նստել և սպասել լուրերի: Տուն վերադառնալուց հետո, ես ամբողջ սեպտեմբեր ամիսը պառկած էի, քանի որ ուսս բորբոքվել էր, որդեր կային և տատիկս հերթով հանում էր, որը շատ ցավոտ էր:

Երկու ամիս հետո բժիշկը քննելուց հետո, իմ մարմնից հանեց 7 կտոր ապակի և այդպես ես մնացի ողջ: Իմ հայրիկը, ով գտնվել էր ռմբակոծությունից երկուսուկես կիլոմետր հեռավորության վրա, չէր վնասվել, սակայն, որոշ ժամանակ անց արյուն փսխելով մահացավ, դա նրանից էր եղել, որ ճառագայթման ժամանակ, նա դիակների մեջ փորձել է ինձ փնտրել: Ճառագայթումը, երբ մտնում է մարմնի մեջ, այլևս հանել հնարավոր չէ:

Այդ մեկ պայթյունից մահացել է 140 հազար մարդ քառասունվեց հազար մարդ, տասերկու – տասներեք հազար երեխա մնացել են որբ:

Այսօր ինը երկրներում կա շուրջ 20 հազար միջուկային զենք, որոնց ուժգնությունը մի քանի հարյուր անգամ ավելի մեծ է, քան այն, որ եղավ 60 տարի առաջ: Եթե ընկնի ահաբեկիչների ձեռքը, երկրագունդը կարող է վերանալ: Իմ ցանկությունն է, որ 2-րդ անգամ միջուկային զենքն այլևս նման արհավիրք չբերի»,-հուզվելով վերհիշեց և ներկայացրեց իր պատմությունը 82-ամյա ճապոնուհին, հավելելով.«Ես ուզում եմ, որ Ճապոնիան դառնա խաղաղություն քարոզող և տարածող երկիր, այդպիսի Ճապոնիա եմ ուզում տեսնել»:

Քրիստինա ՄԻՐԶՈՅԱՆ

Լուսանկարը՝ https://news.discovery.com-ից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031