Աֆզալ Ջավեդ. «Հայաստանը դարձել է համաշխարհային հոգեբուժության մայրաքաղաքը»

Աֆզալ Ջավեդ. «Հայաստանը դարձել է համաշխարհային հոգեբուժության մայրաքաղաքը»

«Հոգեկան հիվանդությունները հնարավոր է բուժել, հնարավոր է կանխել, ինչպես նաև հոգեկան հիվանդություն ունեցող անձինք կարող են լինել հասարակության լիիրավ անդամներ»,- ասաց հոգե-սոցիալական վերականգնման համաշխարհային ասոցիացիայի նախագահ Աֆզալ Ջավեդը այսօր «Նոյան Տապան» մամուլի ակումբում կայացած ասուլիսի ժամանակ:

Հայաստանում համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի թեմատիկ կոնֆերանսը հյուրընկալել է 300-ից ավել մասնագետներ`աշխարհի 32 երկրներից:

«Երեկ մեծ շուքով ստորագրվեց Երևանյան համաձայնագիր, որը պետք է հետագայում շրջանառության մեջ տրվի ամբողջ համաշխարհային ասոցիացիաների կողմից: Եղել են 28 գիտական սեմինարներ, որոնք այս երեք օրերի ընթացքում դեռ շարունակվում են: Երեկ մենք ունեցանք դասախոսությունների շարք նվիրված այն բանին, թե ինչպես է երկարատև ազդեցություն ունեցել Սպիտակի երկրաշարժը: Իմ դասախոսությունը նվիրված էր եղեռնի տրավման նոր սերնդին փոխանցման հետ և հայկական կոնտեքստի մեջ հետաքրքիր է իմանալ, որ մենք ունեցել ենք դասախոսություն` միջնադարյան հայկական փիլիսոփաները ինչպիսի առաջարկներ են տվել հոգեթերապիայի զարգացման համար»,- ասաց Ինթրա հոգեկան առողջության կենտրոնի գլխավոր հոգեբան Խաչատուր Գասպարյանը:

«Ես շատ ուրախ եմ և շոյված, որ այսպիսի հանդիպում է տեղի ունենում Երևանում: Այս կոնֆերանսին մասնակցում էին աշխարհում հոգեկան ոլորտի բավական հայտնի մի շարք մասնագետներ: Եվ ինչ վերաբերում է համաշխարհային հոգեբուժությանը, ինչպես ձեր նախարարը նշեց` այնպիսի տպավորություն է, որ Հայաստանը դարձել է համաշխարհային հոգեբուժության մայրաքաղաքը»,- նշեց Աֆզալ Ջավեդը:

Ա. Ջավեդը հայտնեց, որ ասոցիացիայի հիմնական նպատակն է համագործակցել և ջանքերն ուղղել հոգեկան հիվանդների հոգե-սոցիալական վերականգնմանը. «Որպես հոգեկան առողջության մասնակիցներ, մենք հավատացած ենք, որ կան երկու հիմնական կարևոր բաղադրիչներ հոգեկան խնդիրներ ունեցողների օգնությանն ուղղված` բուժում և վերականգնում (ռեաբիլիտացիա): Բուժ հաստատությունները հիմնականում իրականացնում են բուժում, և քիչ տեղերում է, որ իրականացնում են ռեաբիլիտացիա»:

Համաշխարհային հոգե-սոցիալական վերականգման ասոցիացիան միջազգային կազմակերպություն է, որին անդամագրված են աշխարհի ավելի քան 80 երկրներ: Ինթրա հոգեկան առողջության կենտրոնը կդառնա հոգե-սոցիալական վերականգնման համաշխարհային ասոցիացիայի ներկայացուցչական կենտրոնը աշխարհի այս տարածաշրջանում:

Աֆզալ Ջավեդը հավելեց, որ երեկ` օգոստոսի 30-ին, իրենք այցելել են առողջապահության նախարարին, և առաջարկել, որ Ինթրա-ն կարող է աջակցել նախարարությանը ծրագրերի մշակման, Հայաստանում վերականգնողական կենտրոնների գործունեության խրախուսմանը. «Հուսով ենք, որ ասոցիացիայի հայաստանյան մասնաճյուղը կդառնա մոդելային կենտրոն այս տարածաշրջանում հոգե-սոցիալական ռեաբիլիտացիոն աշխատանքների իրականացման ոլորտում»:

 

Բավական ԱՓԻՑԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք