Լրահոս
Օրվա լրահոսը

Կապանում զանգվածային կրճատումներ կլինե՞ն, թե՞ ոչ

Նոյեմբեր 08,2013 17:29

qaxaqՎերջին օրերին Կապանում բնակիչների շրջանում մտահոգության տեղիք էր տվել համացանցում տեղ գտած այն տեղեկությունը, որ Կապանի քաղաքապետի որոշմամբ՝ քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 25-ից ավելի հիմնարկներում զանգվածային կրճատումներ են սպասվում. աշխատանքից կազատվեն բոլոր պահակները, հաշվապահները, գործավարները և գանձապահները, ովքեր ներկայիս պայմաններում աշխատում են նվազագույն աշխատավարձով եւ արդեն ստացել են համապատասխան ծանուցագրերը:

«Կապանի քաղաքապետը որոշել է դատարկել Կապան քաղաքը, նպաստել արտագաղթին, գործազուրկ դարձնել առանց այն էլ գործազրկության նպաստից զրկված ժողովրդին: Նշեմ, որ այս հաստիքները կվերանան ընդմիշտ, և 100-ից ավելի աշխատողներ կմնան գործազուրկ…», – նման ինֆորմացիա էր տարածվել համացանցում, որն անհանգստանալու առիթ էր տվել կապանցիներին, ովքեր այս օրերին դիմում էին նաեւ մեզ, որեւէ հստակ տեղեկություն իմանալու համար:

Այցելեցինք Կապանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող   կառույցներից մի քանիսը, զրուցեցինք աշխատակիցների եւ տնօրենների հետ: «Կապանի ակումբագրադարանային միավորում» ՀՈԱԿ-ի տնօրեն Սվետլանա Գեւորգյանը նշեց, որ իրենք ունեն 54 աշխատող եւ ոչ մեկն էլ ծանուցագիր չի ստացել:

Իսկ մեր  այցելած մյուս կառույցներում՝ Կապանի Արամ Խաչատրյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում, Կապանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնում ու Կապանի արվեստի մանկական դպրոցում, տնօրենները մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ նշեցին, որ իրենց հիմնարկում 4 աշխատողի՝ 2 պահակի, հաշվապահի ու գանձապահ-գործավարի, նոյեմբերի 1-ից ծանուցագրեր են տրվել եւ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի  համաձայն՝ տեղեկացվել են, որ 2014թ.-ի հունվարի 1-ից  նրանց հետ կնքված աշխատանքային պայմանագրերը կլուծվեն: Տնօրենները նշեցին, որ իրենք հստակ ոչինչ չգիտեն, այդ աշխատողները կկրճատվե՞ն, թե՞ ոչ, վերջնական որոշման են սպասում, սակայն որոշ չափով տեղեկացված են նաեւ, որ քաղաքապետարանին կից ստեղծվելու են պահակային եւ հաշվապահական ծառայություններ, որտեղ կտեղափոխվեն եւ կկենտրոնանան այդ աշխատողները:  Այս պահին, թերեւս, անորոշ վիճակ է:

Կապանի Արամ Խաչատրյանի անվան  թիվ 1 երաժշտական դպրոցի հաշվապահ Անուշիկ Եղիազարյանը նույնպես մտահոգված է եւ չգիտի, թե իրեն ի՞նչ ճակատագիր է սպասվելու եկող տարվանից, կրճատվելո՞ւ է, թե՞ շարունակելու է աշխատել:

«Մեզ ոչ մի հստակ բան չեն ասել, այդ որոշման հիմքը չգիտենք:  Ես 6-7 տարի է՝ այստեղ եմ աշխատում, կարելի է ասել՝ վերջին 5 տարիներին աշխատավարձի բարձրացում չի եղել, ընդամենը 37 հազար դրամ փող եմ ստացել, ընթացիկ տարվա հուլիսից 47 հազար դրամ եմ ստանում: Վարկեր ունեմ բանկում, ֆինանսական խնդիրներ ունեմ, 47 հազարով 2 վարկ եմ կարողանում փակել: Եթե կրճատումներ լինեն, ապա շատ ցավալի կլինի,  ես միայն ինձ համար չեմ ասում, այլ բոլորի համար, ամեն մի կոլեկտիվում տեսեք քանի հոգի պետք է կրճատվի, աշխատատեղեր չկան Կապանում, որ գնանք ուրիշ տեղ աշխատենք», – ասաց նա:

Կապան համայնքի ավագանու անդամ Մհեր Միրզոյանը մեզ հետ ունեցած զրույցի ժամանակ նշեց, որ լսել է կրճատումների մասին, բայց ավագանու հաստատմանը  ոչ մի նախագիծ չի ներկայացվել: «Այդ որոշումը դեռ վերջնական տեսք չի ստացել եւ հաստատ պարզ չէ՝ նրանք կրճատվելո՞ւ են, թե՞ ոչ: Իմ անձնական կարծիքը կարող եմ ասել, ես դեմ եմ ընդհանուր կրճատումներին, բայց դեռ պարզ չեն հիմնավորումները եւ ոչինչ հստակ ասել չեմ կարող», – նշեց նա:

Իսկ ավագանու մեկ այլ անդամ Կարեն Շահինյանից հետաքրքրվեցինք, եթե նախագիծը ներկայացվի ավագանու հաստատմանը, ապա ի՞նչ որոշում կկայացնի ինքը: «Չեմ կարծում, թե մեր մեջ մարդ կգտնվի, որ այդ որոշումը դրական կգնահատի, բայց կարող  է համայնքի ղեկավարն այնպիսի պատճառներ բերի, որ հիմնավորի այդ կրճատումները: Ամեն դեպքում ավելի ճիշտ կլինի սպասենք նախագիծը վերջնական տեսք ստանա, որից հետո արդեն ներկայացնենք մեր տեսակետները», – ասաց Կարեն Շահինյանը:

Մինչ Կապանում՝ բնակիչների շրջանում, արդեն քանի օր է՝ անորոշ վիճակ  է եւ անհանգիստ մթնոլորտ էր տիրում, Կապանի քաղաքապետարանը  միայն այսօր հարկ համարեց պարզաբանմամբ հանդես գալ: Քաղաքապետարանի տարածած հայտարարության համաձայն՝ քաղաքապետարանի եւ քաղաքապետարանին կից կառույցներում նախատեսվող զանգվածային կրճատումների մասին վերջին օրերին Կապանում տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը:

«Նման ենթադրության առիթը, թերեւս, այն է, որ քաղաքապետարանը  Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 115-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ երկու ամիս առաջ` հոկտեմբերի 31-ից, մի շարք աշխատողների ծանուցագրերով տեղեկացրել է, որ 2014թ. հունվարի 1-ից դադարեցնելու է 2010թ. դեկտեմբերի 15-ից սկսված աշխատանքային հարաբերությունները: Դրա պատճառն այն է, որ քաղաքապետարանը նախատեսում է ստեղծել նոր կառույցներ, որոնցում կընդգրկվեն պայմանագրի ժամկետը չերկարացրած այն աշխատակիցները, ովքեր կանցնեն համապատասխան ատեստավորում: Այս նախաձեռնությամբ քաղաքապետարանը նպատակ ունի, օրենքով սահմանված կարգով, առավել արդյունավետ դարձնել իրականացվող աշխատանքը եւ ոչ թե կրճատել իր հաստիքները: Նախագիծը վերջնական տեսքի բերելուց, աշխատակիցների թվաքանակը եւ հաստիքները ճշտելուց հետո հարցը կներկայացվի ավագանու քննարկմանը», – պարզաբանել են Կապանի քաղաքապետարանից:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2013
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930