Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր Մայդանն էլ 2008թ. մարտի 1-ն էր

Փետրվար 28,2014 14:12

Մայդանը չի ավարտվել, սրվել են ռուս-ուկրաինական հարաբերությունները եւ ներքաղաքական ճգնաժամը

Կիեւի Մայդանի իրադարձությունները հեռարձակվեցին եւ բոլորս ականատես եղանք, թե ինչպես քաղաքական խաղաղ բողոքը վերաճեց հասարակական անվտանգության համար մեծ վտանգավորություն ներկայացնող բռնություններով, հրկիզումներով եւ սպանություններով զուգորդվող զանգվածային անկարգությունների, այնուհետեւ ոստիկանների եւ բողոքողների միջեւ պատերազմի: Նկատենք, որ քաղաքական բողոքը ծագեց, երբ Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը բանի տեղ չդնելով սեփական ժողովրդին, Ուկրաինան «Եվրասիա» մաքսային միության կազմում ներգրավելու ինքնակամ որոշում ընդունեց:

Արյան գնով Մայդանը հաղթեց, Գերագույն Ռադան անվստահություն հայտնեց նախագահ Յանուկովիչին եւ նշանակեց արտահերթ նախագահական ընտրություններ, ապաքրեականացրեց Յուլիա Տիմոշենկոյին ազատազրկման քրեական նորմը, ում Յանուկովիչի ցուցումով քաղաքացիական իրավահարաբերություններից բխող պայմանագրի հենքով ապօրինի զրկել էին ազատությունից, խափանվեց Ուկրաինան Մաքսային միությանը անդամագրվելու պայմանավորվածությունը:
Ի դեպ, Մայդանը չի ավարտվել, սրվել են ռուս-ուկրաինական հարաբերությունները եւ ներքաղաքական ճգնաժամը:

Հիմա անդրադառնանք Մայդանի դեպքերի իրավական կողմին:

1. Իմ պատկերացմամբ՝ Մայդանի դեպքերը հետաքննվելու են մեկ ընդհանուր վարույթում, քանզի դրանք փոխկապակցված են միմյանց եւ ծագել են քաղաքական բողոքի մասնակիցների նկատմամբ բռնություններ ու զենք գործադրելու պատճառով, ուստի նման պարագայում զանգվածային անկարգությունների ընթացքում առաջացած ողջ վտանգավոր հետեւանքների համար մեղավոր կամ պատասխանատու են իշխանության պարագլուխները՝ նախագահը, ներքին գործերի նախարարը եւ այլք:

2. Ոստիկանների գործողություններ:

Դրանք կապված են հրամանի կամ կարգադրության պատասխանատվության հետ: Զինվորական եւ ծառայական կարգապահությունը ենթականերից պահանջում է կատարել իրենց համար պարտադիր՝ պետի կամ ղեկավարի հրամաններն ու կարգադրությունները: Այդ խնդիրն ավելի սուր է դրված զինվորական ծառայությունում եւ դրանց չկատարումը դիտվում է զինվորական ծառայության դեմ հանցագործություն (ՌԴ քրեական օրենսգրքի 332 հոդված):

Դրա համար էլ քրեական օրենսդրությունը սահմանել է քրեական պատասխանատվության հետեւյալ սկզբունքը. քրեական օրենքով պաշտպանվող շահին վնաս պատճառելու դեպքում քրեական պատասխանատվության ենթակա է անօրինական հրաման կամ կարգադրություն կատարող անձը, այլ ոչ թե ենթական:

3. Քաղաքական բողոքի մասնակիցների գործողություններ:

Մայդանի անկարգությունների ընթացքում վնաս է պատճառվել նաեւ բազմաթիվ ոստիկանների առողջությանը, իսկ ավելի քան 10-ը սպանվել են: Բողոքողների գործողությունները, այսինքն վնաս պատճառելը համընկնում է անհրաժեշտ պաշտպանության վիճակին, ինչը քրեական պատասխանատվություն չի առաջացնում (բռնությունների եւ զենքի գործադրմամբ սպանվել են ավելի քան 80 քաղաքացիներ եւ հարյուրավոր մասնակիցների պատճառվել վնաս):

4. Անկարգությունների ընթացքում անկարգություններ եւ այլ հանցանքներ հրահրողների, կողոպուտը եւ այլ արարքները ընթացք է տրվելու ընդհանուր հիմունքներով՝ ըստ հետեւանքների:

Մեր Մայդանն էլ 2008թ. մարտի 1-ն էր, երբ ժողովուրդը բողոքեց նախագահական ընտրությունները կեղծելու միջոցով իշխանությունը զավթողների դեմ: Մեզ մոտ էլ ռեժիմը խաղաղ բողոքողների նկատմամբ գործադրեց բիրտ ուժ եւ զանգվածաբար գնդակահարեցին բողոքողներին, ինչը պատճառ հանդիսացավ մարդկային զոհերի եւ այլ ծանր հետեւանքների:

Իմիջիայլոց, Ուկրաինայի Մայդանի եւ մարտի 1-ի դեպքերը էությամբ նույնն են, դրանց դրդապատճառը բռնություններ գործադրելն է: Ցավոք, Մայդանի արդարացի պատասխանատվության բանաձեւը, ինչը Ուկրաինայի քրեական հետապնդում իրականացնող մարմինները հետաքննությամբ հետեւողականորեն իրականացնում են, մարտի 1-ի դեպքերով չգործեց, այլ պատկան մարմինները փոխադարձ պատճառական կապի մեջ գտնվող հանգամանքները տարանջատեցին (սպանության դեպքերը եւ ոստիկանների գործողությունները մայր գործից անջատեցին), փաստական տվյալները նենգափոխեցին եւ պարտակեցին վտանգավոր հետեւանքների պատասխանատուներին՝ ռեժիմի պարագլուխներին, իսկ մեղքը բարդեցին բողոքողների վրա, իբր պետական հեղաշրջման փորձ են կատարել: Ի դեպ, այս մեթոդը կիրառելու փորձ կատարեցին նաեւ Մայդանում, բայց հանդիպեցին ժողովրդի անկոտրում դիմադրությանը, իսկ եվրոպաները թույլ չտվեցին: Այդ եվրոպաները մարտի 1-ի թիկունքին չկանգնեցին, քար լռեցին եւ բարեհոգություն ցուցաբերեցին հանցավոր ռեժիմի նկատմամբ, ինչը ծնեց 2013թ. փետրվարի 18-ը եւ աղոթքը, ինչպես նաեւ հետադարձ պատմական անցյալը՝ «Եվրասիա» մաքսային միություն անդամագրվելու գաղտնի դավադրությունը:

ԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ

իրավաբան, Մոսկվա

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728