Լրահոս
Օրվա լրահոսը

«Որպես քաղաքական էջ՝ ժամանակն է շրջել այդ էջը». Աղվան Վարդանյանը՝ Մարտի 1-ի մասին («Հայոց աշխարհ»)

Մարտ 01,2014 10:10

ՀՅԴ խմբակցության քարտուղար ԱՂՎԱՆ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ գնահատմամբ, խորհրդարանական անցած քառօրյան եզակի էր այն առումով, որ ամբողջությամբ «նվիրված էր ներխորհրդարանական հարցերին՝ կառավարությունը չհասցրեց նույնիսկ մեկ օրինագիծ ներկայացնել»։

Ա.Վարդանյանը դրական է վերաբերվում այն փաստին, որ խորհրդարանական մեծամասնությունը, ըստ էության, ընդառաջ գնաց «գազի հարցով» ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու փոքրամասնության նախաձեռնությանը՝ այն դարձնելով «իրենը». «Ի վերջո, իշխանությունն էլ տեսավ, գիտակցեց, որ այստեղ կան պրոբլեմներ, եւ որքան էլ համաձայնագրերն ստորագրված, վավերացված են, պիտի գտնել գործիքներ, մեխանիզմներ, որ գոնե ապագայում կարողանանք խուսափել որոշ կորուստներից կամ որոշ հարցեր կարգավորելու հնարավորություններ ունենանք։ Այս տեսակետից մեզ համար կարեւոր չէ՝ ով է նախաձեռնողը»։
Փոխարենը, ըստ նրա, անհասկանալի է մեծամասնության կեցվածքը «Նաիրիտի» պարագայում. «Մի կողմից, ասում են՝ այո, կան խնդիրներ, պատրաստ ենք ուսումնասիրել, մյուս կողմից, ասում են՝ հիմա դրա ժամանակը չէ։ Դա մեզ համար անընդունելի է։ Այսօր «Նաիրիտի» շուրջ ստեղծված պատմություններով զբաղվելը որեւէ կերպ չի խոչընդոտի ռուսական կողմի հետ բանակցություններին։ Հակառակը՝ կօգնի»։
Ճիշտ է, մեծամասնությունը խոստանում է աշնանային նստաշրջանում անդրադառնալ «Նաիրիտի» թնջուկին, բայց Դաշնակցությունը մտավախություն ունի, որ, նախ, հնարավոր չի լինի խուսափել մասնագետների արտահոսքից, երկրորդ եւ ամենակարեւորը՝ պարտատերերի պահանջով գործարանը կարող է սնանկ հայտարարվել. «Եթե սնանկ ճանաչվեց, «Նաիրիտի» հետ կապված պատմությունները հնարավոր չէ վերականգնել եւ հասկանալ՝ ինչ է այնտեղ կատարվել տարբեր փուլերում։ Իսկ այնտեղ ամենատարբեր հարցեր կան, որ առնվազն պետք է ուսումնասիրել»,- նշում է ՀՅԴ խմբակցության քարտուղարը։
Ա.Վարդանյանը, ոմանց հակառակ, հակված չէ զուգահեռներ անցկացնել Ուկրաինայի եւ Հայաստանի միջեւ. «Հայաստանում, այո, կան բազմաթիվ խնդիրներ, դժգոհությունն օր օրի աճում է, ցավոք՝ իշխանություններն իրենց գործողություններով ամեն օր մի նոր օջախ են ստեղծում։
Բայց մեր ժողովուրդը իր բնույթը, տեսակը, մտածողությունն ունի։ Համոզված չեմ, թե Հայաստանում զուտ սոցիալական հողի վրա հնարավոր են ցնցումներ։ Մեզանում քանի դեռ սոցիալական խնդիրները չեն զուգակցվում ազգային խնդիրների հետ, նման պոռթկումը, ըմբոստությունը քիչ հավանական է։ Ու դա թերեւս վատ չէ՝ մեր ժողովրդին բնորոշ է»։
Ինչ վերաբերում է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության հեռանկարին, մենք այդ գործընթացից կարող ենք շահած դուրս գալ մի դեպքում՝ «եթե բանակցողները կարողանան մի շարք ուղղություններով Հայաստանի համար բացառություններ եւ առավելություններ ստանալ։ Այլապես կտուժենք՝ բանակցությունների արդյունքներից է կախված Հայաստանի տնտեսական հնարավորությունների աճը, որը այսօր որեւէ մեկը չի կարող գնահատել»,- գտնում է Ա.Վարդանյանը։
Եվ վերջապես՝ մարտիմեկյան իրադարձությունների եւ դրա շուրջ բորբոքվող շատ դեպքերում անառողջ կրքերի մասին։ Ըստ պատգամավորի, «որպես քաղաքական էջ՝ ժամանակն է շրջել այդ էջը՝ մտածել ապագայի մասին։ Բայց տուժողների, զոհերի հարազատների խնդիրները պետք է կարգավորել, ի վերջո, համապատասխան փոխհատուցում, աջակցություն ցուցաբերել այդ մարդկանց»։

Հրապարակումն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31