Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքագետ Հմայակ Հովհաննիսյանն իրեն համարում է քաղհալածյալ

Մարտ 31,2014 17:57

Քրեական վերաքննիչ դատարանում մարտի 31-ին սկսվեց Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանի բողոքի քննությունը: Նրա բողոքը ներկայացրեց այս դատարանում ներգրավված պաշտպանը՝ նախկինում դատախազ, փաստաբան Սերգեյ Աբրահամյանը:

Բողոքաբեր կողմը վիճարկում է այս տարվա հունվարի 21-ի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը:

Համաձայն դատավճռի, Հմայակ Հովհաննիսյանը դատապարտվել է 100 000 դրամի տուգանքի, Համաներմամբ ազատվել է պատժի կրումից, փոխվել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը:

Առաջին ատյանի դատարանը հաստատված էր համարել Հմայակ Հովհաննիսյանի կատարած հանցանքը, այն է՝ 2012թ.ապրիլի 28-ին «Հայհիդրոէներգոնախագիծ» փակ բաժնետիրական ընկերության սեփականատեր Սենիկ Ջուլհակյանին հրելը, նրան մարմնական վնասվածք պատճառելը:

Հմայակ Հովհաննիսյանի նոր պաշտպանը՝ Սերգեյ Աբրահամյանն ասաց, որ տուժողը (որն, ի դեպ, խնդրել էր բողոքի քննությունը լսել առանց իր ներկայության), տարբեր հայտարարություն, հաղորդում, բացատրություն, ցուցմունքներ է տվել մատերը կոտրելու մասին:

Մասնավորապես, ըստ պաշտպանի, տուժողը բուժհիմնարկ դիմելիս մեկ ասել էր, թե մատները մնացել է դռան տակ, մեկ՝ անզգուշությամբ հարվածել է դռանը, մեկ՝ Հմայակ Հովհաննիսյանն է հրել ՝«ուժգին հարվածելով», իսկ քննիչի մոտ էլ ասել էր, թե Հմայակ Հովհաննիսյանը երկու ձեռքով հրել է իրեն կրծքավանդակից, այդ ժամանակ էլ «զուգադիպեց, ներսից ինչ-որ մեկը բացեց դուռը», ընկավ, վնասեց:

Ըստ բողոքաբեր պաշտպանի, առաջին ատյանի դատարանը չի գնահատել, թե ի վերջո Սենիկ Ջուլհակյանի 3-րդ եւ 5-րդ մատների կոտրվելը հետեւանք է ընկնելո՞ւ, թե՞ հարվածի: Նա դիմեց մեղադրանքը պաշտպանած Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքի ավագ դատախազ Հայկ Էրամջյանին, ասելով ՝« Եթե ընդունենք մեղադրանքի կողմի սցենարը, ճիշտ է, ապա առկա չէ մեղքը»:

Հայաստանի քաղաքագետների միության նախագահ Հմայակ Հովհաննիսյանն ասաց, որ մեղադրական եզրակացությունը ծայրից ծայր սուտ է:Նա հայտնեց, որ դեպքի օրը շաբաթ էր, իսկ ինքը եղել է ԱԺ պատգամավորության թեկնածու, եւ 14-րդ օրն էր, ինչ իրականացնում էր իր քարոզարշավը:

Նա նկարագրեց, թե ինչպես են իր աշխատավայրի մուտքը փակել նշյալ ՓԲ ընկերության աշխատակիցները, որոնց համար աշխատանքային չի եղել այդ օրը, թե ինչպես են իրեն հրավիրել ասուլիսի «Հենարան» ակումբ:

«Սենիկ Ջուլհակյանը «Հենարան » ակումբի արտահաստիքային աշխատողը չէր, որ գար, ու ինձ բերման ենթարկեր»,-ասաց քաղաքագետների միության նախագահը:

Նա նաեւ հայտնեց, որ Սենիկ Ջուլհակյանի կողմից երկու օպերատոր նկարահանումներ են իրականացրել, այդ նկարահանումները հետագայում հայտնվել են «Յութուբում»: Ըստ Հովհաննիսյանի, եթե ինքը հրապարակավ արել է վիրավորական արտահայտություններ, ապա ինչո՞ւ է տեսանյութը տուժողի կողմից հայտնվել «Յութուբում»: Եթե վիրավորվում է, եթե ներողություն է պահանջում, ինչո՞ւ է տիրաժավորում տեսանյութը:

Ի դեպ, ակնարկված տեսանյութը ցուցադրվել է նաեւ «Արմենիա» հեռուստաընկերության կողմից:

Մեղադրողն ասաց, որ թե տուժողի , թե ՓԲ ընկերության 9 աշխատակիցների ցուցմունքներով հիմնավորվել է, որ Հմայակ Հովհաննիսյանը մարմնական վնասվածք է հասցրել Սենիկ Ջուլհակյանին: Նա բացառեց այն, որ աշխատակիցները՝ գիտնական, տարեց կանայք կարող էին սուտ ցուցմունքներ տալ, իսկ բողոքաբեր կողմի դիտարկմամբ, նրանք ցուցմունքներ են տվել, քանի որ աշխատում են սեփականատիրոջ մոտ, նրա վարձու աշխատողներն են, եւ որ գիտնական կանայք «ստորակետ-ստորակետ արտագրել են ցուցմունքները»:

Դատավոր Սեւակ Համբարձումյանը հարցրեց մեղադրողին, թե արդյոք առկա՞ է դեպքի վայրի զննության արձանագրություն, ինչպես է եղել, դեպքը, մեղադրողի համար պա՞րզ է եղել, թե ով որտեղ է կանգնած եղել, որտեղից է բացվել դուռը: Պարզվեց, որ դեպքի վայրի զննություն այս գործով չի եղել, փոխարենը, դատարանը տեղատեսություն է կատարել, իսկ թե տեղատեսության ժամանակ, ինչ է պարզվել, այնքան էլ հստակ չէր: Իսկ Հմայակ Հովհաննիսյանն ասում էր, թե այս գործը Եվրոպական դատարան գնալու դեպքում ճանաչվելու է, որ իր նկատմամբ քաղաքական հալածանք է տեղի ունեցել:

Դատարանի այն հարցին էլ, թե ինչպես է դրսեւորվել քաղաքական հալածանքը, Հմայակ Հովհաննիսյանն ասաց. «Լինելով բազմափորձ քաղաքական գործիչ, ունենալով քաղաքական հակառակորդներ, տեսնելով, որ երկու տեսախցիկ իրեն նկարում էր, նա ոչինչ չի արել, չի հրել, մատով չի կպել տուժողին: Իսկ տուժողն առաջին օրն ասել է, թե մատը դռան տակ է թողել, այն դեպքում, որ նա ավելի չափազանցնելու հնարավորություն ուներ, եւ կարող էր կատարվածը ներկայացնել ոչ թե 5 օր հետո, այլ՝ նույն օրը:

Հաջորդ նիստը կշարունակվի ապրիլի 15-ին:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31