Լրահոս
Օրվա լրահոսը

«Սպիտակ լիճը» վերադարձվեց Իջեւան համայնքին, այն պետք է մաքրել

Ապրիլ 04,2014 21:56

Իջեւանի հարավային մուտքի մոտ  է գտնվում  Աղստեւ  գետի վրա կառուցված  «Սպիտակ լիճը»  ջրամբարը: Այն կառուցվել է  խորհրդային տարիներին, ջրամբարը իջեւանցիների եւ քաղաքի հյուրերի  հանգստի սիրված վայրերից էր: Արհեստական լճի ջրթողման համակարգում առկա խնդիրների պատճառով տարիների ընթացքում ջրամբարը լցվեց ջրաբերուկներով, ավազով եւ տիղմով: Լիճը ցամաքեց:  Ներկայումս  դրա միջով  առու հիշեցնող  գետ  է հոսում,  ցամաքած  լճում անասուններ են արածում:

2011թ. դեկտեմբերի 16-ին Իջեւանի նախկին քաղաքապետ Վարուժան Ներսիսյանի գլխավորությամբ քաղաքապետարանը լճի տարածքի  անհատույց օգտագործման, 40 տարով վարձակալության  պայմանագիր է կնքել «Իջեւան Տուրիզմ ընդ Բիզնես» ՍՊԸ տնօրեն  Արծրուն Խոջումյանի հետ: Տեղի է  ունեցել անշարժ գույքի  իրավունքի պետական գրանցում, տրվել է գրանցման վկայական: Նշենք, որ մինչ այդ, 2011թ. նոյեմբերի 13-ին կայացած Իջեւան համայնքի ղեկավարի ընտրություններում Վարուժան Ներսիսյանը պարտվել էր  Վարդան Ղալումյանին:  Սակայն  Վարուժան Ներսիսյանը մինչեւ դեկտեմբերի 24-ը    իր լիազորությունները ցած չէր դրել: 2012թ. հոկտեմբերի 8-ին Իջեւանի քաղաքապետարանը՝ ի դեմս քաղաքապետ Վարդան Ղալումյանի դիմել է  Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ Իջեւանի քաղաքապետարանի եւ «Իջեւան  Տուրիզմ ընդ Բիզնես» ՍՊԸ-ի միջեւ 2011թ. դեկտեմբերի 16-ին կնքված անշարժ գույքի անհատույց օգտագործման(վարձակալության) պայմանագիրը վաղաժամկետ լուծելու եւ որպես հետեւանք ընկերության անվամբ 2011թ. դեկտեմբերի 20-ին իրականացված անշարժ գույքի իրավունքի պետական  գրանցումը եւ դրա հիման վրա տրված իրավունքի գրանցման վկայականն անվավեր ճանաչելու պահանջներով:

2013թ. օգոստոսի 15-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Աշոտ Խաչիկյանը մերժել է  քաղաքապետարանի հայցը: Քաղաքապետարանը դիմել է  ՀՀ քաղաքացիական վերաքննիչ դատարան:2013թ. դեկտեմբերի 27-ին  վերաքննիչ դատարանը որոշել է  առաջին ատյանի դատարանի վճիռը մասնակի բեկանել, վաղաժամկետ լուծել Իջեւանի քաղաքապետարանի եւ «Իջեւան Տուրիզմ ընդ Բիզնես» ՍՊԸ-ի միջեւ կնքված 2011թ. դեկտեմբերի 16-ի անշարժ գույքի անհատույց օգտագործման պայմանագիրը եւ անվավեր ճանաչել «Իջեւան Տուրիզմ ընդ Բիզնես» ՍՊԸ-ի անվամբ  2011թ. դեկտեմբերի 20-ին իրականացված  անշարժ գույքի իրավունքի պետական գրանցումը: Ընկերությունը վճռաբեկ բողոք է ներկայացրել, սակայն վճռաբեկ դատարանը 2014թ. փետրվարի 19-ին  որոշել է վճռաբեկ բողոքը վերադարձնել: Այսպիսով «Սպիտակ լիճը» վերադարձվել է  Իջեւան համայնքին, սակայն այն ավազից, տիղմից, տարբեր ջրաբերուկներից մաքրելու,  իսկապես հանգստի գոտի դարձնելու խնդիրը պահանջելու է  ֆինանսական մեծ ներդրում, որ համայնքը չունի:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Arman says:

    Վճռաբեկ դատարանն իր որոշումը կայացրել է 2014թ. փետրվարի 19-ին, իսկ հարգարժան լրագրողն այդ թեմային անդրադարձել է ՀՀ նախագահի Տավուշի մարզի Բերդի տարածաշրջան կատարելիք այցի նախօրյակին՝ ապրիլի 4-ին, այն դեպքում, երբ մարզպետի և բնապահպանների կողմից պլանավորված չէ նշված այցի շրջանակներում բարձրացնել լճի մաքրման հարցը???

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930