Լրահոս
Օրվա լրահոսը

Կարճեւանցիներ. «Ագարակի կոմբինատը մի շարք խնդիրներ է հարուցում համայնքի համար»

Ապրիլ 10,2014 18:51

Ագարակի կոմբինատը գործունեություն է ծավալում մի քանի համայնքներում՝ այդ թվում նաեւ Կարճեւան գյուղական համայնքում: Կարճեւանցիների խոսքով՝ Ագարակի կոմբինատն իր գործունեությամբ մի շարք խնդիրներ է առաջացնում համայնքի համար, ինչպես նաեւ բացասական անդրադառնում գյուղի էկոլոգիայի, բնակչության առողջության վրա:  «Կոմբինատի հարստացուցիչ ֆաբրիկան, հանքի մի մասը, բելազների կայանման պարկը գտնվում են Կարճեւանի տարածքում, բնականաբար իր ազդեցությունն ունի համայնքի էկոլոգիայի, մարդկանց առողջության վրա: Մասնավորապես՝ հենց հանքի կողքով դեպի Կարճեւան եկող ոռոգման ջրերը  կոմբինատի ոչ բարեխիղճ աշխատանքի պատճառով աղտոտվում են: Հանք գնացող-եկող բելազներն էդ ջրերի մեջ են աշխատում, ջուրը կեղտոտվում  ու նոր է գալիս հասնում մեզ, մենք էլ ստիպված էդ ցեխաջրերով  այգիները ոռոգում ենք: Իսկ ամռան շոգ ամիսներին ճանապարհների ոչ նորմալ ջրցանման հետեւանքով փոշին է առաջանում եւ  Կարճեւանի օդն աղտոտվում»,-նշեցին կարճեւանցիները:

Կարճեւանի գյուղապետ Արմեն Ավետիսյանը, որ 20 տարի է ղեկավարում է համայնքը, մեզ հետ ունեցած զրույցում նշեց, որ խնդրի մասին տարբեր ժամանակահատվածներում տեղյակ է պահել ընկերության ղեկավարներին, բայց խնդրին կայուն լուծում այդպես էլ չի տրվել:

«Իրենց հետ 20 տարի է բանակցում ենք, անընդհատ հիմնարկում ղեկավարություն է փոխվում,  ամեն զրույցից հետո մեկ ամիս  նորմալ ջրցանում է  իրականացվում, թվում է ինչ-որ բան տեղից շարժվում է, բայց կրկին նույն վիճակն է  ստեղծվում, կայուն լուծում չի տրվում:  Հարստացուցիչ ֆաբրիկան գտնվում է այդ տարածքում, դեպի ֆաբրիկա տանող այլ  ճանապարհ չկա: Ես հասկանում եմ, որ կոմբինատը չի փակվելու դրա կողմնակիցն էլ չենք, մեր պահանջն այն է, որ իրենք ընդամենը ժամանակին ջրցանում իրականացնեն,  չխնայեն, նորմալ աշխատեն, այդ դեպքում կհասնենք նորմալ արդյունքի», -ասաց Կարճեւանի գյուղապետը:

Իսկ ինչ վերաբերում է հանքերի տարածքից դեպի Կարճեւան հոսող ոռոգման ջրերի արհեստականորեն աղտոտմանը, գյուղապետը նշեց, որ գյուղացիները հնարավորինս խուսափում են այդ ջրով ոռոգել, բայց ի տարբերություն գյուղի մյուս հատվածի, որտեղ գտնվող այգիները ոռոգում են սարից եկող մաքուր գետակի ջրով, գյուղի այս տարածքը ոռոգման այլ ջուր չունի:

Փորձեցինք խնդրի վերաբերյալ նաեւ պարզաբանում ստանալ Ագարակի կոմբինատից: Կոմբինատի գլխավոր տնօրենի խորհրդական Արթուր Նիկողոսյանը մեզ տեղեկացրեց, որ փոշու առաջացումը կանխելու համար ընկերությունն ամեն օր այդ ճանապարհներին ջրցանում է իրականացնում, իսկ աղտոտումների դեպքում՝  պատճառները վերացվում են:

«Եթե աղտոտում եղել է ու  գյուղապետարանը դիմել է՝  մենք շտկել ենք կամ նյութական հատուցում ենք տվել, այնպես չէ, որ գյուղացիների կամ գյուղապետի պահանջին մենք չենք պատասխանել: Եթե վթարի հետեւանքով է աղտոտում լինում՝ մենք փորձում ենք ե՛ւ վթարը շտկենք, ե՛ւ մարդկանց օգնենք հետեւանքները վերացնելու համար:  Բայց դա համատարած չէ, մեծ ձեռնարկություն է  ժամանակ առ ժամանակ վթարներ կարող են լինել, միշտ ուսումնասիրվել է, շտկվել է  եւ նյութական օժանդակություն է տրվել, եթե նյութական վնասը մեծ է եղել:

Իսկ ինչ վերաբերում է փոշու առաջացմանը, ապա գյուղապետը շատ լավ տեղյակ է, որ ամեն օր հանքի ճանապարհները ջրվում են մեր ջրցան մեքենաներով», -հավելեց պարոն Նիկողոսյանը:

Արմեն Ավետիսյանը չժխտեց նաեւ, որ հանքարդյունաբերական ընկերության գործունեությունն անդրադառնում է բնակչության առողջության վրա, թեեւ հատուկ ուսումնասիրություններ չկան արված եւ երբեւէ  չեն արվել այդ տարածքի համար, բայց բնակչության շրջանում վերջին տարիներին մեծ տարածում գտած գլխացավերը, հոդացավերն ու ճնշման հետ կապված խնդիրները թույլ են տալիս ենթադրելու, որ հանքարդյունաբերությունն, այնուամենայնիվ, իր ազդեցությունն ունի այս հարցում:

Նշենք, որ Ագարակի կոմբինատի պոչատարը եւս գտնվում է Կարճեւանի վարչական տարածքում, բայց բնակելի հատվածից 7-8 կմ հեռու է: Գյուղապետի խոսքով՝ կոմբինատը համայնքին տարեկան մոտ 12 մլն դրամ գումար է վճարում գործունեություն ծավալելու համար, որի շնորհիվ Կարճեւանի բյուջեն կայուն է՝ համեմատած  տարածաշրջանի մյուս համայնքների:

 

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930