Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Սարգսյանի դստեր եւ խնամու ներկայացուցչի առարկությունները

Ապրիլ 16,2014 15:16

Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Սիմիզար Հովսեփյանի վարույթում է գտնվում նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի դստեր՝ Նարինե Սարգսյանի եւ խնամու՝ Հրանտ Սուվարյանի հայցն ընդդեմ Սուսաննա Դավթյանի, Լեմբերիկ Խաչատրյանի ՝ պատվի, արժանապատվությանը պատճառված վնասը փոխհատուցելու պահանջի մասին:

Երրորդ անձ է ճանաչվել «Առավոտ» օրաթերթ ՍՊ ընկերությունը:

Ինչպես տեղեկացրել էինք, դատարան էր ուղարկվել հայցի դեմ պատասխանողների առարկությունները:

Հայցվորների ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Անահիտ Սարգսյանն իր առարկություններն է ուղարկել դատարան:

Այսօր դատարանից ստացվեց 3 համակարգչային էջից բաղկացած նրա առարկությունները:

Հայցվորի ներկայացուցիչը պատասխանողների առարկությունները, դրանում բերված փաստարկներն անհիմն է համարում:

Մասնավորապես, պատասխանողները տեղեկացրել էին, որ վարչական դատարանում առկա է թիվ ՎԴ/0499/05/14 վարչական գործը, որտեղ վիճարկվում է Երեւանի քաղաքապետի 22.11.2013թ.5896-Ա որոշումը: Ըստ փաստաբանի, այդ գործի մանրամասներն այս հայցի սահմաններից դուրս են:

Իսկ ահա, նշյալ վարչական գործը, որում վիճարկվում է քաղաքապետի որոշման իրավաչափության հարցը, վերաբերում է Արթուր Արիստակեսի Խաչատրյանի, Հրանտ Սուվարյանի եւ Հայկ Վիլիկի Եղոյանի բնակելի տան զբաղեցրած եւ սպասարկման համար անհրաժեշտ 810.0 քմ մակերեսով նրանց ընդհանուր սեփականությունը հանդիսացող հողամասին կից 226.13 քմ մակերեսով հողամասի եւ դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ սեփականության իրավունքի վերականգնմանը:

«Նշյալ որոշումը նրանց ապօրինի շինությանը չի վերաբերում եւ ընդհանրապես չի խախտում նրանց որեւէ իրավունք»,-նշել էր Սարգսյանի, Սուվարյանի ներկայացուցիչը:

Փաստաբանը հիշեցման կարգով ասում է, թե վարչական մարմինն է ընդունել համապատասխան որոշումը, եւ ոչ թե հայցվորները, եւ քանի դեռ չկա հակառակն ապացուցող օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, հետեւաբար, գործում է վարչական ակտի իրավաչափության կանխավարկածը:

Հայցվորների դիրքորոշումը «Առավոտ» օրաթերթի եւ www.aravot.am-ի փետրվարի 7-ի եւ 8-ի հրապարակումների վերաբերյալ հետեւյալն է. «Հրապարակումներում նման փաստական հանգամանքների վերաբերյալ պնդումները չունեն որեւէ փաստական հիմք եւ զրպարտություն են»:

«Հայցվորները գտնում են, որ քանի որ ողջ հանրությունը կարդում է «Առավոտ» օրաթերթը եւ էլեկտրոնային համանուն կայքը, չի տիրապետում բավարար իրավական գիտելիքների, որի արդյունքում չի կարող համապատասխան իրավական գնահատական տալ հոդվածում արծարծված հայցվորների «հավակնությունների» վերաբերյալ: Ոչ ճիշտ տեղեկատվություն է հրապարկված, ինչից պարզ է դառնում, որ «ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի դուստրն ու ԿԲ ֆինանսական վերահսկողության պետ Հրանտ Սուվարյանն ապօրինաբար տիրացել են իրենց քարե շինությանը» նախադասությունը հասարակության կողմից ընկալվում են որպես վարչապետի դստեր եւ խնամու հակաօրինական վարքագծի դրսեւորում»,-գրում է Ա.Սարգսյանը:

Ի դեպ , պատասխանողներն իրենց առարկություններում նշել էին, որ «ապօրինաբար տիրանալ» բառակապակցությունը դրվել է չակերտների մեջ, հետեւաբար, օգտագործվել է փոխաբերական իմաստով:

«Նախ, այդ բառակապակցությունը դրվել է ոչ թե փոխաբերական իմաստով, այլ լրագրողի կողմից ուրիշի ուղղակի խոսքը արտահայտելու նպատակով: Բացի այդ, զավթել, տիրանալ, յուրացնել բառերը չեն բնորոշում հայցվորների անձը կամ նրանց վարքագիծը, եւ նույնպես արատավորում, նսեմացնում են նրանց պատիվն ու արժանապատվությունը»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930