Հակադեֆամացիոն Լիգան վերահաստատում է Հայոց Ցեղասպանության փաստի վերաբերյալ դիրքորոշումը

Հակադեֆամացիոն Լիգան վերահաստատում է Հայոց Ցեղասպանության փաստի վերաբերյալ դիրքորոշումը

Վաշինգտոն- Վերջերս, Հակադեֆամացիոն Լիգան (Anti-Defamation League) հանդես է եկել հերթական հայտարարությամբ` նպատակ ունենալով հստակեցնել իր դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ,- հաղորդում է Ամերիկայի Հայկական Համագումարը (Համագումար):

Հակադեֆամացիոն Լիգայի կայքի Եվրոպայի բաժնում գրված է. «Քանի որ շարունակում են հարցեր բարձրաձայնվել Հակադեֆամացիոն Լիգայի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշման շուրջ, մենք ցանկանում են պարզաբանել, որ ինչպես նշել էինք 2008թ. օգոստոսին, Հակադեֆամացիոն Լիգան ճանաչում է Հայոց ցեղասպանությունը»: Այս նոր հայտարարությունը 2008թ. Հակադեֆամացիոն Լիգայի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշման վերահաստատումն է:

Սակայն Հակադեֆամացիոն Լիգայի ազգային տնօրեն Աբրահամ Ֆոքսմանը 2007թ. հայտարարության մեջ խուսափել է Հայոց ցեղասպանություն ճիշտ եզրույթի օգտագործումից: Ֆոքսմանի 2007թ. հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Այդ գործողությունների հետևանքները, անշուշտ, հավասարազոր են ցեղասպանությանը: Ավելին, մենք շարունակում ենք վճռականորեն հավատալ, որ Կոնգրեսի բանաձևը այսպիսի հարցերի վերաբերյալ անարդյունավետ քայլ է և չի ամրապնդի թուրքերի ու հայերի միջև հաշտեցումը, և կարող է վտանգի ենթարկել Թուրքիայի հրեական համայնքը և Թուրքիայի, Իսրայելի և Միացյալ Նահանգների միջև կարևոր բազմակողմանի հարաբերությունները»:

Վերջերս Հակադեֆամացիոն Լիգայի հայտարարությունը նախորդել է մայիսի 17-ին Սաֆոլք համալսարանի իրավաբանական դպրոցի ավարտական հանդիսությանը Աբրահամ Ֆոքսմանի ելույթին:  Սաֆոլք համալսարանի` Ֆոքսմանին որպես 2014թ. հանդիսության խոսնակ ընտրությունը տարակուսանք է առաջացրել դպրոցի ուսանողական խորհրդի, ինչպես նաև Ամերիկայի հայկական կազմակերպությունների կողմից, որոնք կոչ են արել համալսարանին վերանայել իր որոշումը: «Սաֆոլքը հավակնում է լինել բազմազանության մարմնացում և մի վայր բոլոր մարդկանց համար, սակայն ակնհայտ է, որ այս խոսնակը չի մարմնացնում այդ արժեքները»,- Բոստոն Գլոբին է հայտնել համալսարանի Ազգային իրավաբանների միավորման նախագահ Էմի Ուիլիսը:

Հակադեֆամացիոն Լիգայի հայտարարությունը հաջորդել է ապրիլի 23-ի Ամերիկայի հրեական համայնքի հայտարարությանը, որտեղ վերջինս կոչ է արել թուրքական կառավարությանը “հաշվի նստել Հայոց ցեղասպանության իրողության հետ”:

«Սա մի գործընթացի սկիզբ է, որով ավելի լավ կհասկանանք, թե արդյոք պարոն Ֆոքսմանը և Ազգային Հակադեֆամացիոն Լիգան անկեղծորեն ընդունում են նոր և հստակ վարքագիծ Հայոց ցեղասպանության փաստի վերահաստատման շուրջ»,- հայտնում է Համագումարի Խորհրդի անդամ Էնթոնի Բարսամյանը, հավելելով. «Որպես Սաֆոլք համալսարանի իրավաբանական դպրոցի շրջանավարտ, այս խնդիրը դառնում է ավելի անձնական, քանի որ Մասաչուսեթսի հայ համայնքը թերահավատորեն է վերաբերվում պարոն Ֆոքսմանի` Հայոց ցեղասպանության վերաբերյալ դիրքորոշմանը և Կոնգրեսում ջանքերին: Գործողություններն ավելի խոսուն են, քան խոսքերը, սակայն հաշվի առնելով համալսարանի որոշումը շարունակել Ֆոքսմանի հետ համագործակցությունը և Հակադեֆամացիոն Լիգայի վերջին հայտարարությունը, այժմ նա բացառիկ հնարավորություն ունի հստակեցնել և արտահայտել իր կազմակերպության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության վերաբերյալ»:

Ամերիկայի հայկական համագումարի մամուլի հաղորդագրություն

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

 
Առցանց Առավոտի լուրերին facebook-ով բաժանորդագրվելու համար սեղմեք