Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղաղապահներ կլինեն՝ միայն ԼՂ հիմնախնդրի վերջնական եւ համապարփակ խաղաղ կարգավորման պարագայում

Օգոստոս 29,2014 16:30

1994թ. հրադադարի հաստատումից ի վեր՝ պարբերաբար թե՛ ներքին, թե՛ միջազգային մակարդակներով հրապարակ են նետվում տեղեկություններ այն մասին, որ ուր որ է՝ ղարաբաղա-ադրբեջանական սահմանագծի երկայնքով խաղաղապահ զորքեր են տեղակայվելու: Բարեբախտաբար, առ այսօր այդ տեղեկությունները մնացել են խոսակցությունների մակարդակում:

Հերթական անգամ նման խոսակցություններ սկսվեցին հուլիսի վերջին սահմանի երկայնքով սկսված լարվածության ժամանակ: Սոչիում ՀՀ, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահների եռակողմ հանդիպումից հետո խոսակցությունները կենտրոնացան հենց «ռուս խաղաղապահների» վրա:

Սակայն ինչպես տարբեր փորձագետներ, ազատամարտիկներ, քաղաքագետներ, այնպես էլ ՀՀ եւ ԼՂՀ պաշտպանության նախարարները միակարծիք էին՝ մենք խաղաղապահների կարիք չունենք: Օգոստոսի 6-ին կայացած ասուլիսում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն ասել է. «Երկրագնդի վրա հակամարտությունների բոլոր գոտիների մեջ արցախյան հակամարտության գոտին միակ վայրն է, որտեղ առանց որեւէ երրորդ ուժի՝ ուժերի հավասարակշռության պահպանմամբ, մարտական ոգու եւ որակյալ պատրաստվածության մեր առավելության շնորհիվ մենք պահպանում ենք հարաբերական զինադադարի պայմանները: Իրավիճակը մենք գնահատում ենք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն, քանի որ հակառակորդի կողմից մշտապես խախտվում են հրադադարի պայմանները: Մեր սպայական պատրաստվածության շնորհիվ մենք պահպանում ենք այդ իրավիճակը: Երբ խոսում ենք ուժերի հավասարակշռության մասին, միանգամից կարելի է եզրակացնել, թե ինչ նշանակություն ունի քանակական ու որակական պատրաստվածությունը: Այդ առումով մենք մեր առջեւ դրված խնդիրները ինքնուրույն կարող ենք լուծել եւ խաղաղապահ ուժերի տեղակայման կարիք այսօր չկա»:
Իր հերթին օգոստոսի 19-ին կայացած ասուլիսում ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը Ստեփանակերտում ասել էր. «Մեզ համար ամենալավ խաղաղապահը Պաշտպանության բանակի զորքն է, մենք ուրիշ խաղաղապահների կարիք չենք զգում»:
Այնինչ օգոստոսի 10-ին «Արմնյուզին» տված հարցազրույցի ժամանակ լրագրողի հարցին՝ ռուս խաղաղապահների մասին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանել է այսպես. «Ես առաջին անգամ եմ լսում միայն ռուս խաղաղապահների մասին, իսկ, ընդհանրապես, Մադրիդյան սկզբունքները ենթադրում են խաղաղապահների տեղակայում շփման գծի ողջ երկայնքով, այսինքն՝ կողմերի միջեւ: Բայց դա այս բանակցությունների առարկան չէ եւ թեման չէ, որովհետեւ այստեղ միայն զուտ սկզբունքը պետք է քննարկվի` լինելո՞ւ են արդյոք խաղաղապահներ, թե՞ չէ: Կազանյան փաստաթղթում այդ դրույթը կա: Իսկ խաղաղապահ ուժերի կազմը, լիազորությունները կորոշվեն Մեծ համաձայնագրում, որը պետք է հետեւի այս փաստաթուղթը ստորագրելուն»:

«Առավոտի» հարցին՝ ինչպե՞ս հասկանալ սա, արդյո՞ք սա նշանակում է, որ խաղաղապահների տեղակայումը հավանական է, քաղաքագետ Արմեն Մինասյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանի պարզաբանումը որեւէ հակասության մեջ չէ Հայաստանի եւ Արցախի պաշտպանության նախարարների արտահայտած դիրքորոշման հետ: Որքանով կարելի է դատել՝ թե՛ Սեյրան Օհանյանը եւ թե՛ Մովսես Հակոբյանը, խաղաղապահների հարցին անդրադարձել են վերջին շրջանում շփման գծում լարվածության աճի կոնտեքստում: Նրանց դիրքորոշումից ակնհայտ է, որ հայկական կողմը խաղաղության պահպանման եւ Արցախի բնակչության անվտանգության ապահովման լավագույն երաշխիք համարում է սեփական զինված ուժերը: Սա, բնականաբար, հասկանալի եւ ընկալելի է, եթե հաշվի առնենք, թե ինչ ձախողումներ են ունեցել ամենատարբեր խաղաղապահ առաքելությունները աշխարհի տարբեր թեժ կետերում: Ինչ վերաբերում է նախագահի պարզաբանմանը, ապա որեւէ նոր բան չի ասվել. ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների առաջնորդներն իրենց բազմաթիվ հայտարարություններում (Աքվիլա, Մուսկոկա, Դովիլ, Լոս Կաբոս եւ այլն) գաղտնազերծել են բանակցությունների սեղանին դրված առաջարկների որոշ կետեր, ինչից պարզ է դառնում, որ հակամարտության համապարփակ լուծման տարրերից մեկն էլ խաղաղապահ գործողության իրականացումն է: Նույն հայտարարություններում բազմիցս նշվել է, որ առաջարկված սկզբունքներն ու տարրերը մեկ ամբողջություն են, հետեւաբար կարելի է եզրակացնել, որ խաղաղապահ գործողությունը վերաբերում է բացառապես համապարփակ կարգավորմանը, որի մասին կարելի է խոսել միայն, այսպես կոչված, «Խաղաղության մեծ համաձայնագրի» մշակման դեպքում, որի քննարկումը նախատեսվում է հիմնարար սկզբունքների համաձայնեցումից հետո: Քանի որ կողմերն անգամ կարգավորման սկզբունքների հարցում համաձայնության չեն հասել, ներկայումս խոսել մեծ համաձայնագրի ու կարգավորման մասին, առայժմ վաղ է: Այսինքն՝ վաղ է խոսել նաեւ խաղաղապահների տեղակայման անխուսափելիության մասին»:

ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
28.08.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031