Լրահոս
Օրվա լրահոսը

Պրահայի Կարլի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում վերաբացվեցին հայագիտության առարկաները

Սեպտեմբեր 16,2014 22:10

Սեպտեմբերի 16-ին Չեխիայում ՀՀ դեսպանության և Պրահայի Կարլի համալսարանի միջև կնքվեց համաձայնագիր՝ համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում հայագիտության առարկաների դասընթացի վերաբացման վերաբերյալ:

Հայկական կողմից պայմանագիրը ստորագրեց Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը, չեխական կողմից՝ համալսարանի ռեկտոր Տոմաշ Զիման:

Կարլի համալսարանում հայագիտության դասավանդումն ավանդույթներ ունի: Տարբեր տարիների (1953թ. և 1996թ.) բացվել է ամբիոն կամ անց է կացվել դասախոսությունների շարք:

Կարևորելով համալսարանում հայագիտության դասավանդման ավանդույթների վերականգնումը` Հայաստանի կառավարությունը՝ ՀՀ կրթության և գիտության նախարարության առաջարկով, որոշում է կայացրել ֆինանսական օժանդակություն տրամադրել Կարլի համալսարանին՝ դասավանդումը վերսկսելու նպատակով:

2014-2015թթ. ուսումնական տարվա ընթացքում չեխ ուսանողներին կառաջարկվեն հայոց լեզվի, գրականության, պատմության, մշակույթի և աշխարհագրության դասընթացներ:

Ստորագրման պաշտոնական արարողությունից հետո տեղի ունեցած հանդիպման ժամանակ ողջունելով հյուրերին` ռեկտոր Զիման նշեց, որ չափազանց կարևորում է հայագիտության առարկաների դասավանդման վերսկսումը և հայալեզու գրականության գրադարանի վերականգնումը համալսարանում:

Դեսպան Սեյրանյանն իր հերթին շնորհակալություն հայտնեց հայագիտության առարկաների դասավանդումը սկսելու հարցում չեխական կողմի պատրաստակամության և հետաքրքրության համար` նշելով, որ այն մեծապես կնպաստի երկու երկրների միջև սերտ կապերի ամրապնդմանն ու զարգացմանը, հատկապես կրթության և գիտության բնագավառում: Դեսպանն առաջարկեց առաջիկայում ուսումնասիրել Պրահայի Կարլի համալսարանի և Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատությունների միջև ուղղակի կապ հաստատելու հնարավորությունները՝ հետագայում ուսանողների միջև փոխանակման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ծրագրերի իրականացման նպատակով:

Արարողությանը և հանդիպմանը ներկա էին նաև Չեխիայի խորհրդարանի պատգամավորների պալատի պատգամավոր, Չեխիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ռոբին Բյոհնիշը։

Տեղեկանք: Պրահայի Կարլի համալսարանը հանդիսանում է Եվրոպայում ամենահին և հեղինակավոր համալսարաններից մեկը: Այն հիմնադրվել է 1348թ., ունի 17 ֆակուլտետ և մի շարք ինստիտուտներ, հետազոտական, մասնագիտական, կրթական կենտրոններ: Համալսարանում ուսանում է ավելի քան 53000 ուսանող, որոնցից 7000-ը` արտերկրից: Համալսարանը մասնագիտանում է հիմնականում ավանդական մասնագիտությունների մեջ: Առավել հայտնի են համալսարանի բժշկական, իրավաբանական և հումանիտար ֆակուլտետները: Կարլի համալսարանը համագործակցում է և ծրագրեր է իրականացնում աշխարհի բազմաթիվ համալսարանների հետ:

 

 ՀՀ ԱԳՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930