Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկի հայր. «Դարձանք փախստական, դարձանք մուրացկան». (Տեսանյութ)

Հոկտեմբեր 20,2014 19:37

Ադրբեջանի Թարթառի շրջանի Բեգում Սարով հայկական գյուղի բնակիչ Սուրեն Տոնյանը տարիներ առաջ 600 այլ ընտանիքների հետ փախել է թշնամուց և ապաստանել Հրազդանում: Կարոտն աչքերում՝ ամեն օր հիշում է իր կորցրած տունը, շրջկոմի առաջին քարտուղարից նվեր ստացած «Ժիգուլի» մակնիշի մեքենան («Իտալիայի վիպուսկ էր, է՜»,- ծիծաղում է):

DSC01691

40 տարվա գյուղատնտեսը ոչինչ չի խնայել զավակներին բարձրագույն կրթությամբ ապահովելու համար: «Խանի պես էինք ապրում, որովհետև կիրթ էինք: …Դարձանք փախստական, դարձանք մուրացկան», – դառնությամբ պատմում է Սուրեն պապը:

Մինուճար որդին զոհվել է Արցախի ազատամարտում: Կինը կորստյան վշտին չի դիմացել: Այդ օրվանից ի վեր միայնակ է ապրում, ուրիշների հողը մշակում «փայի» դիմաց: Պատահել է՝ խաբել են, չեն վարձատրել, սակայն երբեք իր բախտից չի բողոքել: «Բոլորից գոհ եմ», -ասում է նա:

DSC01698

Օրերը ցրտելուն պես 85-ամյա ծերունին դադարում է աշխատել, քանի որ ճողվածքի ցավն իրեն զգացնել է տալիս: Վիրահատությունն անհնարին է. 37000 դրամ կենսաթոշակը միայն կոմունալ ծախսերի համար է բավականացնում:

Շատ նախասիրություններ ունի՝ ֆուտբոլ, հայոց պատմություն, գրականություն, աշխարհագրություն: Անկեղծորեն զարմանում է, թե ինչպես կարող է հայ մարդը պատկերացում չունենալ Հայաստանի աշխարհագրական դիրքի մասին: Հաճախ է Սևակ կարդում և տարբեր առիթներով մեջբերումներ անում:

Հավատում է Աստծուն, ճակատագրեր տնօրինելու նրա զորությանը: «Աստված է մեզ ստեղծել: Ճակատագրից չես փախչի: Այդքան փորձեր են անում, մի մուկ անգամ չեն կարողանում ստեղծել»:

DSC01702

Հարևանները, բարեգործական ճաշարանի աշխատողները, ընկերները բնութագրում են նրան որպես բարի և աշխատասեր մարդու: «Սուրեն պապին  մարդ է մեծատառով, մեր հավատարիմ բարեկամը»,- պատմում է Յուրա Դավթյանը՝ հիշելով ավանդույթ դարձած մի թաս գինին, ցավ ու արցունք տեսած այդ մարդու անկեղծ ծիծաղը: «Ասում էի՝ Սուրե՛ն, թոռներդ հարուստ են, թոշակդ քեզ պահի: Չէր լսում, մի մասն ուղարկում էր»:

Այս ամսվա կենսաթոշակով Սուրեն պապը հատուկ նվեր է գնելու. չէ՞ որ իր ազատամարտիկ որդու տղան է ամուսնանում:

 

Անի ԱՆՏՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031