Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկուսանալու վտանգը կանխազգալով

Հոկտեմբեր 24,2014 16:30

Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրիի հրավերով օրերս այցելել էր Իրան:

Հովիկ Աբրահամյանը Ջահանգիրիի հետ հանդիպմանը համոզմունք է հայտնել, որ այցը նոր լիցք կհաղորդի փոխշահավետ գործակցությանը երկու երկրների միջեւ: ԻԻՀ առաջին փոխնախագահը նկատել է, որ տնտեսական հարաբերությունները զիջում են առկա քաղաքական երկխոսության բարձր մակարդակին: Կողմերն ընդգծել են, որ առկա է տնտեսական համագործակցության ակտիվացման մեծ ներուժ եւ պետք է անել հնարավորը՝ համատեղ նախագծերին ու ծրագրերին նոր շունչ հաղորդելու եւ դրանք կյանքի կոչելու համար, շեշտել են տնտեսական հարաբերությունների ակտիվացման անհրաժեշտությունը: Հ. Աբրահամյանը նշել է, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագիրը նոր հեռանկարներ կբացի երկրի տնտեսության հետագա զարգացման, ինչպես նաեւ հնարավորություններ՝ օտարերկրյա ներդրումների համար: Հ. Աբրահամյանի եւ Է. Ջահանգիրիի առանձնազրույցին հաջորդել էր ընդլայնված կազմով հանդիպում, որի ընթացքում անդրադարձ է եղել ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք ծրագրերի իրականացման ընթացքին եւ դրանց հեռանկարներին:

ՀՀ վարչապետը հանդիպել է ԻԻՀ արտաքին գործերի նախարար Մոհամմադ Զաֆադ Զարիֆի հետ, որի հետ քննարկվել են տարածաշրջանային խնդիրներին եւ երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր։ Իսկ ԻԻՀ նախագահ Հասան Ռուհանիի հետ հանդիպմանը վերջինս նշել է, որ Իրանը պատրաստակամ է օժանդակել հայկական կողմի նախաձեռնություններին, ինչպես նաեւ համատեղ ծրագրերի իրականացմանը: Հայաստանի վարչապետը Իրանի նախագահի հետ հանդիպմանը նույնպես խոսել է Հայաստանի` ԵՏՄ-ին անդամակցությունից ու շեշտել, թե այն հնարավորություն է ընձեռում ստանձնել այդ կառույցի անդամների եւ օտարերկրյա գործարար համայնքների համար կապող օղակի դերակատարություն, եւ որ Հայաստանում նպաստավոր պայմաններ են ստեղծվել ներդրումների համար:

Վարչապետի այցի նախօրեին ՀՀ նախագահի խորհրդականն էր Իրանի հետ համագործակցության ու ծրագրերի թեմայով տեղեկություններ հայտնել: «Հայաստանի տնտեսական հեռանկարները ԵՏՄ կազմում» խորագիրը կրող համաժողովում ՀՀ նախագահի խորհրդական Կարինե Մինասյանը նշել էր, թե Իրանը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունները սերտացնելու հեռանկարով` հաշվի առնելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը: «Հայաստանն, անդամակցելով Եվրասիական տնտեսական միությանը, կարող է Իրանի համար ռուսական շուկա դուրս գալու ճանապարհ հանդիսանալ, ուստի շահագրգռված է, որպեսզի շարունակի եւ ավելի խորացնի Հայաստանի հետ համագործակցությունը»,- ըստ «Արմենպրես»-ի՝ նշել էր Մինասյանը:

Ըստ «Էխո Կավկազա»-ի` Հայաստանն ու Իրանը մտադիր են եւս մեկ՝ երրորդ էլեկտրահաղորդման գիծ բացել Արաքս գետի վրայով: Իրանի էներգետիկայի նախարար Համիդ Չիտչիանի փոխանցմամբ` երկու կողմերը ցանկանում են ընդլայնել էլեկտրաէներգիայի հաղորդման իրենց հնարավորությունները: Ավելին` Իրանն ու Հայաստանը արագացնում են Արաքսի վրա երկու հիդրոէլեկտրակայանների կառուցման տեմպերը: «Բանկային խնդիրները որոշ ժամանակով արգելակում էին նախագծի իրականացումը, բայց այդ հարցերը հիմա լուծվում են»,- տեղեկացրել էր Չիտչիանը:
Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող վերջին քայլերը` ԵՏՄ-ին անդամակցելու ճանապարհին, բավական ուշագրավ են: Տպավորություն է ստեղծվում, որ Հայաստանի իշխանությունները փորձում են հավասարակշռություն պահպանել արտաքին քաղաքական ուղղություններում:

Պաշտոնական Երեւանը պատրաստակամություն է հայտնում ԵՄ-ի հետ հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ, եւ արդեն մի քանի անգամ եվրոպացի դիվանագետների կողմից արձագանքներ, հավաստիացումներ են եղել այն մասին, որ Հայաստանի հետ փոխհարաբերությունների առումով Բրյուսելը մտորում է, թե ինչ ուղղությամբ կարելի է առաջ ընթանալ:

Օրեր առաջ վարչապետը այցելեց Միացյալ Նահանգներ, այժմ` հարեւան Իրան, մի երկիր, որի նկատմամբ միջազգային հանրության վերաբերմունքը վերջին ժամանակներս էականորեն փոխվել է: Հատկանշական էր օրեր առաջ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի գնահատականը` Իրանն ԱՄՆ-ի իսկական դաշնակիցն է: Նրա խոսքով՝ գաղափարական, կրոնական բաղադրիչն է, որ նրան դարձնում է հակառակորդ:
Հայաստանի ռազմավարական դաշնակից Ռուսաստանի նկատմամբ Արեւմուտքի ներկայիս վերաբերմունքի, Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների պայմաններում դեպի Եվրասիական միություն շարժվող Հայաստանի իշխանությունները, թերեւս, գիտակցում են, թե ինչ անկանխատեսելի իրավիճակում կարող է նախ հայտնվել մեկուսացող «հովանավոր» երկիրը, առավել եւս` նրա դաշնակից կամ «արբանյակ» երկրները:

Դրանով են, թերեւս, պայմանավորված արտաքին քաղաքական ոլորտում Հայաստանի իշխանությունների իրականացրած վերջին քայլերը:

Թե ինչ արդյունքներ կլինեն՝ դեռ, իհարկե, վաղ է խոսել, սակայն պետք է արձանագրել նաեւ, որ, այնուամենայնիվ, իշխանությունների կողմից փորձեր գոնե արվում են արտաքին քաղաքական դաշտում որոշակի ինքնուրույնություն դրսեւորելու եւ ամեն ինչ Ռուսաստանի «տնօրինմանը» չհանձնելու ուղղությամբ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031