Լրահոս
Օրվա լրահոսը

Պատշաճ հարգանք և մեծարում գիտնականներին

Հոկտեմբեր 30,2014 15:24

Դեռևս հին դարերից հայն ունեցել է անվանի գիտնականներ, փիլիսոփաներ, պատմագիրներ, որոնք մեծ հարգանք են վայելել ոչ միայն մեր ժողովրդի, այլև այլազգիների կողմից: Դավիթ Անհաղթ. այդպես են կոչել 5-րդ դարի այն մեծ փիլիսոփա գիտնականին, որի փայլուն ելույթները, գիտա-փիլիսոփայական ստեղծագործությունները հավաստել են գիտության մեջ նրա անհաղթելի մեծությունը և արժանացրել «Անհաղթ» պատվանունին: Պակաս մեծություններ չեն եղել նաև Անանիա Շիրակացին, Գրիգոր Տաթևացին, Ամիրդովլաթ Ամասիացին, Հովնան Րաբունին և շատ այլ հայ գիտնականներ:

Դարերի ընթացքում, նույնիսկ մեր պատմության ամենադժվարին պահերին, հայ ժողովուրդը պահպանել է իր գիտությունն ու դպրությունը, որպես ազգի հարատևման, գենոֆոնդի պահպանման, երկրի համար ռազմավարական ու քաղաքական նշանակության կարևոր գործոններ: Եվ պատահական չէր, որ Խորհրդային տարիներին, նույնիսկ Հայրենական պատերազմի ամենաթեժ շրջանում, 1943թ., Հայաստանում ստեղծվեց Գիտությունների ակադեմիա: Դա խիստ անհրաժեշտ և տեղին որոշում էր: Հայաստանն ուներ ոչ միայն խոշոր, այլև համաշխարհային մեծության գիտնականներ. Հովսեփ և Լևոն Օրբելիներ, Վիկտոր Համբարձումյան, Հրաչյա Աճառյան, Իսահակ և Աբրահամ Ալիխանյաններ, Մանուկ Աբեղյան, Ստեփան Մալխասյանց, Խաչատուր Կոշտոյանց և շատ այլ երևելիներ, որոնց համատեղ գործունեությունն այդ տարիներին կարող էր ոչ միայն մեր երկիրը, այլև աշխարհը հարստացնել նորագույն և անհրաժեշտ գիտական հայտնագործություններով:

Այսօր, շատ հայ գիտնականներ և մտավոր աշխատանքի լավագույն ներկայացուցիչներ սփռված են աշխարհով մեկ և իրենց տաղանդի ուժով նվաճում են օտարազգիների հարգանքը, գրավում գիտական-ստեղծագործական աշխատանքի հեղինակավոր դիրք ու պաշտոններ: Սակայն, եթե հայազգի գիտնականները արտերկրում վայելում են մեծ հարգանք ու պատիվ, վարձատրվում լիուլի, ապա նույն կարողությունների տեր հայաստանաբնակ գիտնականները, ցավոք, հարազատ երկրի կառավարության կողմից չեն արժանանում պատշաճ հարգանքի, անհրաժեշտ ուշադրության:

Երբ 1943 թվականին ստեղծվեց Հայաստանի Գիտությունների ակադեմիան, իր «Հուշեր»-ում Ակադեմիայի առաջին պրեզիդենտ (նախագահ), մեծահամբավ Հովսեփ Օրբելին, գրեց, որ նա և իր գիտնական-գործընկերները Հայաստանի կառավարության կողմից մշտական ուշադրության կենտրոնում էին: Նրանք հաճախ էին հրավիրվում ՀԿԿ Կենտկոմ` խորհրդակցության, կամ պարզապես զրույցների` կենտկոմի առաջին քարտուղար Գրիգոր Հարությունյանի, ինչպես և հանրապետության ժողկոմխորհի ղեկավարների մոտ, քննարկում էին Ակադեմիային հուզող խնդիրներ, որոնք հնարավորինս արագ լուծում էին ստանում: Հայաստանի ղեկավարությունը շահագրգռված էր Ակադեմիայի պատշաճ գործունեությամբ և բարգավաճմամբ, գիտակցելով գիտական այդ հեղինակավոր կառույցի մեծ նշանակությունն ու անհրաժեշտությունը երկրի և’ գիտական, և’ ռազմավարական, և’ քաղաքական կյանքի համար:

Այսօր էլ մենք ունենք գիտության տարբեր բնագավառներ ներկայացնող տաղանդավոր շատ գիտնականներ, որոնք կարող են մեծապես հարստացնել հայրենիքի գիտական ներուժը, բարձրացնել նրա արժանապատվությունը, ներկայացնել այնպիսի ուսումնասիրություններ, որոնք արտերկրի մասնագետների կողմից կդիտվեն որպես բարձրարժեք ու կարևոր հետազոտություններ, գիտության մեջ նորահայտ նվաճումներ: Սակայն դրա համար անհրաժեշտ է, որ մեր կառավարության ղեկավար անձինք ունենան բարձր մշակույթ, համապատասխան գիտելիքներ և լայն մտածողություն, որպեսզի կարողանան սիրով և պատրաստակամությամբ օժանդակել գիտնականներին` ստեղծելու այն արժեքավորը, որ ծառայելու է հենց մե’ր երկրին, մե’ր ժողովրդին:

Ցավոք, վերջին երկու տասնամյակներին Հայաստանի նորընծա կառավարության զարմանալի անտարբերության, նաև այդ իսկ տարիներին հայ հասարակության տարբեր խավերի բարոյական ու կրթական մակարդակի արագընթաց անկման հետևանքով , այսօր գիտնականը ոչ միայն չի վայելում իշխող համակարգի, այլև ժողովրդական լայն զանգվածների հարգանքն ու համակրանքը:

– Ով է գիտնականը հասարակության համար,-մեր զրույցի ընթացքում իր իսկ հարցումին պատասխանում է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ակ. Լևոն Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտի լաբորատորիայի վարիչ, կենս. գիտ. թեկնածու Արմեն Ոսկանյանը, բացի աշխարհը փորձարարական (էքսպերիմենտալ) հետազոտությունների միջոցով ճանաչելու և այն հանրությանը ներկայացնելու հիմնական պարտականություններից, գիտնականն օգնում է բարձրացնելու հասարակության գրագիտությունն ու կազմակերպվածությունը, ստեղծում է մշակույթի ու բարեկրթության անհրաժեշտ մթնոլորտ, վերացնելով բնակչության լայն զանգվածների անկրթությունն ու անգրագիտությունը: Գիտնականների ներկայությունը հնարավորություն է տալիս նաև ծանոթանալ մեր երկրի սահմաններից դուրս կատարվող գիտական հետազոտություններին ու նոր հայտնագործություններին:

-Ինչ է կատարվում այսօր ակադեմիական գիտության հետ, -շարունակում է Արմեն Ոսկանյանը, -վերցնենք թեկուզ, պետական բյուջեն: Սովորաբար ցանկացած պետություն գիտությանը հատկացնում է բյուջեի որոշակի տոկոս: Մեզ մոտ ֆինանսավորումը բավականին ցածր է, ընդամենը 1%, սակայն ցավալին այն է, որ եղած չնչին տոկոսից էլ իրականացվում է ընդամենը 0.1%-ը: Ինչու՞մն է բանը: Հավանաբար մեր իշխանությունը նախագահի գլխավորությամբ, ոչ լիովին է գիտակցում այն կարևոր դերը, որ ունի այսօր գիտությունը երկրի կենսամակարդակի բարձրացման համար: Չկա այն գիտակցությունը, որ գիտության բացակայությունը կհանգեցնի հասարակության աստիճանական քայքայման, նաև արտադրության և մյուս բոլոր ոլորտների անկման, դեգրադացիայի: Ցավոք, չի գիտակցվում և ընկալվում այն, որ հասարակության կյանքում այսօր ստեղծված և ստեղծվող բոլոր բարիքների հիմքում նույն ինքը` գիտությունն է: Մեր իշխանության կարծիքով ամենաարագ ձևով փող վաստակել կարելի է միայն առևտրի ոլորտում, իսկ ակադեմիական գիտությունը ծանրընթաց է: Եվ, որպեսզի գիտությունից ևս ստացվի շուտափույթ շահույթ, ըստ նրանց, պետք է վերացնել գիտնականններին և արագորեն վաճառքի հանել ակադեմիական բոլոր ինստիտուտների շենքերը: Այն ակադեմիայի, որի կազմակերպման համար գումարներ գտնվեցին 1943 թվականին, պատերազմական տարիներին և ոչ թե` այսօր, երբ ամբողջ աշխարհը հարստանում է գիտության կողմից ներկայացվող տեխնոլոգիաների հաշվին: Ներկայումս մեզ մոտ, ցավոք, տեղի է ունենում գիտության քայքայման ակտիվ գործընթաց: Գիտությունը, փաստորեն , գտնվում է կլինիկական մահվան շեմին:

Ահա այն կարծիքը, որ ունի Հայաստանի ԳԱԱ գիտաշխատողներից մեկը, մի մարդ, որ դեռևս տարիներ առաջ, 1994թ. դիմել էր հանրապետության պաշտպանության նախարարություն, առաջարկելով թույլ տալ աշխատել կենսաբանական զենք ստեղծելու վրա (ինքը, ըստ զինմասնագիտության, քիմիկոս-հետախույզ է), զենք, ավելի ճշգրիտ` թույն, որը թեև չի սպանում թշնամուն, բայց առաջացնում է ալերգիկ ռեակցիա, արցունքակալություն, ուժեղ քոր և այլն, որոնք, փաստորեն ժամանակավորապես կանխում են հակառակորդի առաջընթացը` դուրս մղելով նրան ակտիվ պայքարի դաշտից: Պաշտպանության նախարարության «խելամիտ» ներկայացուցիչները հայտարարեցին, որ իրենք զբաղված են «ավելի լուրջ գործերով»:

Իսկ տարիներ անց, 2006 թվականին, Ոսկանյանը արտասահմանից կոնկրետ տվյալներ ստացավ, որ Շվեյցարիայի ոստիկանությունն օգտագործում է նույն այդ թույնը թշնամական տարրերի և խուլիգանների արարքները կանխելու նպատակով: Այո’, Շվեյցարիան օգտագործում է գիտնականների գյուտը, իսկ Հայաստանը` մերժում:
Վերջին տարիներին Գիտությունների Ակադեմիայի ղեկավարությունը և նրանց արհմիության միացյալ կոմիտեն բազմիցս դիմել էին կառավարությանն ու պետական բարձրաստիճան այրերին, ներկայացնելով հայ գիտնականների սոցիալական ծանր վիճակը, որը պայմանավորված է նրանց ցածր, անպատվաբեր աշխատավարձով. աշխատավարձ, որը ցածր է անգամ երկրի սպառողական զամբյուղի նվազագույնից: Սակայն, ցավոք, որևէ դրական պատասխանի չեն արժանացել:

Երբ կառավարության որոշմամբ այս տարվա հուլիսի 1-ից բարձրացվեց պետական ծառայողների աշխատավարձը` շրջանցելով Գիտությունների ակադեմիան, գիտնականներն այդ փաստը որակեցին որպես գիտության նկատմամբ իշխանությունների արհամարհական վերաբերմունքի արտահայտություն, երկրի համար գիտության ռազմավարական նշանակության անտեսում, մի բան, որը միաժամանակ մեծապես կավելացնի երիտասարդ շնորհալի գիտաշխատողների հոսքը դեպի արտերկիր, առավել ևս ծավալուն դարձնելով արտագաղթն ու հայ ուղեղների արտահոսքը:

Այս առիթով վերջերս կայացած ընդհանուր ժողովում գիտնականները կրկին խոսեցին իրենց ցավոտ հարցերի մասին և այս անգամ դիմում հղեցին անձամբ հանրապետության նախագահ պ-ն Սերժ Սարգսյանին, ակնկալելով նրա արդարամիտ վերաբերմունքը բարձրացված հարցերի նկատմամբ, միաժամանակ պատճենները ներկայացնելով ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանին և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանին:

Ահա մի հատված այդ նամակ-դիմումից. «Հավասարեցնելով տեխնիկական աշխատողի և ավագ գիտաշխատողի աշխատավարձը, իշխանությունները, մեր կարծիքով, գրում են Ակադեմիայի մահախոսականը: Աշխարհի ոչ մի երկրում նման համահարթեցման փաստ գոյություն չունի: Ներկայացված հարցի մերժումը մեր կողմից կդիտվի որպես գիտական գործունեության մասին սակավ պատկերացում ունենալու հետևանք»:

Եվ ի՞նչ պատասխանի արժանացան պատկառելի գիտնականները:

Նախ, ասենք, որ երկրի նախագահի աշխատակազմի կողմից, ընդհանրապես, որևէ պատասխան չեղավ: Պատասխաններ ստացվեցին ՀՀ Կրթության և գիտության նախարարության նախարար Արմեն Աշոտյանից և ՀՀ Ազգային ժողովի սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանից: Պ-ն Աշոտյանն իր պատասխանում գրում է, որ «2014թ. բազային ֆինանսավորմամբ ծրագրերի գծով ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի կազմակերպությունների մեկ հաստիքի միջին հաշվարկային աշխատավարձի չափը սահմանված է 73.0 հազար ՀՀ դրամ: Միևնույն ժամանակ ՀՀ կառավարության 2014թ. հուլիսի 17-ի N 700 Ն որոշմամբ հաստատված ՀՀ 2015-2017թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսվում է ավելացնել գիտությանն ուղղվող ծախսերը, որի արդյունքում ՀՀ ԳԱ համակարգի կազմակերպությունների մեկ հաստիքի միջին հաշվարկային աշխատավարձի չափը կկազմի 80.3 հազար ՀՀ դրամ»:

Կարծում եմ ընթերցողի համար պարզ է գիտնականների աշխատավարձի մինչ այս եղած չափը և նրա «գոհացուցիչ» հավելումը: Գրեթե նույնը կրկնվում էր ՀՀ Ազգային ժողովի Սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պատասխանում:
-Մեր կառավարությունը, -շարունակում է իր մտորումները պրն. Ոսկանյանը,- հսկայական գումարներ է ծախսում և արտասահմանից հրավիրում միջին մակարդակի գիտնականների` դասախոսություններ կարդալու, որոնք, ավելի շատ կարող են բավարարել Ասիայի և Աֆրիկայի թերզարգացած երկրների հասարակությանը: Իսկ մեր բարձրակարգ գիտնականները ստիպված լքում, հեռանում են հայրենիքից` գիտականորեն հարստացնելով ոչ թե Հայաստանը, այլ օտար երկիր, որտեղ բարեհաճ ապաստան են գտնում: Եվ, փաստորեն, այլազգի ուսանողներն են ունկնդրում հայ բարձրակարգ գիտնականների հարուստ մտքերով օժտված դասախոսությունները, օգտվում նրանց խորհուրդներից: Իսկ հետո, մեր կառավարությունը մեծ գումարներ է վճարում այդ նույն հայ արտագնա գիտնականներին` հայրենիք թռուցիկ այցելության համար, որպեսզի տարին մեկ-երկու անգամ նրանց մեկժամյա դասախոսությունը լսեն տարեց-տարի գիտելիքների չափանիշներն իջեցնող մեր երիտասարդները:

Ցավոք, մենք կորցրել ենք հատկապես 20-րդ դարի կեսերից մեր երկրում ստեղծված և գործող հրաշալի գիտական ձեռնարկությունները. չեն պահպանվել նույնիսկ այն գործարանները, որոնք մշտապես ունեին գիտական լաբորատորիաներ և բաժանմունքներ` բարձրակարգ մասնագետներով: Անգամ չունենք թանգարաններ, որտեղ ցուցադրվեն Երևանի հանրահայտ ավտոգործարանի (ԵրԱԶ) կամ Երևանի Մաթեմատիկական մեքենաների գիտա-հետազոտական ինստիտուտի բարձրակարգ մեքենաների նմուշները, մեքենաներ, որոնք այն տարիներին հիացնում էին ամբողջ աշխարհին: Այսօր Մաթեմատիկական մեքենաների ինստիտուտի ( որ սովորաբար կոչում ենք նրա համբավավոր ստեղծողի ու ղեկավարի անունով` Մերգելյանի ինստիտուտ), երիտասարդ աշխատակիցներն, անգամ չգիտեն, թե ով է Սերգեյ Մերգելյանը, այդ աշխարհահռչակ մաթեմատիկոսը: Ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության և գիտության այլ բնագավառներում եղած լավագույն ավանդույթները, ի ցավ մեզ, արդեն ենթարկվում են խեղաձևման, իսկ բարձրագույն հաստատություններ ավարտած շատ ուսանողներ դառնում են գիտության թեկնածուներ, առանց գիտնական դառնալու, գիտական աստիճանը համարելով տաքուկ անկյուն ունենալու կամ արտասահման ճողոպրելու միջոց: Ահա , թե ուր ենք հասել մենք:

Մեկ այլ խնդրանք-առաջարկ, որ կառավարությանն ուղղված իրենց վերջին նամակում նշեցին գիտնականները: Նրանց հուզում է նաև ամենամյա լրացուցիչ արձակուրդի իրավունք ունենալու հարցը: Չէ՞ որ գիտնականն ամբողջ տարվա լարված գիտական մտավոր աշխատանքից հետո պետք է անպայման լիարժեք հանգստանա, ոչ թե 29, այլ երկարացված` 35 օր: Այս խնդրանքին նույնպես և’ նախարարության, և’ Ազգային ժողովի կողմից տրվեց միանշանակ մերժողական պատասխան: Նրանք տառացիորեն կրկնում էին ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 160-րդ հոդվածի տակ տրված տեղեկությունն այն մասին, որ երկարացված ամենամյա արձակուրդ տրվում է «այն հատուկ աշխատողներին, որոնց աշխատանքը կապված է մտավոր և հուզական գերլարվածության կամ մասնագիտական ռիսկի հետ»: Թվում է, որ Աշխատանքային օրենսգրքում գրված մտավոր, հուզական գերլարվածություն և մասնագիտական ռիսկ բնորոշումները միանգամայն համապատասխանում են գիտնականների մտավոր ու ռիսկային աշխատանքին: Անշուշտ, հուզումնալից կարող է լինել նաև այլ մասնագետների աշխատանքը (դերասաններ, երգիչներ և այլն), իսկ ռիսկային` հատկապես կրկեսային արտիստների, մարզիկների ելույթներից շատերը: Բայց, ըստ Օրենսգրքի, իբրև առաջին կարևոր գործոն, նշվում է մտավոր աշխատանքը: Իսկ մտավոր գործունեության ամենացայտուն ներկայացուցիչները գիտնականներն են, որոնց մոտ միտքն ու մտավոր լարվածությունը` միավորված են հուզումնալից ու ռիսկային պահերի հետ, որոնք, բնականաբար, առաջացնում են մեծ հոգնածություն և ֆիզիկական լարվածություն: Իրավիճակ, որ պահանջում է երկարատև հանգիստ: Իսկ կառավարական պատասխաններում, սևով սպիտակի վրա գրված է, որ «դա չի վերաբերվում ՀՀ ԳԱ աշխատողներին»:

Ցավոք, զգացվում է, որ պատասխանող հեղինակավոր անձինք, այնուամենայնիվ ոչ այնքան տեղյակ և իրավասու են քննարկվող հարցերին: Իսկ դրա համար, ինչպես ընդունված է շատ ու շատ երկրներում, պետք է ունենալ հատուկ խորհրդականներ, ովքեր իրենց մասնագիտական բանիմացությամբ և իրավիճակները ճշգրիտ ընկալելու հմտությամբ կարող են լավ խորհրդատու լինել և ճիշտ կողմնորոշել մեր հարգելի ղեկավարներին:

Այսպիսով, ունենք այն, ինչ ունենք: Նախկինում մեծարված ու արժեվորված Հայաստանի Գիտությունների Ակադեմիան` իր պատկառելի գիտնականներով, այսօր չարժանացավ կառավարության ամենաչնչին հարգանքին ու նրանց կողմից առաջարկված որևէ խնդրի դրական լուծման:

Թերեզա Գալստյան
բանասիրական. գիտ. թեկնածու

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Ara Kirakosyan says:

    Անհասկանալի է, իսկ ինչու հայտնի գիտնականները ավելի ռադիկալ քայլերի օրինակ չեն դիմում? Սրան-նրան նամակներ ուղղարկելով ոչինչ չի փոխվի: Գիտնականները նախևառաջ պետք է պայքարեն իրենց մեջ փոփոխություններ կատարելու, իրենց ղեկավարներին փոխելու համար: Վերջապես գիտությունը հասկանալու և գնահատելու համար լայն մտահորիզոն և աշխարահայացք է պետք ունենալ: Իսկ գիտության հանդեպ բացասական վերաբերմունքն արդեն ձևավորվել էր ԼՏՊ-ի Ժամանակ և հիմա էլ շարունակվում է: Ես օրինակ հիշում եմ երիտասարդ գիտնականների մրցույթում հաղթում էին այնպիսի աշխատանքներ, որտեղ շեշտված էր հայկական բառը “հայկական մրջյունների … “օրինակ և բացարձակապես կարևոր չէր թէ աշխատանքը գիտական է, թէ պոպուլիստական…. Ամեն ինչ նույնն է նաև հիմա….

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031