Լրահոս
Օրվա լրահոսը

Հնարամիտ բժիշկն ու մոլորված հիվանդները

Նոյեմբեր 21,2014 15:01

Կամ՝ հեռակայող բժիշկը

Վերջին երկու տարվա մեջ հազիվ էր գործընկերս ժամանակ գտել ուսին անակնկալ հայտնված «келоид»-ը բժշկին ցույց տալու համար, երբ պարզեցինք, որ Քանաքեռ-Զեյթուն թաղամասի 8-րդ պոլիկլինիկայի տարածքային մաշկաբան բժիշկ Վահրամ Ստեփանյանն աշխատում էր անհասկանալի ու անօրինակ գրաֆիկով: Նա պարզապես դեռատի բուժքրոջ օգնությամբ հեռակայում է՝ հեռախոսով, ավելին՝ վերջինիս անվերջ ստիպում է ստել ու խաբել հիվանդներին: Ժամը 11:30-ին բուժքույրը մեզ ասաց, որ բժիշկը հենց նոր դուրս եկավ ու կլինի մի կես ժամից: Քանի որ մեզանում, գուցեւ բոլոր պոլիկլինիկաներում, շատ անհաջող մշակված կարգ է գործում՝ անկախ նրանից, թե որ նեղ մասնագետի մոտ եք գնալու, հարկ է ներկայանալ թերապեւտին (բայց նա ընտանեկան բժիշկը չի) եւ միայն վերջինիս ուղեգրով ներկայանալ անհրաժեշտ մասնագետին: Սակայն միշտ չէ, որ ցանկալի մասնագետի ու թերապեւտի աշխատաժամերը կհամընկնեն:

Հաճախ հիվանդը մի հիվանդության համար մի քանի անգամ պետք է այցելի պոլիկլինիկա ու ժամերով սպասի, երբեմն էլ այս ճանապարհին՝ ցուրտ, չջեռուցվող միջանցքներում կրկնապատկելով հիվանդությունը: Թվում է՝ մեզանում ամեն ինչ հիվանդի համար միտումնավոր է բարդացված: Կարծում ենք՝ հարկ է վերանայել այս կարգը. այլ է հարցը, եթե հիվանդը չգիտի, թե որ մասնագետի մոտ է գնալու, իսկ եթե գիտի, ունի իր բուժող բժիշկը, ինչո՞ւ է նա լրացուցիչ սպասում թերապեւտի մոտ: Ինչեւէ: Այս իմաստով՝ մեր բախտը բերեց. մեր թերապեւտը, ով հաճախ ավելի վաղ է գալիս, նստում էր ժամը 12-ից: Ստացանք ուղեգիրը եւ նորից ներկայացանք բուժքրոջը:

5-1-2

Այս անգամ աղջիկն ասաց, թե բժիշկը եկավ ու հենց նոր դուրս եկավ, կլինի մի 40 րոպեից: Ճիշտ ու ճիշտ «Շան ու կատվի» պատմությունը… Չգիտեինք ի՞նչ անել: Միամտորեն կարելի էր հավատալ ստախոսին ու սպասել եւս 40 րոպե, մանավանդ՝ ամենքը չէ, որ հեռակայող բժշկի նման կարող է ամեն օր բացակայել իր գործատեղից: Անելիքը հուշեց բժշկի աշխատասենյակի դեպի բակ նայող մուտքի երկրորդ դռան կից ցուցանակը, որի վրա բժիշկը ձեռագիր փակցրել էր, թե կլինի 5 րոպեից եւ թողել բջջային 2 հեռախոսի համարները (կից նկարը), իսկ թուղթը, եթե չասեմ տարվա, ապա հաստատ ամիսների վաղեմություն ուներ:

Գլխի ընկանք, որ մեր բժիշկն անհաջող մանեւրում է ադմինիստրացիայից ու բարեհաջող գործ կպցնում հիվանդներից եւ առնվազն համատեղում է իր աշխատանքը: Երրորդ անգամ մտանք բուժքրոջ մոտ, այս անգամ փոքրիկ ստախոսն ասաց, որ բժիշկը չի լինի, տվեց քաղաքային հեռախոսահամարն ու հորդորեց նախապես զանգել, բժշկի հետ պայմանավորվել ու նոր այցելել նրան: Բժշկին սպասում էր մերթընդմերթ մեզ նման խաբվող եւս 2 հիվանդ՝ մի երիտասարդ տղամարդ ու մի տարեց կին, ով ժամանակավոր հեռացավ՝ իրեն ասած սպասման 1 ժամը մեռցնելու:

Կարող էինք բարձրանալ պոլիկլինիկայի ղեկավարության մոտ եւ պարզել իրողությունը, սակայն դրա ժամանակն էլ չունեինք, աճապարեցինք օնկոլոգիայի ինստիտուտ, ուր բոլորն աշխատանքային ժամերին տեղում էին, իրողությունը պարզից էլ պարզ էր: Ի դեպ, մտադիր չէի հրապարակել մեր ոդիսականը, խիղճս տանջեց հիվանդների ողորմելի վիճակը, եւ նման վայ-բժիշկներին շատ եմ ուզում ասել, որ հիվանդները եւս մարդիկ են, գործատեր ու հոգսաշատ, մի՛ ոտնահարեք մարդկանց իրավունքները, մի՛ բարդացրեք նրանց առանց այդ էլ գեհեն դարձած կյանքը, որ աշխատատեղ գտնելն այսօր դժվար է բոլորի համար, այդ թվում՝ նաեւ բժշկի, որ նմանների փոխարեն մի երիտասարդ բժիշկ աշխատանք կունենար՝ զբաղված կլիներ: Ի դեպ, զարմանալի էր, որ նախկինում երկհերթ աշխատող այս կաբինետում, ինչի մասին վկայում էր ցուցանակը, այսօր կես բժիշկ էլ չկար: Հետաքրքիր է, դեռ ինչքա՞ն պետք է հեռակայի բժիշկն ու ստի բուժքույրը: Խնդրի եւ բարձրացված հարցերի (թերապեւտին լրացուցիչ այցելելու) շուրջ ակնկալում ենք ՀՀ առողջապահության նախարարության պարզաբանումները:

ԳՈՀԱՐ ԱՐՇԱԿՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
20.11.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930